Երբեւիցե չես մտածի, որ 21-րդ դարում կգտնվի մեկը, ով չի ունենա հեռուստացույց: Ցավոք, հայ իրականության մեջ շատ է այնպիսի մարդկանց թիվը, ովքեր կտրված են արտաքին աշխարհից` չունենալով տեղեկատվություն ստանալու ամենապարզ միջոցները: 57-ամյա Լիդա Մինասյանն ապրում է «Սեբաստիա» հյուրանոցին կից հանրակացարանում, մի փոքրիկ սենյակում, որտեղ տեղավորվում է միայն իր մահճակալը, սեղանն ու 2 աթոռները: «Չորս տարեկան էի, երբ հայտնվեցի Սովետաշենի (այժմյան` Նուբարաշեն) մանկատանը: Մեկ անգամ երեք հոգի այցելեցին ինձ մանկատուն, որոնք ներկայացան` որպես ազգականներ: էդ օրվանից անընդհատ մտածում եմ` ինչի՞ ծնողներս ինձ լքեցին ու թողեցին բախտի քմահաճույքին: Մանկատնից դուրս գալուց հետո դժվար էր ինձ համար, քանի որ ես աղջիկ էի: Դուրս գալով մանկատնից`ընդունվեցի ուսումնարան, որտեղ սովորեցի ջուլհակություն: Հետո աշխատեցի «Մետաքսի» գործարանում: Խոնավության պատճառով հիվանդացա ու չեմ կարողանում քայլել: Արդեն 6 տարի կպած եմ անկողնուն, ու օրեր են լինում` ուտելու բան էլ չեմ ունենում»:
Այն հարցին, թե ինչպե՞ս է գոյատեւում այդպիսի դժվարին պայմաններում, տիկին Լիդան պատասխանեց. «Օրերս անցկացնում եմ միայնության մեջ: Ախր հեռուստացույց կամ ռադիո էլ չունեմ, որ սպանեմ ժամանակս կամ իմանամ` ի՞նչ ա կատարվում դրսում: Երբեմն ինձ այցելում են հարեւանները: Սկսում ենք ստեղից-ընդեղից խոսել, մի քիչ ցրվում եմ: Էդ էլ ինձ ուժ ա տալիս ապրելու»: Հարցնում ենք` փորձե՞լ եք դիմել համապատասխան մարմիններին` ձեզ օգնելու համար: «Էն էլ քանի՜ անգամ: Էնքան եմ նամակներ ուղարկել թաղապետարան, որ բուժվեմ ու կարողանամ ինքս ինձ պահեմ: Բայց ոչ մի պատասխան էլ չի գալիս: Ախր մեր նման հաշմանդամների վրա ո՞վ է ուշադրություն դարձնում»: Քաղաքում ամանորյա եռուզեռ էր: Յուրաքանչյուրն իր ձեւով էր պատրաստվում Նոր տարվան: Իսկ ինչպե՞ս նշեց տիկին Լիդան: «Իմ ձեւով: Պարզ ա, սեղանը հարուստ չէր: Բայց կարեւորն էն ա, որ հըլը հավատում եմ հրաշքներին ու Ամանորի գիշերը երազանք եմ պահել, որ առողջանամ: Շուտվանից չեմ հավատում Ձմեռ պապիկին: Հիշում եմ, մանկատանը մեզ մի անգամ այցելեց Ձմեռ պապիկը, ես էլ աշխույժ էրեխա էի ու քաշեցի նրա մորուքը: Պարզվեց` մանկատան տնօրենն էր»: Զարմանալին այն է, որ տիկին Լիդան, չնայած կյանքի դժվարություններին, հարվածներին ու իր տանջանքներին, ապագայի հանդեպ հույսը չի կորցնում: Նա մխիթարվում է նրանով, որ դա է իր ճակատագիրը, եւ միգուցե դրանով է սահմանափակվում իր դերն այս կյանքում: Մեզ հետ զրույցի ողջ ընթացքում նա կատակներ էր անում, իրեն փորձում էր ուրախ ցույց տալ… տիկին Լիդայի աչքերը, սակայն, այլ բան էին ասում: