2008-ին կերեւա

16/01/2008

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ համաշխարհային հանրությունն անտարբեր է ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրի նկատմամբ: «Ղարաբաղյան հակամարտությունը մեզ շատ է անհանգստացնում: Մենք ջանում ենք խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց տեսնում ենք, որ առայժմ հնարավոր չէ դրան հասնել: Եվ պատճառը Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշումն էր հարցի նկատմամբ համաշխարհային հանրակցության անտարբերությունը»,- ասել է Ալիեւը՝ կառավարության ընդլայնված նիստում, որը նվիրված է եղել 2007 թվականի արդյունքներին եւ ընթացիկ տարվա ծրագրերին: «Մինչ այժմ արդյունքներ չենք տեսնում: Եվ կարող եմ ասել, որ այդ տեսանկյունից 2008 թվականը պետք է վճռորոշ լինի: 2008 թվականին մենք արդեն պարզորոշ կտեսնենք՝ որտեղ ենք մենք, հնարավո՞ր է արդյոք ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծումը եւ, իհարկե, դրանից հետո կընդունենք մեր որոշումները»,- ասել է Ադրբեջանի նախագահը: Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Լեռնային Ղարաբաղի անկախությունը քննարկումների առարկա չեն բանակցային գործընթացի շրջանակներում: «Ադրբեջանը երբեք չի քննարկել իր տարածքային ամբողջականությունը եւ չի քննարկի: Ոչ միայն 10-15 տարի, այլ հարյուր տարի անց էլ ԼՂ անկախությունը կամ որեւէ ձեւով ապագա անկախությունը բանակցությունների առարկա չէ ու չի եղել»,- ասել է Ալիեւը: