Որպեսզի իշխանության ու պետության շահերը համընկնեն

16/01/2008 Ռուբեն ԱՆԳԱԼԱԴՅԱՆ

Ես այս հոդվածը գրում եմ նախ եւ առաջ իշխանությունների եւ հետո միայն հասարակության համար: Եվ իմ նպատակը մեկն է. ես Հայաստանին ցանկանում եմ դրական եւ կայուն զարգացում, ինչը քաղաքական կյանքի ներսում կբերի կայունության, ոչ թե ցնցումների կամ, առավել եւս, հեղափոխության: Ես ցանկանում եմ բազմաչարչար Հայաստանը տեսնել իբրեւ ուժեղ պետություն ոչ թե քաղաքացիների մարդկային արժանապատվության ոտնահարման հաշվին, ինչն արդյունքում կհանգեցնի ավտորիտարիզմի, որն էլ մի օր իշխանությունների ու իշխանական ապարատի համար անսպասելի կհանգեցնի դաժան ճգնաժամի: Զարմանալի է, բայց աշխարհի բոլոր անկյուններում, որտեղ հզոր, բայց անտաղանդ տիրակալները ավտորիտարիզմի դասերը չեն յուրացրել, հենց իրենք էլ հայտնվել են բռնության միջոցով սեփական ռեժիմի փլուզման խնդրի առջեւ: Իսկ դա թուլացնում է պետությունը, քանի որ երկիրն ու երկրում ապրող մարդկանց մի քանի տասնյակ տարիներով ետ է շպրտում: Օրինակ՝ Մերձբալթյան պետությունները վերակառուցման շրջանում մեզնից հետ էին, իսկ հիմա տասնյակ տարիներ են պետք, որպեսզի մենք հասնենք նրանց:

Իրոք, ինչպիսի հարաբերություններ էլ որ ստեղծվեն մարդկանց միջեւ՝ ամենացածր խավից մինչեւ ամենահարուստները, ոչ լեգիտիմ իշխանությունից եկող լարվածությունն իրեն զգացնել կտա, եւ շատ զգալի կերպով: Այսպիսի կարուսելի մեջ ենք մենք գտնվում սկսած 1996թ. նախագահական ընտրություններից, երբ պաշտպանության նախարարը սպառնում էր զինված ուժերով: Ինչպես ասում են՝ «ուժ ունես, խելք պետք չի»: Բոլորը, անգամ երկրի առաջին դեմքերին մոտ կանգնածները կհասկանան իշխանության ոչ լեգիտիմ լինելը. ոմանք դա կօգտագործեն մանիպուլյացիաների նպատակով՝ ավելի արագ ու շատ թալանելու համար (միեւնույն է, նրանց կմոռանան եւ կմեղադրեն առաջին դեմքերին), իսկ մյուսները, այսպես կոչված՝ ազնիվները, սուսուփուս կօգտվեն այդ նույն հնարավորություններից: Աշխարհն այս ամենի միջով արդեն անցել է: ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱ, ՈՐ ԱՄԵՆԱՀԱՎԱՏԱՐԻՄ ԸՆԿԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՆ ԵՆ ԵՎ ԵՐԿՐՈՒՄ ԴՐԱՆՑ ԳՈՐԾԵԼԸ: Մենք եւս կարող ենք անցնել այս ամենի միջով՝ առանց մեր պետականությանը վնաս հասցնելու:

Այո, այսօր նախագահական ընտրությունների լեգիտիմությունն ամեն ինչից ավելի կարեւոր է: Ես նույնիսկ կասեի, որ այսօր մեր երկրի համար լեգիտիմությունն արդարությունից կարեւոր է: Քանզի այսօր խեղաթյուրված է արդարության գաղափարն անգամ եւ նետված է լկտիության ոտքերի տակ: Ես դեռ հույս ունեմ, որ իշխանությունները կգիտակցեն եւ թույլ չեն տա այն սխալները, որոնք հայտնի են Արեւմուտքի ցանկացած կարգին համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողին անգամ: Եվ ես ուզում եմ նախագահի բոլոր թեկնածուներին հետ պահել չմտածված քայլերից, որպեսզի նրանք հասկանան, որ ժողովրդավարացման գործընթացները տեղի են ունենում եւ տեղի են ունենալու անկախ իշխանությունների կամքից, քանզի տեղեկատվական դաշտը բաց է, եւ անհնարին է այն ոչնչացնել կամ խեղաթյուրել, այն կարելի է միայն որոշ ժամանակ նենգափոխել: Եվ մի՞թե թեկնածուները չեն տեսնում (թեեւ նախընտրական քարոզարշավներ անցկացնելու ազգային փորձը շատ քիչ է, սակայն Հայաստանի քաղաքացիներն արդեն լավ են յուրացրել նախընտրական մանիպուլյացիաների բոլոր ձեւերը), որ կարելի է զբաղեցնել նախագահի աթոռը, բայց երբեք նախագահ չլինել ոչ քաղաքացիների սրտերում, ոչ էլ պատմության մեջ: Ես ոչ մեկին այդպիսի նախագահություն չեմ ցանկանա: Ոչ ոք չի հարգելու եւ չի լսելու այդպիսի նախագահին, եւ ամենաշատը նրանք, ովքեր նրան օգնել են նախընտրական կեղծիքներ իրականացնելիս: Պետության ռեսուրսն այս իմաստով բաժանվում է երկու բաղադրիչի. մի մասը չի հարգելու սեփական խղճի խայթի պատճառով, մյուսները սրիկաներ են, որոնք ոչնչի համար չեն զղջում: Այդ դեպքում իշխանության մեջ կարող են մնալ միայն սրիկաները: Նրանք շատ չեն: Բայց ո՞ր ժողովրդին դա կարող է դուր գալ:

Իմ դիրքորոշումը հետեւյալն է՝ երկրի ներսում յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը: Մենք արդեն որերորդ դարն է՝ ահավոր թուլամտություն ենք ցուցաբերում. հաշվի չենք առնում երկրի քաղաքացու, հասարակ մարդու կյանքը: Այդ պատճառով էլ մենք այդքան թեթեւությամբ տարանք սպանված կամ աղետի զոհ դարձած շատ ու շատ հայտնի եւ ոչ այնքան հայտնի մարդկանց մահը: Ես նույնիսկ կասեի, որ Հայաստանի քաղաքացու կյանքը ոչինչ չարժե՝ ԶՐՈ: Լինի դա ամենահասարակ քաղաքացին, իշխանավորը, թե մեծ վաստակ ունեցող մարդը: Դա մեզ համար արժեք չունի, քանզի մենք չենք հարգում ո՛չ սրանց, ո՛չ նրանց: Մենք ՈՉ ՄԵԿԻՆ չենք հարգում: Մենք արդեն այնքան ենք կորցրել հարգանքի մոդուլը, որ չգիտենք՝ ո՞ւմ թաղենք պանթեոնում, ում՝ ոչ: Դա մեր անցյալն է: Բայց մենք մեր ապագան եւս սխալ ենք ընտրում: Այդ պատճառով էլ մեզ մոտ սելեկցիան սխալ է ընթանում: Մեր մեջ իրար հանդեպ ավելի շատ անվստահություն, զգուշավորություն ու վախ կա, քան ներքին ազատություն եւ բարություն: Եվ այս ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ մեր նախագահական ընտրությունները լեգիտիմ չեն: Եվ մենք բոլորս ձեւացնում ենք, թե ամեն ինչ լավ է, ու ամեն ինչ լավ է լինելու… Բայց ինչի՞ց ելնելով ու ինչպե՞ս:

Սանկտ Պետերբուրգ, հունվարի 8