Թեեւ ՀՀ նախագահի ընտրությանը մնացել է ընդամենը 35 օր, այս շաբաթ կավարտվի թեկնածուների գրանցումն ու պաշտոնապես կսկսվի քարոզարշավը, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունը դեռեւս չի որոշել, թե ի՞նչ դիրքորոշում է որդեգրելու առաջիկա ընտրություններում:
Անգամ որոշված չէ, թե ե՞րբ են որոշելու: Ր. Հովհաննիսյանն այս օրերին հանրապետությունում չէ: Օրեր առաջ ակնկալվում էր, որ նա կվերադառնա հունվարի 15-ին, եւ միայն դրանից հետո կուսակցությունը կորոշի, թե թեկնածուներից ո՞ւմ է սատարելու առաջիկա ընտրություններում: Սակայն ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը երեկ տեղեկացրել է, որ պրն Հովհաննիսյանը դասախոսությունների շարքով է հանդես գալիս ԱՄՆ-ի ու Եվրոպայի մի շարք համալսարաններում, եւ Հայաստան կվերադառնա մոտավորապես հունվարի 20-ին: Սա նշանակում է, որ առնվազն մինչեւ հունվարի 20-ը հանրության համար «Ժառանգության» դիրքորոշումն անհայտ է մնալու: Ինչպես հիշում եք, թեկնածուներից մեկին սատարելու հարցում կողմնորոշվելու համար «Ժառանգությունն» ուրույն տարբերակ էր ընտրել՝ մոտ երկու տասնյակ հարցեր ուղղելով նախագահի բոլոր թեկնածուներին: Երեկ մենք կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից հետաքրքրվեցինք, թե նախագահի թեկնածուներից որեւէ մեկը պաշտոնապես պատասխանե՞լ է առաջադրված հարցերին: Պարզվեց՝ դեռեւս պատասխաններ չկան, սակայն մի քանի թեկնածուներ, մասնավորապես ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ինչ-որ կերպ արձագանքել են: Իսկ եթե թեկնածուները պաշտոնապես չեն պատասխանել «Ժառանգության» հարցերին, այդ դեպքում կուսակցությունում ինչպե՞ս են կողմնորոշվելու, թե ում սատարեն: Մեր այս հարցին ի պատասխան՝ պրն Խուրշուդյանը հույս հայտնեց, որ պատասխաններ գուցե դեռ կլինեն. դեռեւս ժամանակ կա: Մեր զրուցակցից փորձեցինք պարզել, թե «Ժառանգության» շարքերում ի՞նչ տրամադրություններ են, համակրանքը ո՞ր թեկնածուի կողմն է: Կուսակցության մամուլի խոսնակը վստահեցրեց, որ իրենց շարքերն ու համակիրների համակրանքը «բազմավեկտոր է», եւ որեւէ կոնկրետ թեկնածուի կողմնակիցներն այդպես ընդգծված շերտ չեն կազմում: «Մեծ մասն էլ հիմնականում դեռ չեն որոշել եւ սպասում են կուսակցության որոշմանը»,- նշեց նա: Իսկ այս պահին գոնե հստա՞կ է, թե որ թեկնածուին սատարելն է բացառվում: Հ. Խուրշուդյանն այս հարցին պատասխանելուց առաջ նշեց, որ հայտնում է իր անձնական կարծիքը, ոչ թե կուսակցության վարչության: «Իմ պատկերացմամբ, իմ կարծիքով, իշխանական թեկնածուին աջակցությունը քիչ հավանական է»,- գտնում է նա: Փորձեցինք ճշտել՝ նախագահի ՀՅԴ-ական թեկնածուին իշխանական թեկնածու համարո՞ւմ են, թե՞՝ ոչ: Ըստ Հ. Խուրշուդյանի, ինչպես հայտարարել է ՀՅԴ-ն, իրենք «դիստանցավորվել են» իշխանությունից, եւ այդ առումով լիակատար իշխանություն չեն, թեեւ ունեն նախարարական մի քանի պորտֆելներ: Այսինքն՝ Վ. Հովհաննիսյանին սատարելը չի՞ բացառվում: Մեր այս մի հարցին էլ Հ. Խուրշուդյանն այսպես պատասխանեց. «Ես չէի ուզենա կանխատեսել վարչության որոշումը կամ նման հայտարարություն անել, այնպես որ՝ այո»: Հիշեցնենք սակայն, որ այս հարցում եւս «Ժառանգությունում» կարծեք թե միակարծիք չեն: Օրերս ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն «Առավոտ» թերթին փոխանցել էր, որ բացառվում է, որ իրենց կուսակցությունը սատարի Սերժ Սարգսյանին: Նա նշել էր, թե իրենք չեն սատարի նաեւ ՀՅԴ-ի թեկնածուին, որովհետեւ ՀՅԴ-ն եւս իշխանական ուժ է: Ի դեպ, պրն Սաֆարյանը քիչ հավանական էր համարել նաեւ ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանի թեկնածությունը սատարելը, դա բացատրելով նրանով, որ Մանուկյանի՝ նախագահ դառնալու շանսերը շատ քիչ են: