Վազգեն Մանուկյանի հույսը հեռուստաեթերն է

16/01/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի կենտրոնական շտաբում, որը տեղակայված է ԱԺՄ կուսակցության կենտրոնական գրասենյակում, դեռ աշխատանքային ակտիվ մթնոլորտ չկա: Պատճառը հավանաբար այն է, որ նախընտրական քարոզարշավը պաշտոնապես դեռ չի մեկնարկել: Ըստ Վ. Մանուկյանի շտաբի պետ, «Ազգային պետություն» կուսակցության նախագահ Սամվել Շահինյանի, սակայն, իրենց ներկայացուցիչները աշխատում են, «ինֆորմացիան փոխանցում են» եւ նախընտրական քարոզարշավի մեկնարկից՝ հունվարի 21-ից հետո ակտիվ կաշխատեն նաեւ տարածքային շտաբները: Շտաբի պետը գոհ է մինչ այսօր կատարված աշխատանքներից: «Զուտ տեխնիկական կարեւոր գործընթացներն արդեն իրականացրել ենք»,- ասում է պարոն Շահինյանը: Վ. Մանուկյանի նախընտրական ծրագիրն այս շաբաթվա վերջում արդեն տպագրված կլինի եւ կբաժանվի ընտրողներին: Երեւանում ստեղծվելու են երեք հիմնական շտաբներ՝ կենտրոնականը, որը, ինչպես նշեցինք, ԱԺՄ կուսակցության գրասենյակում է, քաղաքային շտաբը լինելու է ՍԻՄ կուսակցության շենքում, իսկ Կենտրոն համայնքի շտաբը կլինի Արշակ Սադոյանի ԱԺԴ կուսակցության գրասենյակում: Նախատեսվում է Երեւանում ստեղծել եւս 7 շտաբ: Վ. Մանուկյանի նախընտրական շտաբներ կլինեն նաեւ ՀՀ բոլոր մարզերում: Ս. Շահինյանի խոսքով` նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ ամբողջ տարածքում կունենան մոտ 41 շտաբ: «Շտաբները հիմնականում ստեղծված են, բայց դեռ աշխատանքի մեջ չեն: Մենք արդեն պետերից տեղեկություններ ստանում ենք, բայց շտաբների աշխատանքը դեռ չենք խրախուսում»,- ասում է Ս. Շահինյանը: Վ.Մանուկյանի շտաբի պետը չի խրախուսում նաեւ ընտրողների հետ ակտիվ հանդիպումները: Հանդիպումներ, իհարկե, կլինեն, սակայն քարոզարշավի ժամանակ իրենց թեկնածուի խոսքը ընտրողներին կհասցնեն հիմնականում զանգվածային լրատվամիջոցներով: «Ընտրողների հետ հանդիպելու խնդիրը կարող է մյուս թեկնածուներից ոմանք ունեն, ովքեր քիչ են շփվել ժողովրդի հետ: Վազգենին նո՞ր են ճանաչում: Ամենաակտիվ հանդիպումների դեպքում մենք կարող ենք ընտրազանգվածի ընդամենը 1-2 տոկոսին հասցնել մեր խոսքը: Միակ տարբերակը հեռուստատեսությունն է, մենք հիմա ճանապարհ ենք փնտրում մեր խոսքը տեղ հասցնել զանգվածային լրատվամիջոցներով: Այս դեպքում էլ հեռուստատեսությունների հնարավորություններն են սուղ: Մենք մտածում ենք նաեւ մեր թեկնածուի խոսքը սկավառակների միջոցով տարածել»,- ասում է Ս. Շահինյանը:

Սկավառակների միջոցով խոսքը ժողովրդին հասցնելու տարբերակը Հայաստանում նորամուծություն է, որն առաջին անգամ 2007 թվականից սկսեցին կիրառել Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները: Սակայն Ս. Շահինյանն այս մտքի հետ համաձայն չէ: Վ. Մանուկյանն օգտվելու է հեռուստատեսությունների անվճար եթերաժամից, քննարկվում է նաեւ «սոսկալի թանկ» վճարովի եթերից օգտվելու տարբերակը: ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ նախագահի թեկնածուն իրավունք ունի օգտվել Հանրային հեռուստատեսության 60 անվճար, 120 վճարովի րոպե եթերաժամից: Ըստ Ս. Շահինյանի` սա բավականին կարճ ժամանակ է իրենց թեկնածուի խոսքն ընտրողներին հասցնելու համար այն դեպքում, երբ իշխանության թեկնածուները դրա համար տասնապատիկ անգամ ավելի շատ հնարավորություն ունեն: Իսկ ընդհանրապես, ըստ Ս. Շահինյանի, նախագահի թեկնածուի ծախսերի համար սահմանված 70 մլն դրամը շատ քիչ է եթերաժամերի, տպագրության, վառելանյութի ծախսերի եւ շտաբների աշխատակիցներին վճարելու համար: Վ. Մանուկյանի շտաբը պատրաստ է շատ ավելին ծախսել, քան օրենքով է սահմանված, սակայն դրա իրավունքը չունի: Իսկ որտեղի՞ց այդքան գումար: «Հասարակությունը մեզ սիրում է: Հրաշալի մի ժողովուրդ ունենք, որը միշտ ձեռք է մեկնում իր բարեկամներին: Բացի այդ, կամավորության սկզբունքով մեզ մոտ անվճար աշխատողները շատ են»,- ասում է նա:

Իսկ ի՞նչ են ուզում հայտնել ընտրողներին Վ. Մանուկյանի շտաբից: «Կա մի թեկնածու՝ Վազգեն Մանուկյանը, որը որեւէ առնչություն չունի այսօրվա օլիգարխիկ կառույցների հետ, եւ կան մյուսները: Մյուս բոլոր թեկնածուները սերտաճած են այսօրվա տնտեսական եւ պետական կառույցներին: Տնտեսական կառույցները համագործակցելով պետության հետ՝ այն աստիճանով են սերտաճել, որ անհնարին է պետական համակարգում հովանավոր չունենալով՝ մեծ բիզնեսի տեր լինել: Այնպես որ, ցանկացած թեկնածուի ընտրվելու դեպքում տնտեսության վերաբաշխում է տեղի ունենալու: Եվ մենք նորից ունենալու ենք պետություն, որտեղ իշխելու են մի քանի հարուստներ եւ նրանց ենթակա վարչակազմը: Մենք պետք է հաղթահարենք այս վտանգավոր գործընթացը եւ գնանք ժողովրդավարացման ուղիով: Որովհետեւ եթե այդ թեկնածուներից որեւէ մեկը դառնա նախագահ, դա նշանակում է, որ դրանցից եւ ոչ մեկը չի տեղափոխվելու իրավական, հարկային դաշտ: Նրանք գալիս են իշխանության, որ իրենց թիմը դարձնեն օլիգարխ: Իսկ Վ. Մանուկյանն ուզում է այս պետությունը տանել այն ուղիով, որով մենք կդառնանք ընդունելի միջազգային չափանիշներով»,- ասում է Ս. Շահինյանը: Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ Վ. Մանուկյանի նախագահ ընտրվելու դեպքում նրա համախոհները, թեկուզ ինքը՝ Ս. Շահինյանը ցանկություն չեն ունենա դառնալ օլիգարխ եւ սեփականացնել տնտեսության ինչ-որ ոլորտներ: «Ես մինչեւ անկախության հասնելն ունեցել եմ միլիոններ, արդեն 1988թ.ես Մոսկվա եմ գնացել՝ ունենալով 4 մլն դոլար, որպեսզի զենք առնեմ: Ես Խորհրդային Միության պայմաններում արտադրություն եմ ունեցել: Այսօրվա Հայաստանում իրականացվող տնտեսական եւ առեւտրային գործառույթները իմ համար չեն: Ես կարող եմ աշխատել միայն օրինական դաշտում»,- ասում է նա:

Վ. Մանուկյանը երեք անգամ առաջադրվել է նախագահի թեկնածու եւ ձախողվել է: Իր թիմակիցները տեղյա՞կ են արդյոք, թե ի՞նչ հնարավորություն նա ունի այս ընտրություններում: «Անկախ ամեն ինչից՝ Վ. Մանուկյանը դառնալու է նախագահ, վստահ եմ ասում սա, որովհետեւ, Աստված մի արասցե, ձայները կեղծվեն, կործանվելու է երկիրը: Որովհետեւ ժողովրդավարությունից բացի՝ մեր երկիրն այլ ճանապարհ չունի: Իսկ այդ ուղին բռնելու համար այսօր միակ ճանապարհը Վ. Մանուկյանն է: Ժամանակի մեջ կամ ընտրապայքարի վերջում բոլոր դեպքերում Վ. Մանուկյանի գաղափարախոսությունը հաղթելու է: Երկու դեպքերում էլ մենք հաղթած ենք»,- ասում է Ս. Շահինյանը: Իսկ եթե այնուամենայնիվ այս անգամ էլ ԱԺՄ նախագահը չդառնա նախագահ, ո՞րն է լինելու նրա եւ իր համախոհների հետագա քայլը: «Հավանաբար համախոհներով կստեղծենք մի կուսակցություն, եթե համաձայնության գանք: Պայքարելու ենք ժողովրդավարական պետություն ստեղծելու համար: Վերջին 4 տարում մենք խոսում ենք կեղծիքների մասին եւ համոզված ենք, որ կեղծել են: Կեղծիքները կատարվել են ընտրատեղամասերում, ճի՞շտ է, եւ կենտրոնում: Ամեն անգամ 100-150 հազար մարդ է մասնակցել այդ կեղծիքներին: Որեւէ մեկը պատասխանատվության ենթարկվե՞լ է: Ժողովուրդն ընդունել է այդ ամենը: Եթե այս անգամ էլ այդ խաղը կրկնվի, ուրեմն մենք ապագա չունեցող ժողովուրդ ենք: Մենք ինչպես կարող ենք այլ միջոցառում իրականացնել, բացի նրանից, ինչ-որ ժողովուրդն է ուզում: Ինչպես ժողովուրդն ուզի` այդպես է լինելու»:

1996-ի արդյունքները չե՞ն կեղծվել

ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը հունվարի 11-ին հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ հարգում է Վազգեն Մանուկյանի այն համոզմունքը եւ կարծիքը, թե 1996թ. ընտրությունների ժամանակ նա ընտրվել է նախագահ: «Սակայն քաղաքականությունը կարծիք չէ, համոզմունք չէ, քաղաքականությունն իրավական պրոցես է եւ կապված է պետության հետ,- ասել է Լ.Տեր-Պետրոսյանը:- Վ. Մանուկյանը 1996թ. ընտրություններից հետո դիմել է ՍԴ եւ ներկայացրել է 1000-ից ավելի արձանագրություններ: Իմ մրցակիցը որեւէ ապացույց չի կարողացել բերել, որ ընտրությունները կեղծված են, ավելին, իմ մրցակցի ներկայացրած թվերի հիման վրա իմ քվեները 0,25 տոկոսով ավելացել են»: Հակադարձելով Լ.Տեր-Պետրոսյանի այս հայտարարությանը՝ ԱԺՄ նախագահ Վ. Մանուկյանը երեկ այսպես պատասխանեց. «Փաստորեն, Լ.Տեր-Պետրոսյանը հաստատեց, որ 1996թ. ընտրություններն արդար են եղել, այսինքն՝ կարելի է ասել, որ նույն տրամաբանությամբ արդար են եղել նաեւ 1998, 2003 եւ 2007 թվականների ընտրությունները»: Ի դեպ, այս առիթով մենք վերանայեցինք 1995 եւ 1996թթ. Մարդու իրավունքների զեկույցները: Հիշեցնենք, որ 1995թ. այդ զեկույցում ՀՀ քաղաքական իրավիճակի, խորհրդարանական ընտրությունների եւ իշխանությունների գործունեության մասին գրվել է. «Հայաստանի իշխանությունները ակնհայտորեն խախտել են ժողովրդավարության հաստատման վերաբերյալ իրենց պարտավորությունները` 1995թ. դարձնելով մարդու իրավունքների տեսանկյունից վատագույն տարին անկախությունից ի վեր»: 1996թ. զեկույցում ՀՀ նախագահական ընտրություններին տրված գնահատականը հետեւյալն է եղել. «1996թ. սեպտեմբերին քաղաքական ընդդիմության նկատմամբ իշխանությունների գործողությունները ստվեր գցեցին մարդու իրավունքների վրա»: Զեկույցում ծավալուն անդրադարձ էր կատարվել Լ. Տեր-Պետրոսյան-Վ. Մանուկյան ընտրապայքարին, Տեր-Պետրոսյանի օգտին կատարված ընտրակեղծիքներին, ԱԺ շենքի դարպասների մոտ բողոքի ցույցին, բողոքարարների նկատմամբ իշխանությունների հրահանգով Ոստիկանության կիրառած բռնություններին, ձերբակալություններին, կուսակցությունների գրասենյակների փակման դեպքերին, ինչպես նաեւ հիշատակել էին Վազգեն Սարգսյանի հայտնի խոսքը. «Ընդդիմության այս բախումները հաստատեցին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի սեպտեմբերի 25-ի այն նախազգուշացումը, որ իրադարձություններից հետո (սեպտեմբերի 25-ի) նույնիսկ եթե նրանք (Վ. Մանուկյանի կողմնակիցները.- Ա.Ա.) ունենան ընտրողների ձայների 100% ձայները, ոչ բանակը, ոչ ազգային անվտանգությունը, եւ ոչ էլ Ներքին գործերի նախարարությունը չեն ճանաչի այդ քաղաքական առաջնորդին»: Իսկ ահա 1996թ. ՀՀ նախագահի ընտրությունների առիթով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եզրակացությունը` վկայակոչելով թվային անհամապատասխանությունները եւ խախտումների դեպքերը, կասկածի տակ է առել ընտրության հանդեպ վստահության ամբողջ գործընթացը եւ պաշտոնական արդյունքը: