Եթե կազմենք ամանորյա խնջույքների ժամանակ ամենից շատ խոսակցության առարկա դարձած թեմաների հիթ-շքերթ, ապա անկասկած առաջին տեղերում կլինեն առաջիկա նախագահական ընտրությունները, հեռուստաընկերությունների ամանորյա հաղորդումներն ու ապրանքների գները։
Նախագահական ընտրությունների մասին քննարկումը սովորաբար վերածվում էր թեժ բանավեճի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող եւ քննադատող մարդկանց միջեւ։ Որպես կանոն, սեղանին միշտ ներկա էր լինում մեկը, որը թույլ չէր տալիս, որ բանավեճը վերածվի վեճի՝ ասելով՝ դե լավ, Նոր տարի է, ավելի ուրախ բաներից խոսենք։ Քանի որ նախագահական ընտրությունների մասին դեռ շատ է խոսվելու, այս անգամ մենք այդ մասին ոչինչ չենք ասի։ Ոչինչ չենք ասի նաեւ ամանորյա հեռուստահաղորդումների մասին։ Միայն կնշենք, որ սպասելիքներն արդարացան։ Իսկ սպասելիքն այն էր, որ ոչ մի յուրօրինակ բան էլ չէինք սպասում։ Բացառությամբ նայելու արժանի մեկ-երկու հաղորդումների, հայկական եթերը լցված էր սեփական աշխատակազմի քեֆերի մասին պատմող ռեպորտաժներով, որոնք գրեթե ոչնչով չէին տարբերվում «հարսանիքի կասետ»-ներից։ Ավելի լավ է խոսենք գների մասին։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում, ի տարբերություն նորմալ երկրների, ամանորյա զեղչերի փոխարեն Ձմեռ պապին բերում է ամանորյա թանկացումներ։ Գները՝ մանավանդ սննդամթերքի, թանկանում են հատկապես դեկտեմբերի 29-ից հետո։ Սակայն դա չի խանգարել, որ Ազգային վիճակագրական ծառայությունը դեկտեմբերի 28-ին (դեռ ամիսը չավարտված) հրապարակի 2007թ. հունվար-դեկտեմբեր ամիսների սպառողական գների ինդեքսը՝ գնաճը։ Իսկ ինչո՞վ են կարեւոր դեկտեմբերի վերջին մի քանի օրերը՝ գնաճի հաշվարկման առումով։ Բոլորին է ծանոթ այն տրյուկը, երբ, ասենք, 3000 դրամով վաճառվող անանասը ամանորից 2-3 օր առաջ հանկարծ անհետանում է գրեթե բոլոր վաճառակետերից, ու մեկ օր անց հայտնվում՝ արդեն կրկնակի թանկ գնով։ Նույնը տեղի է ունենում շատ այլ ապրանքատեսակների հետ՝ մրգեր, կանաչեղեն, խոզի միս եւ այլն։ Փաստորեն, այս «ծյունինգ» եղած գները չեն կարող հաշվի առնված լինել դեկտեմբերի 28-ին հրապարակված զեկույցի մեջ։ Օրինակ, կարող եք կարդալ, որ 2007թ. նոյեմբերի համեմատ դեկտեմբերին մսամթերքը թանկացել է ընդամենը 0.1%-ով, իսկ, մասնավորապես, խոզի միսը՝ 0.8%-ով։ Այս ինֆորմացիան ծիծաղելի կթվա ցանկացած մարդու համար, ով փորձել է խոզի միս գնել դեկտեմբերի վերջին օրերին։ Այս ամենն առաջին հերթին պետք է հետաքրքրի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, որը զգուշացրել էր տնտեսվարողներին, որ գների չհիմնավորված բարձրացում տեղի չունենա, եւ մոնիտորինգ է սահմանվել՝ 2007թ. դեկտեմբերի 15-ից մինչեւ 2008թ. հունվարի 15-ը։ Արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ։ Ինչեւէ, անգամ առանց վերը նշված «մեղմացուցիչ բացթողումների» էլ պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ ունեցել ենք բավական տպավորիչ գնաճ։ Այսպես, 2006թ. դեկտեմբերի համեմատ, 2007թ. դեկտեմբերին գներն աճել են 6.6%-ով։ Հիշեցման կարգով նշենք, որ 2007թ. բյուջեով նախատեսված գնաճը չպետք է գերազանցեր 5.5%-ը (2007թ. Պետական բյուջեի մասին օրենքով՝ ՀՀ Կենտրոնական բանկը պարտավոր էր ապահովել 4 (1.5 տոկոսանոց գնաճ)։ Նշենք նաեւ, որ 1998թ.-ից ի վեր այս ցուցանիշն իր մեծությամբ զիջում է միայն 2003-ին արձանագրված 8.6%-անոց գնաճին։ 2006թ. գնաճը կազմել է 5.2%, իսկ 2005թ. անգամ արձանագրվել էր 0.2%-ի գնանկում։ Հետաքրքիրն այն է, որ տարվա ընթացքում շարունակական բնույթ կրող գնաճին զուգահեռ՝ տեղի է ունեցել դրամի արժեւորում. 2007թ. հունվարի սկզբին մեկ դոլարն արժեր 365 դրամ, իսկ տարեվերջին փոխարժեքը տատանվում էր 305 դրամի սահմաններում։ Սա նշանակում է, որ երկար ժամանակ քարոզվող «կամ փոխարժեք, կամ գնաճ» երկընտրանքը վերացել է. մենք այժմ ունենք եւ՛ դրամի արժեւորում, եւ՛ բարձր գնաճ։ Ի դեպ, դրամի արժեւորումն էլ տարեվերջին ընթացավ մի քանի հետաքրքիր նրբերանգներով։ Նոյեմբերին անհասկանալի պատճառներով դոլարի գինը 325 դրամից նվազեց՝ հասնելով 305-ի։ Սա հիմնավորելու համար շրջանառության մեջ դրվեց մի բացատրություն՝ ինչ-ինչ մութ նպատակներով Հայաստան է մուտք գործել մեծ քանակությամբ արտարժույթ։ Իսկ ամանորյա տոներին նախորդող ժամանակահատվածում (դեկտեմբերի կեսերից սկսած), երբ մարդիկ արտարժույթը վեր են ածում դրամի՝ խոզի բուդ եւ այլ ատրիբուտներ գնելու համար, դոլարը չարժեզրկվեց։ Անգամ մի քանի դրամով թանկացավ։ Մնում է ենթադրել, որ նույնատիպ «մութ» նպատակներով արտարժույթը Հայաստանից գնաց այնտեղ, որտեղից եկել էր։