Ընտրությունները եւ կինոն «Հ1»-ում

16/01/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը հույս է հայտնում, որ ՀՀ գալիք նախագահական ընտրությունները թափանցիկ կլինեն եւ այդ թափանցիկությունը «Հ1»-ի եթերում տեսանելի կլինի:

«Հ1»-ը սեփական կոմերցիոն մուտքերի հաշվին հրավիրելու է անգլիական «Pop news» ընկերությանը` նախագահական ընտրություններից առաջ եւ հետո հարցումներ անցկացնելու համար, որոնք եւ կհետեւեն հեռուստատեսային քարոզարշավի հավասարակշռության պահպանմանը. «Կարեւոր եմ համարում այս նախաձեռնությունը, որովհետեւ մեր երկրում սոցիոլոգիական հարցում անցկացնող ընկերություններին թերահավատությամբ են մոտենում. սա հնարավորություն կտա առավել ապահովել ընտրությունների թափանցիկությունը»,- ասաց Ա. Հարությունյանը: Նախագահի ինը թեկնածուներից յուրաքանչյուրը քարոզարշավի ընթացքում Հանրային հեռուստաալիքում 60 րոպե անվճար եւ 120 րոպե վճարովի եթերի իրավունք կունենա: Հանրային ռադիոյում անվճար եթերաժամը նույնը կլինի, իսկ վճարովի եթերը փոքր-ինչ ավելի` 180 րոպե: «Հ1»-ը նախատեսում է ուղիղ եթերով ինը հարցազրույց-հաղորդում հեռարձակել «Եվրոպոլիս» հաղորդման շրջանակներում, սակայն բանավեճերի ֆորմատը չի կիրառվելու: Կամ էլ, թերեւս, կկիրառվի միայն այն դեպքում, եթե նախագահական ընտրությունները երկրորդ փուլ թեւակոխեն: Նախագահի թեկնածուների ելույթները կհեռարձակվեն «Հայլուրից» մինչեւ «Հայլուրը», ժամը 17:00-21:00-ն։ Ըստ վարկանիշային ուսումնասիրությունների, այդ ժամանակահատվածը ամենահարմարն է։ Նախագահի թեկնածուների անաչառ դիմանկարը ստեղծելը կամ անաչառ ռեպորտաժներ ներկայացնելը առաջին հերթին ակնկալվում է ամենամեծ սփռումը ունեցող պետական հեռուստաալիքից: «Հ1»-ի խորհրդի նախագահը իրեն վստահված ալիքի աշխատանքում ամենաշատը կարեւորում է միջազգային դիտորդների դերը: Մեր հարցին` արդյո՞ք քարոզարշավի ընթացքում եթերից անհետանալու է անթաքույց հեգնանքը որոշ՝ ոչ իշխանամետ գործիչների հասցեին, նա պատասխանեց. «Եթե դուք նկատել եք հեգնանք, ապա դա ձեր գործն է, սակայն միջազգային դիտորդները նման բան չեն նկատել»: Ա.Հարությունյանը ոչ մի նմանություն չի տեսնում վրացական եւ հայկական հեռուստաալիքների աշխատաոճի ու ճակատագրերի միջեւ։

Հանրային հեռուստատեսությունը նոր տարում իր զարգացման հիմնական շեշտը դնելու է ֆիլմերի արտադրության վրա։ «Քայլելու ենք ժամանակի հետ համընթաց»,- ասաց Ա.Հարությունյանը ու վստահեցրեց, որ «Հ1»-ը հայկական միջավայրին ադապտացված նոր սերիալներ ու հեռուստաֆիլմեր է նկարահանելու, որոնց թվում է նաեւ ֆրանս-կանադա-գերմանա-հայկական «Սարդարապատը»։ Նա բարձր գնահատեց «Ոչինչ չի մնա» գեղարվեստական ֆիլմը, որն ըստ Ա. Հարությունյանի` «կոմերցիոն հաջողություն բերեց» «Հ1»-ին։ Փետրվար ամսին նախատեսվում է անցկացնել Երաժշտական մրցանակաբաշխությունը, որը կհարստանա նոր անվանակարգերով, փոփ-երաժշտությունից բացի կգնահատվեն նաեւ դասական, ժողովրդական ու ջազային կատարողները։ Ընդլայնված մրցանակաբաշխությունը կանցկացվի Մշակույթի նախարարության հետ համատեղ։ Ալեքսան Հարությունյանը տեղեկացրեց նաեւ, որ երգչուհի Սիրանույշ Հարությունյանը, նույն ինքը՝ Սիրուշոն, ով այս տարվա մայիսին «Եվրատեսիլ» երգի մրցույթում ներկայացնելու է Հայաստանը, արդեն տասից ավելի նոր երգերի պաշար ունի: Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը տեղեկացրեց, որ երգչուհին շուտով Օպերայի եւ բալետի թատրոնի բեմում հանրությանը կներկայացնի այդ երգերը, իսկ հանրությունը եւ ժյուրին քվեարկության միջոցով կընտրեն լավագույն երգը: «Գոնե չորս երգերը շատ լավն են, որոշումը դժվար է լինելու»,- ասաց Ա. Հարությունյանը: