Նախընտրական ծրագիր կամ հանդարտ խոհեր

08/01/2008 Լեւոն Տեր-Պետրոսյան

Նախընտրական ծրագրերը, մանավանդ ետխորհրդային տարածքի երկրներում, ունեն իրենց ստանդարտ կառուցվածքն ու բովանդակությունը, որոշ առումով նմանվելով պաշտոնական հրովարտակների։ Դրանք, որպես կանոն, ընդգրկում են հասարակական, քաղաքական, տնտեսական բնագա­վառներին վերաբերող այն միջոցառումների եւ վերափոխումների կատալոգը, որոնք խոստանում է իրականացնել ընտրողների քվեն հայցող ցանկացած թեկ­նածու։ Նախընտրական ծրագրերի շարադրանքում, սովորա­բար, տիրա­պետող դիրք է զբաղեցնում ամենազոր անորոշ դերբայը՝ «ավելացնել», «բարձ­րացնել», «զարկ տալ», «էլ ավելի զարգացնել», «ամրապնդել», «ընդլայնել», «խո­րացնել», «հոգ տանել», «ուշադրություն դարձնել», «հետեւողական պայ­քար մղել», «արմատախիլ անել» եւ այլն։ Սակայն այդ դերբայները որքան ան­որոշ են ձեւով, այնքան էլ՝ դժբախտաբար, բովանդակությամբ։ Այդ է պատճա­ռը, որ հասարակ ընտրողներն, ընդհանրապես, ի վիճակի չեն ոչ միայն խո­րամուխ լինել բազմազան ծրագրերի մանրամասների մեջ, այլեւ ընկալել թե­կուզ նրանց էական տարբերությունները։ Հետեւաբար, նրանց համար ավելի առաջնային են դառնում թեկնածուների անձնական հատկանիշները՝ կենսա­գրու­թյունը, խարիզման, բարոյական նկարագիրը, մասնագիտական ունակու­թյունները, փորձը եւ այլն։ Իսկ երբեմն նույնիսկ սրանք էլ ավելորդ են. բա­վական է արտաքին տեսքը, հմայքը, պերճախոսությունը։

Նախընտրական ծրագրերի մյուս պարտադիր ատրիբուտը կամ բնորոշ կողմը ամբոխահաճության՝ պոպուլիզմի առատությունն է։ Մեկը մյուսից առաջ ընկնելով, թեկնածուները, սովորաբար, մրցում են իրար հետ, թե ով ավելի շատ եւ գեղեցիկ խոստումներ կտա ժողովրդին, բոլորովին հոգ չտա­նելով այն մասին, թե որքան իրատեսական, հիմնավորված կամ իրակա­նա­նալի են այդ խոստումները։ Նպատակը կարճատեւ էֆեկտ ստանալն ու ընտ­րությունները շահելն է, փույթ չէ, թե տրված խոստումները հետագայում չեն կատարվի եւ իրենք, եթե ամոթի զգացումը դեռեւս չեն կորցրել, կարմրելու առիթներ կունենան։ Պոպուլիստական խաբկանքը կամ հիպնոզը, բազմիցս փոր­ձարկված ու արժեզրկված լինելով հանդերձ, ամենուրեք՝ նույնիսկ աշ­խար­հի ամենազարգացած երկրներում, շարունակում է մնալ հասարա­կու­թյան զարգացման ամենավտանգավոր չարիքներից կամ խոչընդոտներից մե­կը։ Հակառակ դրան, հիասթափվելով մի պոպուլիստից, ժողովուրդն ամեն անգամ ընկնում է հերթական պոպուլիստի գիրկը՝ ամենեւին դաս չքաղելով իր նախորդ հուսախաբություններից։ Արտաքուստ անմեղ թվացող այդ մոլո­րու­թյունն իրականում փակում է իրատես, պատասխանատու եւ պրագմա­տիկ մարդկանց մուտքը քաղաքականություն։ Պետության կյանքում դա հանգեցնում է քաղաքական, տնտեսական, սոցիալական ամենեւին ոչ պար­տա­դիր վերիվարումների, վերջին հաշվով, դանդաղեցնելով հասարակության զարգացման բնականոն ընթացքը։

Հավատացած եղեք, որ, անկախ մանրամասներից, թե՛ անորոշ դեր­բայ­ների օգտագործման հակումով, թե՛ պոպուլիստական խոստումների առա­տու­թյամբ, ընթացիկ ընտրարշավին մասնակցող թեկնածուների նախընտրա­կան ծրագրերն իրարից էականորեն չեն տարբերվելու։ Մինչդեռ ես, շեղվելով ընդհանուր ստանդարտից եւ քարացած ավանդույթից, պիտի փորձեմ ժո­ղովրդի հետ խոսել պարզ, մատչելի, մարդկային լեզվով, ամենեւին չհավակ­նե­լով նորարարի կամ վերին ատյանի ճշմարտություններ հրապարակողի դերի։

«Կորուսյալ դրախտի» հուշը

Մեկնելով ներկա անմխիթար իրականությունից, մեր հասարակությանը գրեթե միլտոնյան «կորուսյալ դրախտ» է թվում ոչ հեռավոր անցյալը, եւ որքան էլ ցավալի է, այդ զգացողության մեջ ճշմարտության որոշ հատիկ կա։ Չնայած վերջին հարյուր տարիների ընթացքում հայ ժողովրդի կրած բազում տառապանքներին ու փորձություններին՝ եղեռն, գաղթ, հայրենիքի կորուստ, հեղափոխություն, քաղաքացիական պատերազմ, կոլեկտիվացում, սով, ստա­լին­յան տեռոր, համաշխարհային պատերազմ եւ այլն, այնուամենայնիվ ան­ժխտե­լի է, որ այդ ժամանակամիջոցում մեր երկիրն ապրել է նաեւ ազգային իղձերի իրականացման, ապահովության, խաղաղության եւ բարօրության երկարատեւ տարիներ։

Ազգային իղձերի իրականացում ասելով, ես նկատի ունեմ, նախեւառաջ, Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը եւ նրա շուրջ երեքամյա գոյությունը։ Մեզ չվիճակվեց, Լեհաստանի եւ Ֆինլանդիայի նման, մեկան­գամ­ընդմիշտ ազատագրվել Ռուսական կայսրությունից, կամ արժանանալ թեկուզ Բալթյան երկրների բախտին, որոնց անկախությունը տեւեց քսան տա­րի, ինչը միանգամայն բավարար էր ազգային-ժողովրդավարական ոգով մի ամբողջ սերունդ դաստիարակելու եւ պետականության կայուն ավանդույթ­ներ ձեւավորելու համար։ Բալթյան ժողովուրդների տարբերությունը Խորհրդա­յին Միության մյուս ժողովուրդներից, ինչպես նաեւ պետականության կերտ­ման ճանապարհին նրանց արձանագրած այսօրվա նվաճումները, պետք է բա­ցատրել, առաջին հերթին, հենց այդ հանգամանքով։ Ինչեւէ, առաջին հան­րապետությունը, այդուհանդերձ, վճռորոշ դեր խաղաց հայ ժողովրդի քաղա­քական կյանքում, որովհետեւ եթե այն գոյություն չունենար, ապա գոյություն չէր ունենա նաեւ Խորհրդային Հայաստանը, իսկ վերջին հաշվով, նաեւ ներ­կայիս անկախ Հայաստանի Հանրապետությունը։ Համենայն դեպս, վերջին 90 տա­րիների կտրվածքով, մենք գործ ունենք եթե ոչ լիարժեք պետական շարու­նակականության, ապա առնվազն որոշակի ինքնիշխանության ժառանգա­կա­նության փաստի հետ, որի պատմական արժեքը դժվար է գերագնահատել։

Ապահովության եւ խաղաղության իմաստով Խորհրդային իշխանության տարիները եղան հայ ժողովրդի 3000-ամյա պատմության, թերեւս, ամենա­հազ­վագյուտ ժամանակաշրջաններից մեկը։ Թեեւ քաղաքացիական պատե­րազ­մը (1921 թ.), կոլեկտիվացումն ու սովը (1928-1933 թթ.), ստալինյան տե­ռորը (1937-1938 թթ.) շատ կյանքեր խլեցին ու բազմահազար ընտանիքներ դժբախտացրին, իսկ համաշխարհային պատերազմը (1941-1945 թթ.), դրա հետ մեկտեղ, ունեցավ նաեւ լուրջ դեմոգրաֆիական հետեւանքներ, այնու­ամե­նայնիվ, փաստ է, որ վերջին 90 տարիների ընթացքում թշնամին ոտք չի դրել ներկա Հայաստանի հողին։ Բավական է թեկուզ նշել, որ եւրոպական համարյա ոչ մի երկիր չի կարողացել խուսափել նման ողբերգությունից։

Ինչ վերաբերում է բարօրությանը, ապա Հայաստանի քաղաքացիների միջին եւ ավագ սերունդը դրա տակ հասկանում է 1960-1970-ական թվա­կան­ների կյանքը, երբ քիչ թե շատ ապահովված էր բնակչության նվազագույն կեն­սամակարդակը, զբաղվածության խնդիր գոյություն չուներ, մարդիկ ստանում էին թեեւ ցածր, բայց կայուն եւ երաշխավորված աշխատավարձ, օգտվում ձրի կրթությունից եւ առողջապահությունից, մտահոգ չէին վաղվա օրվա նկատ­մամբ եւ այլն։ Թեեւ ավտոմեքենան, ամառանոցը, սեփական առանձնատունը, արտասահմանյան հագուստն ու կահույքը դեռեւս ճոխություն էին դիտվում, սակայն հեռուստացույցը, սառնարանը եւ լվացքի մեքենան արդեն լայնորեն մտել էին կենցաղ։ Որոշակի առումով բավարարված էր նաեւ հայ ժողովրդի ազգային հպարտությունը՝ շնորհիվ աշխարհաճանաչ հայ գիտնականների, զո­րավարների, գրողների, արվեստի գործիչների, մարզիկների նվաճումների։ Վիկտոր Համբարձումյանի, Աբրահամ Ալիխանովի, Նորայր Սիսակյանի, Աբել Աղանբեգյանի, Հովհաննես Բաղրամյանի, Համազասպ Բաբաջանյանի, Հով­հան­նես Իսակովի, Մարտիրոս Սարյանի, Արամ Խաչատրյանի, Օհան Դուր­յանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարու­թյուն­յա­նի, Ավետ Տերտերյանի, Հրանտ Մաթեւոսյանի, Սեր­գեյ Փարաջանովի, Արտա­վազդ Փելեշ­յանի միութենական եւ միջազ­գա­յին համբավը, ինչպես նաեւ Տիգ­րան Պետրոսյանի, Յուրի Վարդանյանի, «Արա­րատ» ֆուտբոլային ակումբի հա­ջողությունները ուրախության անսպառ աղբյուր էին հանդիսանում հայ ժո­ղովրդի համար, միաժամանակ շոյելով նրա հայրենասիրական զգա­ցում­ներն ու ազգային արժանապատվությունը։ Մի խոսքով, ստեղծված էր հարմա­րա­վետության (կոմֆորտի) ինչ-որ մի մթնո­լորտ, որը, ներկայիս համեմատ, եթե ոչ իսկ «կորուսյալ դրախտ», ապա գոնե քաղցր հուշեր արթնացնող ժամանակ պիտի մնա իմ եւ ավելի ավագ սերնդի մարդկանց համար։ Չպետք է անտեսել նաեւ հոգեբանական մի գործոն. մար­դիկ հակված են պատանեկության եւ երիտասարդության տարիները համա­րել իրենց կյանքի լավագույն շրջանը։ Եւ քանի որ իմ նշած սերնդի պատա­նեկությունը եւ երիտասարդությունը համ­ընկնում են հենց 60-70-ական թվա­կաններին, ապա պատահական չէ, որ այդ շրջանը մինչեւ այժմ Հայաստանում որոշակի կարոտախտ է առաջացնում։

Հետո, 1970-ական թթ. կեսերից, եկան, այսպես կոչված, լճացման տարի­ները։ Սպառազինությունների մրցավազքի, նավթի գների անկման եւ հա­մա­կարգային բնույթի արատների հետեւանքով Խորհրդային Միությունն ընկավ խոր ճգնաժամի մեջ։ Սկսեցին գոյանալ անվերջ հերթերը, ահռելի չափերի հասավ ապրանքների դեֆիցիտը, դատարկվեցին խանութների դարակներն ու ցուցափեղկերը, հայտնվեցին մսի, կարագի, սուրճի, շաքարի, բրնձի կտրոննե­րը եւ այլն։ Ո՛չ Անդրոպովի կիրառած խիստ վարչական միջոցները, ո՛չ էլ Գոր­բա­չովի տնտեսական բարեփոխումներն ի վիճակի չեղան կասեցնել Խորհրդա­յին Միության գահավիժումը, եւ կայսրությունը, հանրապետություններում առա­ջացած ժողովրդավարական շարժումների հարվածների տակ, կործանվեց, ընդ որում, ոչ միայն քաղաքականապես, այլեւ տնտեսապես։ Ի դեպ, խորհրդային տնտեսության քայքայումն սկսվել էր կայսրության փլուզումից էլ առաջ։  1988-1991 թվականներին արդեն իսկ լրջագույն խնդիրներ էին ծագել ձեռ­նար­կությունների փոխադարձ պարտավորությունների կատարման, հումքի, պա­հես­տամասերի, կոմպլեկտավորող սարքերի մատակարարման բնագավառ­նե­րում, ձեռնարկությունների միջեւ կուտակվել էին հսկայական փոխադարձ պարտքեր, բյուջեի տարեկան ճեղքվածքը կազմում էր 400-500 միլիարդ ռուբ­լի, լիովին սպառվել էին պետության ոսկու պահուստները, սառեցվել էին խնայբանկերում տեղադրված ավանդները, դոլարի համեմատ ռուբլին արժե­զրկվել էր մոտ հիսուն անգամ, սկսվել էր օր-օրի սաստկացող սղաճը, որը շուտով պիտի հասներ ահռելի չափերի եւ այլն։

Գերկենտրոնացած, անխզելիորեն փոխկապակցված եւ աշխարհից մե­կու­սացած խորհրդային տնտեսական համակարգի փլուզումը չէր կարող չհան­գեցնել արդյունաբերության անխուսափելի վախճանի, ինչն այս կամ այն չափով տեղի ունեցավ Միության բոլոր նախկին հանրապետություններում։ Բո­լոր նորանկախ պետությունները, գրեթե միանգամից կորցնելով իրենց նախ­կին տնտեսական կապերն ու ավանդական շուկաները, հայտնվեցին անելանելի թվացող վիճակում։ Տեխնոլոգիական հետամնացության եւ տնտե­սական ինքնուրույնության բացակայության պատճառով նրանցից ոչ մեկն ի  վիճակի չէր անմիջապես միջազգային շուկա դուրս բերել որեւէ մրցունակ ապ­րանք։ Քիչ թե շատ բարեհաջող դասավորվեց միայն հումք արտահանող երկրների կյանքը։ Հումքազուրկ երկրները հարկադրված էին ճգնաժամը հաղ­թահարել արմատական տնտեսական բարեփոխումների իրականացման, այն է՝ շուկայական հարաբերությունների ձեւավորման ճանապարհով։ Խորհրդա­յին Միության բոլոր նախկին հանրապետություններին բաժին ընկած ճգնա­ժա­մային վիճակը Հայաստանում ծանրանում էր չորս հավելյալ եւ առանձ­նա­հատուկ գործոնների՝ Աղետի գոտու, 300 հազար փախստականների, շրջա­փակումների եւ պատերազմի առկայությամբ։ Չնայած այս լրացուցիչ դժվա­րու­թյուններին, Հայաստանը Անկախ պետությունների համագործակցության անդամ-երկրներից առաջինն էր, որ համակարգային բարեփոխումների շնոր­հիվ արդեն 1994 թվականին ոչ միայն կասեցրեց տնտեսական անկումը, այլեւ սկսեց արձանագրել կայուն տնտեսական աճ, մեկ տարի անց հաղթահարելով նաեւ էներգետիկ ճգնաժամը։ Եթե սրան ավելացնենք, որ այդ ընթացքում հաղթանակով ավարտվեց նաեւ Արցախյան պատերազմը, ապա դժվար է չհամաձայնել, որ դա մի այնպիսի սխրանք էր, որն իր նախադեպը չունի հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ։

Այնուամենայնիվ, անցյալի քիչ թե շատ ապահով կյանքի համեմատ, բնակչության սոցիալական վիճակի շեշտակի վատթարացման գործոնը չէր կարող անհետեւանք մնալ եւ համապատասխան հոգեբանական մթնոլորտ չառաջացնել։ Այստեղից էլ, ահա, մարդկանց բնական եւ հասկանալի դժգո­հությունն ու մերժողական վերաբերմունքը իշխանությունների իրակա­նաց­րած «շոկային» տնտեսական բարեփոխումների նկատմամբ, որոնց դրական հետեւանքները պետք է զգացվեին միայն տարիներ անց, ինչը, սակայն, չա­փազանց դժվար էր բացատրել հասարակությանը։ Երբ մարդն այսօր ավելի վատ է ապրում, քան երեկ, ոչ մի տրամաբանական բացատրություն չի կարող գոհացնել նրան։ Հետեւաբար, ինչպիսի առարկայական եւ բանական փաս­տարկներ էլ բերվեն իրականության փոփոխության անխուսափելիության մա­սին, միեւնույն է, «կորուսյալ դրախտի» հուշը կամ պատրանքը դեռ երկար դրոշմված է մնալու մեր քաղաքացիներից շատերի մտապատկերում։ Սա այն ծանր, բայց միաժամանակ պատվավոր խաչն է, որ հավերժ կրելու են Հայաս­տանի Հանրապետության հիմնադիր եւ բարեփոխիչ առաջնորդները։

«Վերագտյալ դրախտի» երազանքը

Այսօր մենք ունենք համաշխարհային զարգացման մայրուղուց շեղված, բարգավաճման հեռանկարից զուրկ մի երկիր եւ թշվառ գոյության դատա­պարտված, հոգեկան անդորրը կորցրած ժողովուրդ։ Դա, ինչպես արդեն վերը նշվեց, արդյունք է մի կողմից՝ Խորհրդային Միության քայքայմանը հետեւած անխուսափելի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ցնցումների, մյուս կողմից՝ Հայաստանի ներկա վարչախմբի հանցավոր եւ, ի բնե, հակազգային գործունեության։ Վարչախումբը գիշերուզօր թմբկահարում է երկրի անօրի­նակ տնտեսական նվաճումները եւ ժողովրդին կերակրում պայծառ ապագայի վարդագույն հույսերով, ինչպես խորհրդային իշխանությունները յոթանասուն տարի սեփական քաղաքացիներին կերակրում էին կոմունիզմի ուրվականով։ Այնինչ ժողովրդի մեծամասնության համար օրվա հրամայականը ոչ թե պայծառ ապագան է, որքան էլ վարդագույն այն լինի, այլ այսօր եւեթ գոնե նորմալ երկիր ունենալը։ Ի՞նչ է պատկերացնում հայ մարդը՝ նորմալ երկիր ասելով, կամ ինչի՞ մասին է նա գրեթե անդադար երազում։ Որքան էլ տխուր է, ո՛չ ամենեւին հարստության, ճոխության, պերճանքի կամ ճամփորդության, այլ մարդկային ամենատարրական կարիքների բավարարման մասին։ Մար­դիկ այսօր Հայաստանում ընդամենը երազում են.

– Ունենալ մշտական աշխատանք, սեփական քրտինքով վաստակել իրենց հանապազօրյա հացը, արժանապատվությամբ հոգալ իրենց ընտա­նիք­ների ապ­րուստը, պատշաճ կերպով սնել եւ հագցնել իրենց երեխաներին, նրանց կա­նոնավոր կրթություն տալ եւ չմտահոգվել նրանց ապագայի անորոշությամբ.

– Հարկադրված չլինել արտագնա աշխատանքի մեկնելու՝ թեկուզ ժա­մա­նակավորապես լքելով իրենց ընտանիքները. – չանհանգստանալ պանդխտած­ների ճակատագրով, չտառապել կարոտախտով, ինչը հատկապես բացա­սա­բար է անդրադառնում երեխաների հոգեբանության եւ դաստիարակության վրա.

– Չվախենալ, որ բանակում ծառայող իրենց զավակներին, մի հարբեցող եւ կաշառակեր հրամանատարի մեղքով, կարող է դժբախտություն պատահի կամ, զինված ուժերում առկա «ոչ կանոնադրական հարաբերությունների» պատճառով, ճարահատյալ չմտածել ծառայությունից խուսափելու մասին.

– Չենթարկվել բյուրոկրատական քաշքշուկների, չնվաստացվել պաշ­տոն­յաների կողմից, պետական մարմինների աշխատասենյակներում չհան­դի­պել կոպիտ վերաբերմունքի, օրենքով իրենց հասանելիք փաստաթղթերն ստա­նալու համար ստիպված չլինել միջնորդ-ծանոթներ փնտրել կամ կաշառք տալ.

– Միջոցների սղության պատճառով զուրկ չմնալ մարդկային փոքր հա­ճույքներից՝ ընթերցանությունից, թատրոն կամ սրճարան հաճախելուց, երե­խաներին թեկուզ էժանագին նվերներ մատուցելուց, ընկերական հանդի­պում­ներից ու ազգականներին այցելելուց, զբոսանքից ու հանգստից.

– Հպարտանալ հայրենիքի հաջողություններով եւ միջազգային ասպա­րեզում վայելած վարկով, չամաչել սեփական իշխանավորների տգիտության կամ անպարկեշտ պահվածքի համար, չբարդույթավորվել ու չընկնել հոռե­տե­սու­թյան կամ անտարբերության գիրկը, հարգել իրենց եւ հարգված լինել ուրիշների կողմից։

Մի խոսքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պար­զա­պես երազում են ապրել քիչ թե շատ նորմալ երկրում, որի մասին նրանց պատկերացումներն, ընդհանուր առմամբ, հանգում են հետեւյալին.

– Որ իշխանությունը կենտրոնացած չլինի մեկ-երկու մարդու ձեռքում, այլ լիովին ապահովվի նրա օրենսդիր, գործադիր եւ դատական ճյուղերի ան­կախությունը, այսինքն՝ ստեղծվի մի վիճակ, որում հանրապետության նա­խագահը, վարչապետը, Խորհրդարանը, դատավորները, ինչպես նաեւ դատա­խազությունը, նախարարություններն ու պետական մյուս կառույցները գործեն միայն Սահմանադրությամբ եւ օրենքով իրենց տրված իրա­վասու­թյունների շրջանակում.

– Որ պետության մեջ չգործեն չգրված օրենքներ, տնտեսական հա­րա­բերությունները չկարգավորվեն քրեական աշխարհի կանոններով եւ վերջ տրվի աղետալի մակարդակի հասած կոռուպցիային, որը ոչ միայն ժողովրդից կորզում է ազգային հարստության մի զգալի մասը, այլեւ լրջորեն խոչըն­դո­տում երկրի բնականոն տնտեսական զարգացմանը, չխոսած այդ երեւույթի պատ­ճառած բարոյական վնասների մասին.

– Որ ուժային մարմինները՝ ոստիկանությունը, անվտանգության ծառա­յու­թյունը, ազգային բանակը չներքաշվեն քաղաքականության կամ տնտե­սական գործունեության մեջ, այլ զբաղվեն բացառապես հանցագոր­ծու­թյուննե­րի դեմ պայքարելու, հասարակական կարգը պահպանելու եւ երկրի ան­վտանգությունն ու պաշտպանությունն ապահովելու իրենց բուն գործառույթներով.

– Որ մարդիկ չվախենան ոստիկանից, դատավորից կամ դատախազից, այլ ընդհակառակը, նրանց մեջ տեսնեն իրենց պաշտպաններին, եւ չենթարկ­վեն հարկային տեսուչների ու մաքսային ծառայության աշխատակիցների կա­մայականություններին, չարաշահումներին ու խտրական վերաբերմունքին.

– Որ գործարարության եւ ձեռնարկատիրության բնագավառներում դեր չխաղան կաշառակերությունը, հովանավորչությունը, կողմնակալությունը, եւ բոլորի համար ստեղծվեն հավասար պայմաններ՝ թույլ չտալու համար ամե­նակուլ մոնոպոլիաների ձեւավորումը.

– Որ իշխանությունները ժողովրդին կողոպտելու եւ անհամար հարստու­թյուններ դիզելու փոխարեն, պատասխանատվությամբ վերաբերվեն քաղա­քացիների հանդեպ իրենց ստանձնած պարտավորությունների կատար­մանը, մասնավորապես, հստակ ժամանակացույցով եւ պատշաճ փոխար­ժե­քով հա­տուցեն բնակչության՝ խնայբանկերում սառեցված ավանդները. միայն երկու տա­րում նրանց կողմից հափշտակված գումարը լիուլի բավարար էր սոցիա­լական լուրջ լարվածություն առաջացնող այդ չարաբաստիկ հարցը լուծելու համար.

– Որ պետական աստիճանակարգում, ծանոթության կամ հավա­տար­մության հիմունքներով, չհայտնվեն կիսագրագետ, ապաշնորհ, անբարեկիրթ անձնավորություններ, առավել եւս հանցավոր ու քրեական տարրեր, այլ պաշտոնյաները նշանակվեն ու առաջ քաշվեն զուտ իրենց մասնագիտական ունակությունների եւ մարդկային արժանիքների շնորհիվ.

– Որ հասարակության գիտակցության մեջ արժեւորվեն մարդու հիմ­նական առաքինությունները՝ բարոյականությունը, ազնվությունը, այլասիրու­թյունը, անձնազոհությունը, իսկ քծնանքը, ստորաքարշությունը, խարդա­խու­թյունը, կարիերիզմը ոչ թե ընդօրինակման առարկա դառնան, այլ արժա­նա­նան միահամուռ պարսավանքի.

– Որ պետությունը, վերջապես, ձգտի բարիդրացիական հարա­բերու­թյուն­ներ հաստատել իր բոլոր հարեւանների հետ՝ ազգային շահերին հա­մապատասխան կարգավորելով առկա տարաձայնություններն ու ճանա­պարհ հարթելով տարածաշրջանի երկրների սերտ եւ համակողմանի համա­գործակցության համար։

Ահա, ընդհանուր գծերով, հայ ժողովրդի ամենօրյա հոգսերի ու մտա­տանջությունների ամբողջությունը կամ, այլ կերպ, նրա երազած «վերագտյալ դրախտի» մոտավոր պատկերը։ Միայն այն պարագան, որ աշխարհի շատ երկրների համար սովորական այս իրողությունները այդքան հեռու ու ցան­կալի են թվում մեր քաղաքացիներին, բավական է ցույց տալու, թե ինչպիսի անմխիթարական վիճակում է գտնվում իր անկախ գոյության տասնվեց տա­րին բոլորած Հայաստանի Հանրապետությունը։ Տասնվեց տարին, մանավանդ 1994 թվականին հաջորդած խաղաղության երկարատեւ շրջանը, քիչ ժա­մանակ չէր նշված խնդիրներից շատերը լուծելու եւ ժողովրդի հոգսերի գոնե մի մասը թեթեւացնելու համար։ Բայց ցավալին միայն այն չէ, որ այդ խնդիրները մինչ օրս լուծված չեն։ Ավելի ցավալի է դրանց լուծման հե­ռանկարի բացակայությունը եւ մարդկանց պատած հուսալքությունը։ Դա հատուկ է ոչ միայն ժողովրդական լայն զանգվածներին, այլեւ նյութապես քիչ թե շատ ապահով խավերին, որոնց նույնպես չի լքում անհուսության եւ անպաշտպանության զգացողությունը։ Այնպես որ, «վերագտյալ դրախտի» երազանքի իրականացումն առայժմ շարունակում է մնալ որպես անհնարին թվացող հրաշք կամ ուտոպիա։

Հայաստանը ճամփաբաժանի առջեւ

2008 թվականի նախագահական ընտրությունները հայ ժողովրդին հնա­րավորություն են ընձեռում ընտրություն կատարել իր ապագայի կերտման երկու տեսանելի ճանապարհների միջեւ։ Դրանցից մեկը Հայաստանի վերից վար կոռումպացված ներկա ավազակապետական համակարգի վերարտա­դրու­թյան մղձավանջային հեռանկարն է։ 1999 թ. հոկտեմբերի 27-ի ահա­բեկ­չու­թյան արդյունքում ձեւավորված ավազակախումբը, աստիճանաբար վե­րաց­նելով իր գոյությանն սպառնացող բոլոր հակակշիռները, իր ձեռքում է կենտրոնացրել ոչ միայն գործադիր, այլեւ օրենսդիր եւ դատական իշխա­նու­թյունները՝ Հայաստանը վերածելով թաթար-մոնղոլական տիպի խանության, որը կառավարվում է ոչ թե Սահմանադրությամբ եւ օրենքներով, այլ բա­ցար­ձակ միապետի անառարկելի կամքով եւ քրեական աշխարհի կանոններով։

– Ավազակախմբի շուրջ տասնամյա հանցավոր եւ հակաժո­ղովրդա­կան գոր­ծունեության արդյունքում Հայաստանը շեղվել է համաշխարհային գործ­ընթացների գլխավոր մայրուղուց, դատապարտվել լիակատար քաղա­քական եւ տնտեսական մեկուսացման, դուրս մնացել տարածաշրջանային զար­գաց­ման բոլոր ծրագրերից եւ հայտնվել երրորդ աշխարհի հետամնաց երկրների շարքում։

– Համակարգն իր գոյության իմաստն է դարձրել իշխանական բուրգի եւ նրա սպասավորների գերհարստացման ապահովումը՝ ի հաշիվ օտար զանգ­ված դիտվող ժողովրդի բարեկեցության եւ արժանապատիվ կյանքի։ Իշխա­նության անսահմանափակ կենտրոնացումը պետությունն իրենց սեփական կալվածքը համարող մարդկանց ձեռքում ոչ միայն խարխլում է արդի տնտե­սագիտության, ժողովրդավարության, սոցիալական արդարության հիմքերը, այլեւ վտանգում երկրի ապագան անգամ։

– Իշխանությունների վարած արատավոր տնտեսական քաղաքակա­նու­թյան հետեւանքով հիմնովին խախտված են շուկայական տնտեսության երեք ամենագլխավոր սկզբունքները՝ հավասար հնարավորությունների ընձեռումը, ազատ մրցակցության ապահովումը եւ սեփականության անձեռնմխե­լիու­թյան երաշխավորումը։ Տնտեսական բնագավառում Հայաստանում ամեն ինչ կար­գավորվում է ոչ թե շուկայական հարաբերությունների տրամաբա­նու­թյամբ, այլ իշխանությունը բռնազավթած փոքրաթիվ անձանց հրահանգ­նե­րով, որոնք բոլորն էլ, առանց բացառության, հանցագործության տարր են պարունակում։

– Հայաստանի տնտեսության ամենակործանարար խեղումը նրա հա­մա­տարած մոնոպոլիզացիան է, որի պատճառով երկրի հարստության կեսից ավելին հայտնվել է շուրջ 40 ընտանիքի ձեռքում։ Ընդ որում, մոնո­պոլի­զա­ցումն առաջացել է ոչ թե բնական ճանապարհով, այլ ավազակախմբի կիրա­ռած ապօրինի մեթոդների՝ հովանավորչության, հրահանգավորման, գործա­րար­ների համար անհավասար պայմաններ ստեղծելու հետեւանքով, ինչը բնականաբար, առանց շահադիտության չէր կարող տեղի ունենալ։ Բացի տնտե­սականից, այս երեւույթն ունի նաեւ քաղաքական նշանակություն, որով­հետեւ 40 գերհարուստ ընտանիք կարող է վճռել ողջ հայ ժողովրդի բախտը։

– Մենաշնորհային ընկերությունների համար ստեղծված արտոնյալ պայ­մանները հանգեցրել են նաեւ մի այլ բացասական հետեւանքի, այն է՝ հարկային բեռի անհավասար բաշխման։ Օտարերկրյա փորձագետների գնահատմամբ՝ այսօրվա վիճակով պետական բյուջեի հարկային եկա­մուտ­ների միայն 22 %-ն է վճարվում խոշոր ձեռներեցների կողմից, մինչդեռ պետք է կազմեր դրանց 75 %-ը։ Դա նշանակում է, որ հարկային բեռը հիմնականում ընկնում է մանր եւ միջին ձեռնարկատերերի ու գործարարների ուսերին։ Իսկ խոշոր հարկատուների կողմից չվճարված եկամուտներից Հայաստանում գոյանում է մի երկրորդ՝ քողարկված բյուջե, որը հանգրվանում է իշխա­նա­վոր­ների գրպանում, եւ որն անհամեմատ ավելի մեծ է, քան պաշտոնապես հայտարարված պետական բյուջեն։

– «Պարզեցված հարկի օրենքի» գործողության փաստացի դադարեցումն սպառնում է ավելի եւս ծանրացնել միջին խավի հարկային բեռը, որի վիճակն, առանց այդ էլ, վերջին շրջանում բարդացել է մի շարք գործոնների ազ­դե­ցությամբ. – բնակչության թվաքանակի նվազման պատճառով փոքրացել է սպառողների ներքին շուկան. – դրամի արհեստական «արժեւորման» հետե­ւանքով բարձրացել է Հայաստանում արտադրվող ապրանքների ինքնարժեքը. – նույն երեւույթը ծանր հարված է հասցրել արտահանող արդյունաբերությանը. – մանր ու միջին ձեռնարկատերերը կախման մեջ են ընկել ներմուծման բնագավառում մենաշնորհային արտոնություններ ունեցող ընկերու­թյուն­նե­րից, իսկ շատերը, կորցնելով իրենց ինքնուրույնությունը, արդեն հայտնվել են նրանց ամենակուլ համակարգում։

– Բնակչության ցածր կենսամակարդակը, իշխանությունների թմբկա­հա­րած տնտեսական աճի երկնիշ ցուցանիշների եւ Երեւանի կենտրոնի տպա­վորիչ կառուցապատման իրողություններին հակառակ, շարունակում է մնալ Հայաստանի առջեւ ծառացած ամենամտահոգիչ սոցիալական խնդիրը։ Առա­վել անհանգստացնող է մանավանդ այն հանգամանքը, որ սոցիալական բե­ւեռացումը ոչ թե մեղմանում, այլ գնալով խորանում է, այսինքն՝ հա­րուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատները՝ ավելի աղքատանում։ Չնայած աշխատավարձերը, թոշակները եւ նպաստները ժամանակ առ ժա­մանակ բարձրացվում են, բայց վերջին տարիների ընթացքում արձանագրված սղաճի պատճառով ժողովրդի դրամական եկամուտների մեծացման էֆեկտը հավասարվում է զրոյի։ Այսօր Հայաստանում 100 դոլարն ունի նույն գնո­ղունա­կությունը, ինչ տասը տարի առաջվա 20-25 դոլարը։ Անգամ պաշտոնական տվյալների համաձայն՝ արտագաղթը ոչ միայն չի դադարում, այլեւ շարու­նակում է պահպանվել տարեկան շուրջ 25.000 մարդու սահմաններում։ Վե­րացել է մարդկանց բնական կապվածությունը հայրենի հողին։ Հայրենիքը, տունը, նույնիսկ ընտանիքը լքելու երեւույթը դարձել է առօրյա ու սովորական։

– Սոցիալական դրությունը ծանր է մանավանդ մարզային քաղաքներում եւ գյուղական վայրերում, որոնց բնակչությունը մատնված է լիակատար թշվա­ռության ու ամենօրյա գոյապայքարի։ Մեր Շարժումը ձեռնարկել է վիճա­կագրական մի լայնածավալ միջոցառում՝ պարզելու համար 1997-2007 թթ. միջեւ ընկած ժամանակահատվածում մարզերի բնակչության եւ աշա­կեր­տու­թյան թվաքանակի փոփոխությունները՝ տվյալներ, որպիսիք ընդհանրապես բացակայում են պաշտոնական վիճակագրության մեջ։ Քայքայման ահագնա­ցող միտումի մասին պատկերացում տալու համար, արժե ներկայացնել այդ տվյալներից պատահականորեն ընտրված մի փոքրիկ փունջ. – Սյունիքի մարզի բնակչությունը 1997-ին կազմել է 163.426, իսկ 2007-ին՝ 133.000 մարդ, աշակերտությունը՝ համապատասխանաբար 27.500 եւ 17.875. բացի այդ, մար­զում դատարկ է շուրջ 2.000 տուն, այդ թվում՝ Տաթեւ գյուղում՝ 58, Շի­նու­հայ­րում՝ 80, Խոզնավարում՝ 29 եւ այլն. – Շիրակի մարզի բնակչության թիվը 1997-ին եղել է 362.000, իսկ 2007-ին՝ դարձել 281.000. նույն թվականների միջեւ աշակերտների թիվը 58.000-ից իջել է 44.000-ի. – Արարատի մարզի բնակ­չու­թյունը 1997-ին կազմել է 275.000, իսկ 2007-ին՝ 183.000 մարդ, աշակերտների թիվը 53.500-ից իջել է 38.900-ի. մարզում դատարկ տների թիվը 1997-ին եղել է 2.000, իսկ այժմ՝ հասել 5.000-ի. – Լոռու մարզի աշակերտների թիվը 1997-ին եղել է մոտ 60.000, իսկ 2007-ին կազմում է 38.758. – Արմավիրի մարզում 1997 թվականին կար 45.000 աշակերտ, իսկ 2007-ին առկա է 39.000. – Դրությունն ավելի ողբալի է պատկերանում առանձին բնակավայրերի կտրվածքով. այս­պես, 1997-2007 թթ. միջեւ Էջմիածին քաղաքում բնակչությունը նվազել է 10.700 մարդով, իսկ աշակերտությունը՝ 3.742-ով, Արմավիրի մարզի գյուղերից Բաղրամյանում՝ համապատասխանաբար 612-ով եւ 142-ով, Քարակերտում՝ 600-ով եւ 286-ով, Շենիկում՝ 160-ով եւ 44-ով, Դալարիկում՝ 600-ով եւ 140-ով եւ այլն։ Մի խոսքով, կիսադատարկ գյուղեր, լքված տներ, ցաքուցրիվ ընտա­նիք­ներ, վերացող դպրոցներ. ահա սա է քոչարյանա-սերժական շրջանի Հայաս­տանի իրական պատկերը, եւ ոչ թե Երեւանի կենտրոնի շքեղ խանութները, ճոխ ռեստորանները եւ ժամանակակից բնակարանները, որոնցից օգտվում է բնակչության ոչ ավելի, քան հինգ տոկոսը։

– Եթե Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը որոշ առումով պայմանավորված է օբյեկտիվ գործոններով, այն է՝ շրջափակումներով, միջ­ազ­գային շուկայում նավթի գների անընդհատ բարձրացմամբ եւ դոլարի կուր­սի շարունակվող արժեզրկմամբ, ապա գլխավորապես այն արդյունք է կառա­վարման արատավորության, ներկա իշխանությունների վարած սխալ տնտե­սական քաղաքականության եւ համատարած կոռուպցիայի, որը կրում է հա­մա­կարգային բնույթ եւ կառավարվում վարչախմբի պարագլուխների կողմից։ Ընդ որում, ժողովրդի կեղեքումն ու հարստահարումը տեղի է ունենում ոչ միայն համակարգավորված եւ անթափանցիկ մեխանիզմների, այլեւ պետա­կան մասշտաբի բացահայտ հանցագործությունների միջոցով, ինչպիսիք են՝ «Հայռուսգազարդի» մատակարարած գազի գումարի անհետացումը, հանրա­պետություն ներկրվող բենզինի ծավալների եւ ղազախական գազի հետ կապ­ված վիճակագրական մեքենայությունները, հանքերի, պահուստային հողերի, քաղաքային բնակավայրերի հողատարածքների, պետական գույքի սեփակա­նաշնորհման ապօրինի գործարքները եւ այլն։

– Վարչախմբի գործունեությունը համարյա նույնքան խոցելի եւ վնա­սա­կար է նաեւ արտաքին քաղաքականության բնագավառում։ Անցած տասը տա­րիների ընթացքում միջազգային հանրությունը եւ տարածաշրջանի երկրները Հայաստանից չեն ստացել ոչ մի դրական ազդակ։ Ըստ էության, որեւէ առաջ­ընթաց չի արձանագրվել, իսկ որոշ դեպքերում ետընթաց է տեղի ունեցել ար­տաքին քաղաքականության այնպիսի կենսական եւ հրատապ խնդիրների լուծման գործում, ինչպիսիք են՝ Ղարաբաղյան հակամարտության կարգա­վո­րումը, երկրի քաղաքական եւ տնտեսական մեկուսացման հաղթահարումը, հա­ղորդակցության ուղիների շրջափակման վերացումը, Հայաստանի ներ­գրա­վումը միջազգային եւ տարածաշրջանային տնտեսական ծրագրերում, հայ-թուրքական հարաբերությունների կառուցումը եւ այլն։ Հայաստանի ար­տաքին քաղաքականությանը բնորոշ են անպատասխանատվությունը, իրա­վիճակայնությունը, անհետեւողականությունը եւ համակարգավորվածության բացակայությունը։ Արտաքին գործերի նախարարությունը, փաստորեն, վե­րածվել է միջազգային ասպարեզում վարչախմբի քարոզչության առաքե­լու­թյամբ օժտված գովազդային ընկերության։
  
Երկրի «զարգացման» ճանապարհներից մեկն, ահա, իշխանություն կոչ­ված այս քրեական համակարգի վերարտադրությունն է, ինչը հավասարազոր է ազգային աղետի։ Եթե վարչախմբին հաջողվի բռնությամբ, ընտրա­կեղ­ծիք­ներով եւ կաշառատվությամբ եւս տասը տարի երկարաձգել իր գոյությունը, ապա պետության կորուստներն այլեւս անհատուցանելի կարող են դառնալ։ Իր ապագա գործունեության վերաբերյալ ինչպիսի նախընտրական խոստում­ներ էլ տա նախագահի պաշտոնին հավակնող իշխանական թեկնածուն, միեւ­նույն է, գործող հանցավոր համակարգի ճարտարապետներից մեկը լինելու նրա հանգամանքը հավատ չի կարող ներշնչել այդ խոստումների նկատմամբ։ Փոխպարտավորվածության եւ հանցակցության բազմաթիվ թելերով կապված լինելով ավազակապետական համակարգի բոլոր դերակատարների հետ, նա, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, չի կարող սահմանազատվել այդ համա­կար­գից, առավել եւս՝ վերափոխել այն, քանի որ կամա թե ակամա դարձել է նրա պատանդը։ Ուստի այս ճանապարհը անխուսափելի կոր­ծան­ման ճանապարհն է։

* * *

Մյուս ճանապարհը կամ այլընտրանքը մեկն է՝ վստահել այնպիսի իշ­խանության, որը երկիրն առաջնորդի հակառակ ուղղությամբ, այսինքն՝ դեմ­քով շրջվի դեպի մարդը, քաղաքացին եւ ժողովուրդը։ Հետեւաբար, Հայաս­տա­նի հաջորդ նախագահի համար գործունեության ուղեցույց պիտի ծառայի հայ ժողովրդի մտահոգությունների, բաղձանքների, նյութական եւ հոգեւոր պա­հանջ­մունքների այն փաթեթը կամ նրա երազած «վերագտյալ դրախտի» այն պատկերը, որը ես փորձեցի ներկայացնել նախորդ գլխում, եւ որը, վերջին հաշվով, հանգում է Հայաստանը նորմալ երկրի վերածելու պարզ գաղա­փա­րին։ Իմ ծրագիրը ճիշտ ընկալելու համար կառաջարկեի վերընթերցել այդ ոչ այնքան ծավալուն գլուխը եւ մտապահել այն բոլոր հարցերը, որոնց լուծումը ժողովուրդն ակնկալում է իշխանություններից։

Չեմ կարծում, թե հիմքեր կան ժողովրդի համեստագույն ակնկա­լիք­ների իրականացման հույսերը կապելու ներկա իշխանությունների հետ, քա­նի որ նրանք անցած տասը տարիների ընթացքում ոչ միայն այդ ուղղությամբ որեւէ քայլ չձեռնարկեցին, այլեւ, ընդհակառակը, ժողովրդին դատա­պար­տե­ցին կատարյալ ստրկության՝ ոտնահարելով արժանապատիվ կյանքի նրա բնա­կան իրավունքը եւ պղծելով նրա բոլոր սրբություններն ու բարոյական սկզբունք­ները։ Համոզված եմ նաեւ, որ ժողովուրդն այլեւս չի գայթակղվի նրանց խոս­տումներով կամ ընտրակաշառքով, եւ թույլ չի տա նրանց վեր­ար­տադրու­թյունը։ Հետեւաբար, «վերագտյալ դրախտի» երազանքի իրակա­նաց­ման կամ նորմալ պետության կայացման հիմքերը դնելու պատաս­խանա­տվու­թյունը կրելու են Հայաստանի Հանրապետության նոր իշխանությունները։

Ցավալի է նշել, որ անկախության 17-րդ տարում Հայաստանի հասա­րա­կու­թյունը հարկադրված է վերադառնալ քաղաքական եւ սոցիալ-տնտե­սա­կան բնույթի այնպիսի խնդիրների արծարծմանը, որոնք վաղուց պետք է գտած լինեին իրենց լուծումը։ Խոսքը վերաբերում է Անկախության շարժման գաղափարախոսության եւ Հայաստանի Հանրապետության Սահմա­նադրու­թյան հիմքում դրված հիմնարար սկզբունքներին, այն է՝ իշխանության ճյու­ղերի հավասարակշռություն, օրենքի գերակայություն, ժողովրդավարական ազա­տությունների ապահովում, մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտ­պանություն, շուկայական տնտեսակարգի արմատավորում, քաղա­քա­ցիական հասարակության ձեւավորում եւ այլն։ Թեեւ այս ամենը հստակորեն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Հիմնական օրենքում, սակայն իրականությունը դեռեւս շատ հեռու է արդիական պետության նրա հռչակած գաղափարախոսությունից։ Ուստի զարմանալի չպետք է թվա, որ նախագահի պաշտոնում իմ գործունեության ծրագրի առաջնահերթությունները, մանրա­մասնություններով հանդերձ, հանգելու են վերը նշված հիմնարար սկզբունք­ների վերահաստատմանը։ Դրա անհրաժեշտությունը բխում է նրանից, որ այդ սկզբունքների կիրառումը, դժբախտաբար, նույնքան այժմեական եւ հրատապ է այսօր, որքան տասնյոթ տարի առաջ։

Նորմալ երկրի ուրվանկարը՝ քաղաքական լեզվով

1. Ներքին քաղաքականության բնագավառում Հայաստանի Հանրա­պե­տու­թյան ապագա նախագահի իրականացնելիք առաջնահերթ խնդիրներն են.

– Սահմանադրական կարգի վերականգնումը, այն է՝ իշխանության ձե­ւա­վորումը բացառապես ազատ ընտրությունների միջոցով.

– Ներկա բրգաձեւ ավազակապետական համակարգի կազմաքանդումը, օրենս­դիր, գործադիր եւ դատական իշխանությունների անկախության եւ հավա­սա­րության ապահովումը.

– Լիարժեք ժողովրդավարության հաստատումը, խոսքի, մամուլի, խղճի ազատության երաշխավորումը, բազմակուսակցականության եւ պառլա­մեն­տա­րիզմի վերջնական արմատավորումը.

– Քաղաքացիական հասարակության ինստիտուտների՝ տեղական ինք­նակառավարման մարմինների, արհմիությունների, ստեղծագործական միու­թյունների, ոչ կառավարական կազմակերպությունների ամրապնդումը.

– Իրավապահ մարմինների եւ բանակի՝ քաղաքականության մեջ ներ­քաշ­վածության գոյություն ունեցող պրակտիկայի բացառումը.

– Վարչական ավելորդ օղակների վերացումը եւ վերջին տասը տարի­ների ընթացքում անհարկի ուռճացած պետական ապարատի կրճատումը։

2. Արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի նոր իշխա­նու­թյունների առջեւ կանգնած խնդիրների շարքում իրենց կարեւորությամբ առանձնանում են.

– Ազգային շահերի վրա հիմնված հավասարակշիռ եւ կառուցողական դիվանագիտության վերականգնումը, աշխարհի բոլոր երկրների հետ բարե­կա­մության եւ փոխշահավետ համագործակցության ձգտումը.

– Միջազգային կազմակերպությունների առջեւ ստանձնած պարտավո­րու­թյունների կատարումը, նախկինում կնքված միջպետական բոլոր պայմա­նագրերի նկատմամբ հավատարմության վերահավաստումը.

– Բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումն ու խորա­ցու­մը անմիջական հարեւանների՝ Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի հետ, կա­ռուցողական ջանքերի գործադրումը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարա­բերությունների կարգավորման ուղղությամբ.

– Հայաստանի քաղաքական եւ տնտեսական մեկուսացման հաղթահա­րումը, միջազգային եւ տարածաշրջանային տնտեսական համակարգերում երկրի ներգրավվածության աստիճանի բարձրացումը.

– Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում քա­ղաքական կամքի դրսեւորումը, հանդես գալով արցախահայության ինքն­որոշ­ման իրավունքի պաշտպանության եւ հարցի լուծման փոխզիջումային տարբերակի որոնման դիրքերից։

3. Օրինականության վերականգնման ասպարեզում ծրագրվում է իրա­կա­նացնել իրավական պետության կայացմանն ու երկրի բարոյա-հո­գե­բա­նա­կան մթնոլորտի առողջացմանն ուղղված հետեւյալ հրատապ միջոցառումները.

– Օրենքի առջեւ մարդկանց հավասարության եւ դատարանների լիա­կա­տար անկախության ապահովում՝ բացառելով իշխանության մյուս թեւերի կողմից դատավորների վրա գործադրվող որեւէ ճնշում.

– Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունների ընդլայնում՝ նպատակ հետապնդելով այդ ինստիտուտը վերածելու պետական հաստա­տությունների, մասնավորապես, իրավապահ մարմինների իրական եւ արդյու­նավետ հակակշռի.

– Անզիջում պայքար կոռուպցիայի, պաշտոնեական չարաշահումների, կաշառակերության, դրամաշորթության, վիճակագրական կեղծարա­րություն­ների, քրեական եւ տնտեսական հանցագործությունների դեմ.

– Բնակչության ձեռքում գտնվող ապօրինի զենքի եւ զինամթերքի կար­գավորված առգրավում, կազմակերպված հանցագործություններին, մանա­վանդ զինված ավազակախմբերի գործունեությանը վերաբերող օրենսդրու­թյան խստացում.

– Առանձնահատուկ վերաբերմունքի դրսեւորում անցյալում կատարված աղմկոտ հանցագործությունների՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության, քաղաքական մյուս սպանությունների, բենզինի եւ գազի ներկրման հետ կապ­ված մեքենայությունների, սեփականաշնորհման բնագավառում տեղի ունե­ցած չարաշահումների բացահայտման նկատմամբ.

– Հետեւողական աշխատանք ներկա իշխանությունների եւ նրանց հո­վա­նավորությունը վայելող որոշ ընկերությունների կողմից ժողովրդից հափշտակ­ված գումարները պետական գանձարան վերադարձնելու եւ դրանք գլխավորապես բնակչության սոցիալական կարիքների բավարարմանը ծառայեցնելու ուղղությամբ.

– Ակտիվ մասնակցություն տեռորիզմի, թմրաբիզնեսի, փողի լվացման, մարդկանց ապօրինի առեւտրի (թրաֆիկինգ) դեմ միջազգային հանրության կողմից հայտարարված անհաշտ պայքարին.

– Տնտեսական հանցագործությունների բացահայտման ընթացքում օրի­նականության լիարժեք գործադրում, վհուկների որսի եւ սեփականության վերաբաշխման միտվածության իսպառ բացառում.
 
– Ոստիկանության, Անվտանգության ծառայության, Դատախազության, Հարկային տեսչության, Մաքսային վարչության աշխատակիցների եւ դատա­վոր­ների աշխատավարձի կտրուկ հավելում՝ նրանց աշխատանքի արդյունա­վե­տությունը բարձրացնելու եւ ապօրինի եկամուտներ ստանալու գայ­թակղու­թյունից զերծ պահելու նպատակով։

4. Տնտեսական բնագավառում Հայաստանի հաջորդ իշխանու­թյունների առջեւ կանգնած գլխավոր մարտահրավերը արդյունաբերության զար­գացման խթա­նումն ու բնակչության կենսամակարդակի որակական փո­փո­խության ապա­հովումն է, ինչին նախատեսվում է հասնել հետեւյալ սկզբուն­քային միջոցա­ռումների իրականացման շնորհիվ.

– Կառավարման բարելավում, օրինականության հաստատում, բարե­փո­խումների նոր փաթեթի ընդունում, ստվերայնության կրճատում կամ, ավե­լի ճիշտ, պետական ռեկետի վերացում.

– Շուկայական տնտեսության երեք հիմնական սկզբունքների հետեւո­ղական գործադրում, ինչը ենթադրում է՝ տնտեսավարող սուբյեկտներին հա­վասար հնարավորությունների ընձեռում, ազատ մրցակցության ապահովում եւ սեփականության անձեռնմխելիության երաշխավորում.

– Օրինականության եւ լիակատար թափանցիկության ապահովում սե­փականաշնորհման, պետական գույքի եւ հողի վաճառքի, աճուրդների եւ տենդերների կազմակերպման, լիցենզիաների տրամադրման եւ շինարա­րա­կան աշխատանքների թույլտվության հարցերում.

– Հարկային օրենսդրության կատարելագործում, հարկման բազայի ընդ­լայ­նում, հարկային բեռի հավասարաչափ բաշխում, խոշոր ձեռներեցների անխտիր ընդգրկում հարկման դաշտ, «Պարզեցված հարկի օրենքի» գործա­դրման շարունակում, պետության կողմից հարկային կանխավճարների եւ ավե­լացված արժեքի հարկի վերադարձման երաշխավորում.

– Հակամենաշնորհային քաղաքականության հետեւողական իրագոր­ծում, ներմուծվող ապրանքների շուկայում քվոտաների բաշխման եւ մենա­շնոր­հային դիրքի առաջացման անթույլատրելիություն, ոչ բարեխիղճ մրցակ­ցության կամ մենաշնորհային գործելակերպի պարագայում օրենքով նախա­տեսված խիստ պատժամիջոցների կիրառում.

– Արտադրության խթանմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների իրականացում, նկատի ունենալով, մասնավորապես, հիմնական կապի­տա­լում ներդրվող միջոցների հաշվառումը արտադրանքի ինքնարժեքի կազմում եւ դրանց ազատումը շահութահարկից, ինչպես նաեւ շահութահարկից կան­խավճարներ մուծելու պրակտիկայի դադարեցումը եւ ներքին արտադրողի շահերի հավասարեցումը ներմուծողի նկատմամբ.

– Պետական աջակցության ցուցաբերում բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության, մասնավորապես, ինֆորմացիոն եւ տելեկո­մու­նիկացիոն բնագավառներում գործող արտադրությունների եւ մատուցվող ծառայությունների զարգացման, ինչպես նաեւ՝ արագագործ եւ մատչելի ին­տերնետային ցանցի համատարած ներդրման գործում.

– Գյուղացիական տնտեսությունների սպասարկման ենթակառուց­վածք­ների ստեղծում, որոնց տակ ենթադրվում են՝ այդ տնտեսությունների ֆի­նանսավորման կազմակերպման, ագրոսպասարկման, ոռոգման, գյուղ­մթերք­ների վերամշակման եւ իրացման համակարգերը. որպես գյուղատնտե­սու­թյան զարգացմանն ուղղված լրացուցիչ միջոցներ նախատեսվում են՝ պե­տու­թյան մասնակ­ցու­թյամբ գյուղացիական տնտեսությունների բերքի պարտա­դիր ապահովա­գրու­մը, ներմուծվող սերմնացուի վրա ավելացված արժեքի հարկի տարածման վերացումը եւ դիզելային վառելիքի ազատումը ակցի­զա­յին հարկից, ինչպես նաեւ՝ պետության կողմից պարբերական աջակցության ցուցաբերումը սերմ­նացուի, պարարտանյութերի, տոհմային հոտի ձեռք­բեր­ման գործում.

– Բանկային գործունեությանը վերաբերող օրենսդրության վերանայում, մասնավորապես, Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությունների ընդ­լայ­նում՝ ի հաշիվ նրա նախագահին վերապահված անհամաչափ լիազորու­թյունների, նոր բանկերի գրանցման պահանջների մեղմացում, ներդրումային հիմնադրամների, ֆոնդային բորսայի, վարկային կազմակերպությունների գոր­ծունեության խթանում։

5. Սոցիալական ոլորտում Հայաստանի նոր իշխանությունների գործու­նեության հիմքում ընկած են լինելու աղքատության վերացման, զբաղվա­ծու­թյան եւ ծնելիության խթանման խնդիրները, որոնց լուծման համար, առա­ջին հերթին, ծրագրվում է իրականացնել հետեւյալ անհետաձգելի միջոցառումները.

– Բնակչության իրական եկամուտների անշեղ աճի ապահովում՝ միջին աշխատավարձի գծով՝ տարեկան շուրջ 20, իսկ թոշակների գծով՝ շուրջ 30-40 տոկոսի չափով, ինչպես նաեւ՝ պետության կողմից մասնավոր կենսաթոշա­կա­յին հիմնադրամների գործունեության երաշխավորում.

– Երեխաների ծննդյան համար մայրերին տրվող միանվագ նպաստների կտրուկ հավելում՝ 2008 թվականից եւեթ դրանք սահմանելով՝ 500.000, երրորդ երեխայից սկսած՝ 1.000.000, իսկ հինգերորդ երեխայից սկսած՝ 1.500.000 դրամի չափով.
 
– Բնակչության խորհրդային ավանդների ձեւակերպումը որպես պետա­կան պարտատոմսեր՝ դրանք մարելով կրկնակի անգամ ավելի արագ եւ կրկնակի անգամ ավելի մեծ ծավալներով, քան նախատեսված է 2005 թվա­կանին ընդունված օրենքով.

– Ի տարբերություն, այսպես կոչված, էլիտար շինարարության խթան­մանը, պետության կողմից սոցիալական բնակարանային շինարարության լայ­նածավալ ծրագրի իրականացում, որի խնդիրն է երիտասարդ կամ բնա­կարանազուրկ ընտանիքներին անվարձ տրվող բնակարաններով ապահովումը.

– Առ 1-ը հունվարի 2005 թ. դրությամբ զինվորական ծառայությունից խուսափած եւ արտասահմանում ապաստանած շուրջ քսան հազար երիտա­սարդների նկատմամբ համաներման կիրառում, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պարագայում զինված ուժերի զգալի կրճատում եւ աստիճանական անցում պայմանագրային ծառայության.

– Առողջապահության, կրթության, գիտության ոլորտներում պետական ծրագրերի դերի եւ տեսակարար կշռի մեծացում, հավաստագրային եւ հաս­ցեագրված ֆինանսավորման համակարգերի ներդրում, մասնավոր կապի­տալի ներգրավվածության ընդլայնում, ապահովագրական եւ հիպոթեկային հիմնադրամների հնարավորությունների լիարժեք օգտագործում, բուհական ուսման վարձերի ձեւավորումը կանոնակարգող եւ դրանց աճը զսպող մեխանիզմների կիրառում, Հայաստանի բուհերի օժտված ուսանողների կրթությունն արտասահմանում կազմակերպելու նպատակով պետական հատուկ հիմնադրամի ստեղծում։

Այսպիսով, ամենահամեստ հաշվարկներով, Հայաստանի Հանրա­պետու­թյան սոցիալ-տնտեսական զարգացման ներկայացվող ծրագրի համաձայն նախատեսվում է՝ 2008-2012 թթ. ընթացքում կրկնապատկել երկրի համա­խառն ներքին արդյունքը, եռապատկել պետական բյուջեն ու միջին աշխա­տա­վարձը եւ քառապատկել միջին կենսաթոշակը։ Ինքնըստինքյան հաս­կա­նալի է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, շրջա­փա­կումների վերացման եւ հայ-թուրքական սահմանի բացման պարագայում սպասելի են շատ ավելի տպավորիչ արդյունքներ։

* * *

Ցանկացած ընտրություն եթե ոչ անպայման պառակտում, ապա որո­շակի լարվածություն է առաջացնում հասարակության մեջ։ Ուստի ապագա նախագահից պահանջվում է իր գործունեության առաջին իսկ օրվանից լուրջ քայլեր ձեռնարկել այդ լարվածությունը մեղմելու եւ հանդուրժողականության ու ազգային համախմբման մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ։ Վստահեցնում եմ, որ հաղթանակի պարագայում ես անշեղորեն առաջնորդվելու եմ այդ գիտակցությամբ։

6 հունվարի, 2008 թ.