Հունվարի 7-ին «Աերոֆլոտ» ավիաընկերության Մոսկվա-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռի մեջ թռիչքի ժամանակ մահացել էր Վեդի քաղաքի բնակիչ Ռեւիկ Գրիգորյանը: Ավիաընկերությունից եւ «Զվարթնոց» օդանավակայանից այս միջադեպի կապակցությամբ լրատվամիջոցներին միայն հայտնել էին, որ նշված օդանավը վայրէջք է կատարել Վոլգոգրադ քաղաքում, որտեղ 9 ժամ մնալուց հետո ժամանել է Երեւան: Այլ մանրամասներ չէին հաղորդվել: Թերեւս այն պատճառով, որ նախ՝ երիտասարդ տղայի ողբերգական մահվանից հետո` նաեւ «Աերոֆլոտի» պատճառով ինքնաթիռի ուղեւորները հոգեկան խորը ապրումների մեջ են հայտնվել, քանի որ 9 ժամ շարունակ մահացածի դին մնացել է օդանավում` ուղեւորների հետ նույն տարածքում: Ավիաընկերության ներկայացուցիչներն այդ վիճակը թույլ չտալու համար որեւէ քայլ չեն ձեռնարկել: Իսկ տարածաշրջանի «ամենաարդիական» «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները որեւէ տեղեկություն չեն հաղորդել նշված ինքնաթիռի ուղեւորների հարազատներին, որոնցից յուրաքանչյուրը` իմանալով, որ օդանավում մարդ է մահացել, մտածել է, թե դա կարող է լինել իր հարազատը: Անկասկած, ցանկացած նորմալ երկրում նման իրավիճակի համար ուղեւորներն ու նրանց հարազատները դատի կտային ավիաընկերությանն ու օդանավակայանին եւ որպես բարոյական վնասի փոխհատուցում` հսկայական գումարներ կստանային: Սակայն խոսքը Հայաստանի մասին է, որը ոչ թե նորմալ երկիր է, այլ՝ «կազմակերպված պետություն»:
Համաձայն «Աերոֆլոտ» ընկերության տրամադրած տեղեկատվության` Վեդի քաղաքի բնակիչ Ռեւիկ Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել էր, ինչի պատճառով օդանավը հարկադրված վայրէջք էր կատարել Վոլգոգրադում, սակայն երիտասարդ ուղեւորի կյանքն, այնուամենայնիվ, չէր հաջողվել փրկել:
Նման, մեղմ ասած` «կոռեկտ» տեղեկատվության ետեւում իրականում մի մեծ ողբերգություն է թաքնված, ինչի պատճառով օդանավի մոտ 55 ուղեւորներ մինչ օրս ծանր ապրումներից, շոկից դուրս չեն եկել: ԱՄՆ-Մոսկվա-Երեւան տրանզիտ չվերթով Մոսկվայից Երեւան ուղեւորվող մի կին, ով խնդրեց իր անունը չհրապարակել, մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչ մղձավանջային ժամեր են ապրել «Ա 319» աերոբուսով ուղեւորվելու ընթացքում: Ամենաուշագրավն այն է, որ հայկական կողմը` համապատասխան գերատեսչությունները դեպքից հետո չփորձեցին այս պատմությանը հետամուտ լինել եւ պաշտպանել ՀՀ քաղաքացիների տարրական իրավունքները: «Թռիչքը 24:00-ին էր: Մոսկվայում օդանավ բարձրանալու ժամանակ նկատեցինք, որ մի երիտասարդ ուղեւոր իրեն վատ է զգում: Մի տղայի հետ էր, հավանաբար հորաքրոջ տղան էր: Սկզբում մտածեցի՝ հարբած է, բայց այնքան վատ էր զգում, որ ճոճվելով էր շարժվում: Հետո եկան օդանավակայանի բուժքույրերը, թղթեր-մղթեր նայեցին: Որոշ ժամանակ հետո տղային սայլակով բերեցին, նստացրին ինքնաթիռ: Երեւում էր, որ իրեն շատ վատ է զգում, մի քիչ պառկեց: 1 ժամ անց` թռիչքի ընթացքում, ուզում էր զուգարան գնալ, հորաքրոջ տղան ուղեկցեց իրեն: Պարզվեց՝ ճնշումը շատ է բարձրացել»,- պատմում է նույն օդանավի ուղեւոր տիկինը, ով դեպքից օրեր անց էլ դժվարությամբ էր կարողանում նկարագրել իր աչքով տեսածը. այն, թե ինչպես է որոշ ժամանակ անց ուղեւորների աչքի առաջ երիտասարդն ընկել գետնին եւ «թպրտալով» մահացել: Այդ ընթացքում, բնական է, ուղեւորները սարսափից սթրեսային վիճակում են հայտնվել եւ սկսել են տղային արհեստական շնչառություն տալ, սակայն անօգուտ: Օդանավը հարկադրված վայրէջք է կատարել Վոլգոգրադում: Մեր զրուցակից տիկնոջ խոսքերով, Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանի ադմինիստրացիան իրականում իրավունք չի ունեցել նման հիվանդություն ունեցող մարդուն (ինչը արձանագրված է եղել երիտասարդի բժշկական փաստաթղթերում) օդանավ բարձրանալու թույլտվություն տալ: «Ասում էին՝ թոքային կամ լյարդի հիվանդ է եղել: Պատկերացրե՛ք, եթե նա թոքային հիվանդ էր, չէ՞ որ դա չիմանալով` օդանավի ուղեւորներից շատերը նրան արհեստական շնչառություն էին տալիս: Բացի այդ, մինչ օդանավ նստելն անզեն աչքով էլ երեւում էր, որ նա վատ վիճակում է, մինչդեռ նրան նստացրին սայլակը ու ճանապարհեցին դեպի ինքնաթիռ»,- պատմում է միջադեպին ականատես կինը: Վոլգոգրադում վայրէջք կատարելուց հետո էլ ուղեւորների հետ վարվել են անմարդկային ձեւով: «Գալիս, նայում էին մահացած տղային ու գնում էին: Հետո վերարկուն քաշեցին վրան, բայց ուղեւորներին ոչ մի ինֆորմացիա չէին տալիս, թե ի՞նչ է մեզ սպասվում: Դիակն ինքնաթիռում` մեզ գրեթե 9 ժամ պահեցին Վոլգոգրադում, այն էլ` փակ պայմաններում: Բոլորս սթրեսային վիճակում էինք, ինքնաթիռում նաեւ երեխաներ կային, ու այդ պայմաններում՝ 9 ժամ դիակի հետ, փակ տարածքում… Պատկերացնո՞ւմ եք: Ոտքերս այտուցված, սառչած, սոված, շոկային իրավիճակ էր: Ռուս ուղեկցորդուհիներն էլ փոխանակ հանգստացնեին` շատ արհամարհական եւ վիրավորական վերաբերմունք էին ցուցաբերում ուղեւորների նկատմամբ»,- պատմում է մեր զրուցակիցն` ասելով, որ այդ ընթացքում օդանավ են մուտք գործել քննչական մարմինների եւ մաքսատան աշխատակիցները, սակայն նրանցից ոչ մեկը չի փորձել ուղեւորներից տեղեկատվություն ստանալ: Ըստ մեր զրուցակցի, Վոլգոգրադում օդանավ մուտք գործած քննչական մարմինների ներկայացուցիչների մոտ նույնիսկ վարկած է շրջանառվել, թե երիտասարդին սպանել են օդանավում: «Կարծես ամեն մեկն ուզում էր իր պատասխանատվությունից խուսափել: Մենք առաջարկեցինք ստորագրահավաք անել` վկայելու համար, որ նրա ինքնազգացողությունը վատ է եղել, եւ մեր աչքի առաջ է մահացել, սակայն մեզ ոչ ոք բանի տեղ չդրեց: Մեզ անգամ ջուր չէին տալիս: Մենք ամբողջ 9 ժամ սպասում էինք, որ կվերցնեն միկրոֆոնն ու կհայտարարեն, որ հիմա այսինչ պրոցեսն է ընթանում, կամ մենք այսինչ որոշումն ենք կայացրել: Օդանավի ադմինիստրացիան հեռացել էր, միայն երկու ուղեկցորդուհիներն էին մնացել մեզ հետ… 9 ժամ, փակ պայմաններում, դիակի կողքին, առանց որեւէ աջակցության կամ օգնության, իսկական սարսափ էր»,- վկայում է տիկինն` ասելով, որ ուղեւորների բոլոր հարցերին ի պատասխան՝ ուղեկցորդուհիները հայտարարել են, թե իրենք ոչինչ չգիտեն: Մահացած երիտասարդի դիակն անգամ չեն մեկուսացրել ուղեւորների տեսադաշտից: «Էլ չեմ ասում, որ, եթե նա թոքային հիվանդ էր, ապա նրա հետ նստարանին ժամը 12-ից մինչեւ առավոտյան ժամը 9-ը նստելը հակահիգիենիկ էր ու անմարդկային: Ժողովուրդը ողբում էր, շատ դաժան էր, բավական չէր այն, որ երիտասարդ տղան աչքիդ առաջ մահացավ, դեռ 9 ժամ էլ նրա դիակը կողքիդ է, աչքիդ առջեւ»,- ասում է ականատեսը: Վոլգոգրադում երիտասարդի դիակն, այնուամենայնիվ, օդանավից դուրս բերելուց հետ նոր միայն ինքնաթիռը թռիչք է կատարել դեպի «Զվարթնոց» օդանավակայան: Ուղեւորների համար, սակայն, անհասկանալի է եղել այն հանգամանքը, որ 9 ժամ երիտասարդի մարմինն օդանավում պահելուց հետո, այնուամենայնիվ, ինչո՞ւ են տեղափոխել Վոլգոգրադի դիահերձարան, այլ ոչ թե Հայաստան: Իսկ «Զվարթնոց» օդանավակայանում այս չարաբաստիկ օդանավի ուղեւորներին անգամ հոգեբանական աջակցություն չեն ցուցաբերել եւ պաշտոնապես որեւէ պարզաբանում չեն ներկայացրել: Մեր զրուցակից տիկինը արդեն 20 տարի ապրում է ԱՄՆ-ում: Հայաստան ճամփորդելու ժամանակ կատարվածը նրա առողջության վրա մեծ հետք է թողել. մինչ օրս բուժում է ստանում:
Մեզ հաջողվեց նաեւ զրուցել «Ա 319» աերոբուսի ուղեւորներից մեկի հարազատի հետ, ով հունվարի 7-ի լույս գիշերը գնացել է «Զվարթնոց» օդանավակայան` Մոսկվա-Երեւան չվերթով եկող հարազատին դիմավորելու: «Մեզ «Զվարթնոց» օդանավակայանում ասացին, թե ինքնաթիռը վայրէջք կկատարի 3-ն անց 5 րոպեին: Այդ ամբողջ ընթացքում որեւէ տեղեկատվություն չէին տալիս, թե ինչո՞ւ է ինքնաթիռն ուշանում: «Զվարթնոցում» սպասող բոլոր մարդիկ խուճապի մեջ էին, ստույգ տեղեկություն ոչ ոք չէր տալիս, բոլորը սարսափած էին: Պարբերաբար հայտարարում էին, թե` ինքնաթիռը կիջնի 30 րոպեից, հետո էլ, թե` 40, հետո` 1 ժամից, բայց չգիտեինք, թե ի՞նչ ողբերգություն է կատարվել, ու մեր հարազատներն ինչի՞ միջով են անցել»,- պատմում է մեր մյուս զրուցակիցը: Կեսգիշերին «Զվարթնոցում» սպասողներից մեկի բջջային հեռախոսին զանգահարել է Վոլգոգրադում կայանած ուղեւորներից մեկն ու տեղեկացրել, որ օդանավում մարդ է մահացել, դրա համար էլ թռիչքը ձգձգվում է: «Պատկերացրե՛ք, թե «Զվարթնոցում» սպասող մարդիկ ի՞նչ վիճակում հայտնվեցին, բոլորը կարծում էին, թե իրենց հարազատն է: Ահավոր վիճակ էր, լուսադեմին՝ ժամը 3-ին պիտի իջնեին, բայց ժամը 7-ը, 8-ն էր` չկային… Մեկն ուշաթափվում էր, մյուսի նյարդերը չէին դիմանում… Մարդ կար, որի հարազատը սրտի վիրահատություն տարած վիճակով օդանավ էր նստել, մարդ էլ կար` անչափահաս երեխաների վերադարձին էր սպասում: «Զվարթնոցի» աշխատակիցները հրաժարվում էին մեզ տեղեկություն տալ, իսկական կոշմար էր: Առավոտյան ժամը 9-ին վերջապես օդանավը վայրէջք կատարեց, որից հետո մեր հարազատները եկան, ու հասկացանք, թե Վոլգոգրադում ինչ դժոխքի միջով են անցել: Այդ ընթացքում «Զվարթնոցի» աշխատակիցը հեգնանքով ասում էր` մի՛ նայեք օդանավակայանի շքեղությանը, իսկական բարդակ ա տիրում»: