«Առավոտ» օրաթերթը հունվարի 11-ի «Գաֆեսճյանների ու Սարգսյանների միությունը չհաջողվե՞ց» հրապարակման մեջ անդրադարձել էր «Արմենիա» հեռուստաընկերությունում առկա խնդիրներին: Թերթը` հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե Սարգսյանների ընտանիքն իր 75% բաժնեմասը վաճառել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի փեսային: Մյուս՝ 25%-ը պատկանում է ամերիկահայ Ջերարդ Գաֆեսճյանին: Բացի այդ, թերթը նշել էր, թե Սարգսյանները հ/ը-ում աշխատող իրենց բարեկամներին վճարում են 2000-3000 դոլար, իսկ սովորական աշխատողներին՝ չնչին գումար, որն էլ ամիսներով ուշացնում են: Կիրակի օրը «Արմենիայի» հիմնական սեփականատեր Բագրատ Սարգսյանը ելույթ ունեցավ հեռուստաընկերության եթերով եւ հերքեց իրենց` 75 տոկոս բաժնեմասը վաճառելու մասին լուրերը եւ հեռուստաընկերության վերաբերյալ թերթի տպագրած մյուս տեղեկությունները: Բացի այդ, նա «փոքրիկ մարդիկ» անվանեց իր ընտանիքի հասցեին նման լուրեր տարածողներին: Բ. Սարգսյանը նաեւ հայտարարեց, որ այդ հրապարակման համար դատի է տալու «Առավոտին» եւ ֆինանսական հատուցում է պահանջելու: Սակայն «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք պահպանել են «պրոֆեսիոնալիզմի սկզբունքները», եւ «Արմենիայի» ներկայացուցչին՝ Գագիկ Մկրտչյանին այդ նույն հոդվածում կարծիք հայտնելու հնարավորություն են տվել: Թերթը հաջորդ օրը նաեւ հերքում է տպագրել։ «Եթե նրանք համարում են, որ դա բավարար չէ, կարող են «Առավոտի» էջերում նորից հանդես գալ: Ես կարծում եմ, որ մենք կկարողանանք բարեկամական մթնոլորտում այդ հարցը լուծել: Ենթադրում եմ, որ հնարավոր է գործը դատարանին չհասցնել: Ես մշտապես կապերի մեջ եմ գործընկերների հետ եւ նրանց հետ անձնական որեւէ խնդիր չունեմ: Բայց դա չի նշանակում, որ ես դատից վախենում եմ: Ես բացարձակապես չեմ ուզում, որ թերթի էջերը կամ հեռուստատեսության եթերը դառնան իրար հետ հաշիվ մաքրելու ասպարեզ»,- ասաց Ա. Աբրահամյանը:
Հ.Գ. Ի դեպ, վերջերս հաճախ է քննարկվում որոշ հեռուստաընկերությունների վաճառվելու հարցը: Մեր տեղեկություններով՝ որոշ հեռուստաընկերությունների վաճառքի հետ կապված բանակցություններ ընթանում են, սակայն դրանցից որեւէ մեկը չի վաճառվել: Մինչեւ ՀՀ նախագահական ընտրություններ դրանցից որեւէ մեկը չի էլ վաճառվելու: