Նոր տարին մեզ համար երկու լրջագույն խորհուրդ ունի` այն ամփոփում է մեկ տարվա եղած-չեղածն ու նոր սպասելիքներ է ուրվագծում: Որպես կանոն, անցածը մեզ քիչ է գոհացնում, միշտ էլ թվում է, որ կարելի էր ավելի իմաստալի, ավելի արդյունավետ, ավելի արդար կամ ավելի հաջողակ տարի ավելացնել տարիների պաշարին: Իր բնականոն ավարտին մոտեցող 2007 թվականն ավելի շատ սպասումների, քան ամփոփումների տարի է` թերեւս այն պատճառով, որ այն իր էստաֆետը փոխանցելու է Հայաստանի ճակատագրի համար բախտորոշ
2008 թվականին: Հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունները ոչ միայն մեկ, այլ` առնվազն հինգ տարվա սպասելիքներ են խորհրդանշելու: Եվ որպեսզի մեր սպասելիքներն անտեր ու անտիրակալ չսավառնեն հրավառ երկնքում ու արագորեն չհանգչեն վայրկյաններ անց, մենք «168 Ժամի» բոլոր ընթերցողներին մաղթում ենք ամուր եւ առողջ կամք` արժանի ընտրություն կատարելու համար:
Իսկ մեր թերթի հաջորդ համարը լույս կտեսնի 2008 թվականի հունվարի 15-ին: