Նոր տարվա առաջին թանկացումները

16/01/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Վերջին շրջանում, հատկապես նախատոնական շրջանից սկսած, բավական բարդ է դարձել Հայաստանից մեկնող ինքնաթիռների տոմս հայթայթելը:

Ամանորից հետո ընկած շրջանը համարվում է պիկ շրջան, քանի որ, հատկապես Ռուսաստանում արտագնա աշխատանքով զբաղվածները, ովքեր եկել էին Նոր տարին ընտանիքի հետ նշելու, հետ են վերադառնում: Սրան զուգահեռ` վերջերս բարձրացել են ավիատոմսերի գները: Թանկացել են բոլոր ուղղություններով կատարվող չվերթերի տոմսերը: Թանկացումների նվազագույն չափը կազմում է 5000-6000 դրամ: Տոմսերի թանկացումը, սակայն, կապված չէ ուղեւորների քանակի հետ: Սեզոնային թանկացումներ կամ էժանացումներ երբեմն լինում են, սակայն սա այդ դեպքը չէ: Սեզոնային թանկացումները հիմնականում արտասահմանյան հեռավոր երկրներ կատարվող չվերթերի դեպքում են լինում, օրինակ` Կանադա, Լատինական Ամերիկայի երկրներ եւ այլն: Իսկ ներկայիս թանկացումների հիմնական պատճառը, ավիաընկերությունների աշխատակիցների հավաստմամբ` դոլարի արժեզրկումն է: Եթե նախկինում դեպի եվրոպական երկրներ կատարվող չվերթերի տոմսերի արժեքը կազմում էր մոտ 630 դոլար, ապա այսօր այն դարձել է 630 եվրո: Հաշվի առնելով դոլարի եւ եվրոյի հարաբերակցությունը` գնի տարբերությունն ակնհայտ է: Դոլարի տատանումը հաշվի առնելով` յուրաքանչյուր ավիաընկերություն իր համար «սահմանել» է փոխարժեք: Օրինակ, «Արմավիա» ավիաընկերությունը մեկ եվրոյի դիմաց 461 դրամ է սահմանել: Որոշ ընկերություններ էլ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքով են աշխատում: Ավիաընկերությունների ներկայացուցիչների հավաստմամբ` տոմսերի թանկացման վրա ազդել է նաեւ համաշխարհային շուկայում նավթի գնի թանկացումը: Դրանից բացի, նոր հարկեր են ավելացել, որոնց պատճառով բոլոր ուղղություններով տոմսերի գինը մոտ 4000-8000 դրամով ավելացել է: Թանկացել է նաեւ դեպի Հայաստան կատարվող չվերթերի տոմսերի արժեքը, ինչպես նաեւ` մեզ մոտ գործող միջազգային ավիաընկերությունների կողմից վաճառվող տոմսերը: Որոշ դեպքերում տոմսի նախկին արժեքին գումարվել է միայն նոր հարկատեսակը, դոլարից եվրոյի անցնելիս վերահաշվարկվել է տվյալ ժամանակաշրջանի փոխարժեքային տարբերությունը: Օրինակ, Երեւան-Լոնդոնի չվերթի արժեքը, եթե նախկինում 700 դոլար էր, ապա այժմ 517 եվրո է: Տոմսի գնին ավելացվել է միայն մոտ 18 եվրո կազմող անվտանգության համար սահմանված հարկը: Մոտավորապես նույնն է նաեւ Երեւան-Փարիզ չվերթի դեպքում: Եթե 2007թ. հոկտեմբերի 29-ի դրությամբ` տոմսի արժեքը 399 դոլար էր` գումարած հարկերը, ապա այսօր այն 299 եվրո է` ներառյալ հարկերը: Եթե նախկինում Երեւան-Մոսկվա չվերթի տոմսն արժեր 61.000 դրամ, ներկայումս այն արժե 69.900 դրամ: Երեւան-Կրասնոդար չվերթի արժեքը նախկինում 46.900 դրամ էր, այժմ` 50.600 դրամ: Դեպի Նովոսիբիրսկ իրականացվող չվերթի նախկին արժեքը կազմում էր 112.800 դրամ, այժմ` 129.600 դրամ: Գնի փոփոխություն չի կրել օդի համար վճարվող հարկը: Այն, ինչպես նախկինում, կազմում է 10.000 դրամ: Իհարկե, այս հարկը կապ չունի ավիաընկերությունների հետ: Որոշ ժամանակ առաջ խոսակցություններ կային, որ «օդի հարկը» պետք է մտնի ինքնաթիռի տոմսի արժեքի մեջ: Եվ տոմսերի թանկացումների ժամանակ շատերը կարծում էին, որ հենց այս հարկն է միացվել ավիատոմսի արժեքին: Իրականում դա այդպես չէ, «օդի հարկը» տոմսի արժեքի մեջ չի մտնում: Հիշեցնենք նաեւ, որ օդի համար վճարվող հարկը չի գործում մինչեւ 12 տարեկանների համար: Ավիաընկերությունների աշխատակիցները նշում են, որ չնայած ավիատոմսերի թանկացմանը` ուղեւորների պակաս չի զգացվում: Հակառակը, եթե նախկինում դեպի Մոսկվա օրական երեք անգամ էր չվերթ լինում, ապա այսօր արդեն 8-9 չվերթ է իրականացվում: Բացի այդ, արդեն չվերթային նոր ուղղություններ կան, իսկ մարդիկ, ինչպես հավաստիացնում են ավիաընկերությունների աշխատակիցները, նախկինի համեմատ մի քանի անգամ ավելի շատ են սկսել ճանապարհորդել. «Մարդիկ բողոքում են տոմսերի գներից, սակայն շարունակում են ճանապարհորդել»,- ասում են նրանք: Ավիաընկերություններում բացառում են, թե Ամանորյա այս պիկ-շրջանից հետո ավիատոմսերի արժեքը կարող է նվազել: Ավելին, նրանց կարծիքով` եթե տոմսերն ավելի չթանկանան, ապա հաստատ չեն էժանանա: