Վիագրան կուրացնում է սրտայիններին

12/05/2005

Վիագրայի ընդունումը կարող է հանգեցնել գունաընկալման եւ ընդհանրապես
տեսողության կորստի: Նշված վերջին բարդությունը տեսողական նյարդի իշեմիկ
նեյրոպաթիայի հետեւանք է: Միացյալ Նահանգներում 14 հիվանդներ վիագրայի
ընդունումից հետո գունավոր տեսաընկալման խանգարում են ունեցել եւ
շրջապատող աշխարհն ընկալում էին երկնագույն եւ կանաչավուն երանգներով:
Տեսողական նյարդի իշեմիկ նեյրոպաթիան ավելի լուրջ բարդություն է, որը
կարող է կուրացնել մարդուն: Վիագրայի այս կողմնակի էֆեկտն ի հայտ է գալիս
ընդունելուց 24 ժամ անց եւ արտահայտվում է տեսողության աղոտությամբ ու
մասնակի կորստով: Հիմնականում տուժում է մեկ աչքը: Հիվանդների մոտ նկատվել
է նաեւ բարձր զարկերակային ճնշում եւ սիրտ-անոթային հիվանդության
զարգացման ռիսկ: Մի առ ժամանակ բուժվելուց հետո հիվանդներից մի քանիսի մոտ
վերականգնվել է ընդամենը լույսի նկատմամբ զգայունությունը, բայց ոչ
տեսողությունը: Նման կողմնակի երեւույթներ ունեն վիագրայի բոլոր
անալոգները, սակայն վտանգը սպառնում է միայն սիրտ-անոթային համակարգի
ֆոնային հիվանդություններով տառապողներին: