«Հույս ունենք, որ մինչեւ ՀՀ-ում կայանալիք նախագահական ընտրությունները կարելի է հասնել բանավոր համաձայնության»

25/12/2007

– Ինչպե՞ս եք գնահատում անցնող տարին ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից: Կողմերը մոտեցե՞լ են խաղաղությանը, թե՞ այս տարի դիրքորոշումների էական մերձեցում չի արձանագրվել:

– Միջնորդները զգալի առաջընթացի են հասել 2007 թ. բանակցությունների ընթացքում: Չնայած, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հունիսին Սանկտ Պետերբուրգում համաձայնության չեկան, դրանից հետո կողմերին հաջողվեց կրճատել այն հարցերի քանակը, որոնց շուրջ նրանք տարաձայնություններ ունեն: Համանախագահները բազմիցս այցելել են տարածաշրջան եւ աշխատել են երկու նախագահների հետ` հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների կատարելագործման ուղղությամբ:

– Մադրիդում կայացած հանդիպման ժամանակ դուք կողմերին լրացումներ ներկայացրեցիք այն հարցերի վերաբերյալ, որոնց շուրջ դեռեւս մնում են տարաձայնություններ, եւ հասկացրեցիք, որ նոր լրացումներ չեն լինելու: Արդյո՞ք դա նշանակում է, որ եթե կողմերը չպայմանավորվեն առկա սկզբունքների շրջանակներում, «Պրահայի գործընթացը» կդադարի գոյություն ունենալ:

– Մադրիդում նախարարներ Լավրովը եւ Կուշները եւ պետքարտուղարի տեղակալ Բարնսը Հայաստանի եւ Ադրբեջանի իրենց պաշտոնակիցներին փոխանցեցին հիմնական սկզբունքների վերջին խմբագրումը: Այդ նախագիծն առաջարկներ է ընդգրկում փոքր քանակությամբ հարցերի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա տարաձայնությունների հաղթահարման ուղղությամբ: Մադրիդի հանդիպումը նաեւ հնարավորություն տվեց ցուցադրել Մոսկվայի, Փարիզի եւ Վաշինգտոնի քաղաքական աջակցությունը համանախագահներին:

Մենք նախատեսում ենք տարածաշրջան այցելել 2008 թվականի հունվարի կեսերին` վերջին առաջարկությունների նկատմամբ Քոչարյանի եւ Ալիեւի արձագանքն իմանալու համար: Համանախագահները հույս ունեն, որ նախագահները բանավոր համաձայնության կգան այդ փաստաթղթի վերաբերյալ` մինչեւ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները: Նման բանավոր համաձայնության ձեռքբերումը թույլ կտա սկսել բանակցությունները խաղաղ համաձայնագրի շուրջ:

Ինչ վերաբերում է «Պրահայի գործընթացին», ապա դրա տակ մենք հասկանում ենք բանակցությունների վերսկսումը 2004 թվականին` բավականին երկար դադարից հետո: 2004թ. գարնանը Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումները, որոնց սկիզբը դրվեց Պրահայում, վերաճեցին երկու երկրների նախագահների ուղիղ հանդիպումների: Այլ խոսքով, «Պրահայի գործընթացը» դուրս եկավ նոր մակարդակի, որի արդյունքում բանակցային գործընթաց ներմուծվեցին նոր գաղափարներ: Մադրիդում կողմերին առաջարկված հիմնական սկզբունքները նախագահների միջեւ կայացած ակտիվ բանակցությունների արդյունքն են:

– 2006թ. սեպտեմբերին մեր գործակալությանը տված հարցազրույցում դուք ասում էիք. «ակնհայտ է այն փաստը, որ կողմերից ոչ մեկը չի համաձայնում հիմնական սկզբունքների հետ. մեկն ասում է, որ «մենք խնդիրներ ունենք այդ սկզբունքների հետ», իսկ մյուսը` «մենք համաձայն ենք դրանց հետ սկզբունքորեն, սակայն ունենք մի քանի չնչին փոփոխություններ»: Կարելի՞ է արդյոք պնդել, որ այդ իրավիճակը որեւէ փոփոխություններ չի կրել:

– Մադրիդում առաջարկված հիմնական սկզբունքները կարելի է դիտարկել որպես վերջին երեք տարիների բանակցությունների արդյունք: Հիմնական սկզբունքները, որոնք մենք ունենք այսօր, նույնական չեն այն սկզբունքների հետ, որոնցից մենք սկսել ենք: Հիմնական հայեցակարգային ձեւաչափը գրեթե անփոփոխ է մնացել, սակայն վերջին 3 տարիների ընթացքում տարբեր փուլերում առաջացել են նոր գաղափարներ եւ նոր մոտեցումներ: Միջնորդների կողմից հաշվի առնված որոշ փոփոխություններ էական են եւ երկու կողմերի կարեւոր փոխզիջումների արդյունքն են: Դա բարենպաստ եւ անհրաժեշտ զարգացում է խաղաղ համաձայնության հասնելու համար:

– Արդյո՞ք կարգավորման առանցքային սկզբունքներից մեկը դեռեւս կապված է Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու հետ: Դուք հավատո՞ւմ եք, որ Ադրբեջանն անկեղծորեն պատրաստ է համաձայնել հանրաքվեի գաղափարի հետ:

– Միջնորդները կոչ են արել պաշտոնատար անձանց եւ ԶԼՄ-ներին՝ ձեռնպահ մնալ հիմնական սկզբունքների վերջին ձեւակերպումների նկարագրումից` մինչեւ նախագահները չուսումնասիրեն առաջարկության առանձնահատկությունները:

– Այդ նույն հարցազրույցում դուք ասել էիք, որ երբ կողմերի միջեւ վերականգնվի որոշակի մակարդակի վստահություն, այդ ժամանակ իրատեսական կլինի խոսել Քելբաջարն Ադրբեջանին վերադարձնելու մասին` այնպիսի տարրերի դիմաց, ինչպիսին, օրինակ, հանրաքվեի անցկացումն է Լեռնային Ղարաբաղում: Չե՞ք կարծում, որ հաշվի առնելով վստահության բացակայությունը, նման բանաձեւը չի աշխատի:

– Կողմերի միջեւ վստահությունը շատ կարեւոր է: Հենց այդ պատճառով էլ բանավոր համաձայնությունը հիմնական սկզբունքների վերաբերյալ մեծ առաջընթաց քայլ կլինի: Հենց որ կողմերը խաղաղ կարգավորման պարտավորություն ստանձնեն` հավանություն տալով հիմնական սկզբունքներին, ավելի հեշտ կլինի իրագործել վստահության ամրապնդմանն ուղղված միջոցները` ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու նպատակով: Երկու երկրների ղեկավարներն ունեն իշխանություն, որպեսզի անվստահության արատավոր շրջանը ձեւափոխեն փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա հիմնված «վստահության շրջանի»:

– Միջնորդները բազմիցս ասել են, որ գոյություն ունեցող առաջարկը հավասարակշռված է եւ արդար, եւ այն ընդունելու համար կողմերին անհրաժեշտ է քաղաքական կամք ցուցաբերել: Ի՞նչն է, ձեր կարծիքով, խանգարում Քոչարյանին եւ Ալիեւին՝ ցուցաբերել այդ քաղաքական կամքը: Չե՞ք կարծում, որ երկու ղեկավարները պարզապես չեն վստահում միմյանց, եւ այդ պարագայում բարդ է փոխզիջումների գնալու պատրաստակամություն ակնկալել նրանցից:

– Նախագահները պետք է իրենք համոզված լինեն նրանում, որ միջնորդների առաջարկը խոստանում է իրական ձեռքբերումներ եւ համապատասխանում է նրանց երկրների ազգային շահերին: Երբ նախագահներից յուրաքանչյուրը խոստովանի, որ ինքն ու իր պաշտոնակիցը հասել են վերջնակետին՝ զիջումների որոնման մեջ, նրանք պետք է կայացնեն վճռական ընտրություն` համաձայնել սեղանին գտնվող արդար փոխզիջման հետ, կամ սկսել զրոյից` զինված հակամարտության առաջացման ռիսկով: Մենք հույս ունենք, որ նախագահները կընտրեն հիմնական սկզբունքները, որոնք ուրվագծում են խաղաղ եւ երկարաժամկետ կարգավորում:

– Մադրիդում ընդունված հայտարարությունում միջնորդները կողմերին կոչ արեցին զերծ մնալ հայտարարություններից, որոնք ենթադրում են ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման հնարավորությունը: Մինչդեռ, Հայաստանում ոչ ոք նման հայտարարություններ չի անում, իսկ փոխարենը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարը վերջերս հայտարարեց, որ «պատերազմի վերսկսման հավանականությունը կազմում է 100 տոկոս»: Ձեզ չի՞ թվում, որ եկել է ժամանակը՝ միանշանակորեն եւ առանց երկիմաստության դատապարտել Ադրբեջանի նման հայտարարությունները, որոնք չեն կարող չանդրադառնալ հայկական կողմի` փոխզիջումների գնալու պատրաստակամության վրա:

– Միջնորդները վերահաստատում են իրենց կոչը երկու կողմերին` նախապատրաստել իրենց ժողովուրդներին խաղաղությանը եւ անխուսափելի փոխզիջումների: Մենք նաեւ կոչ ենք անում երկու կողմերին՝ հրաժարվել ռազմատենչ հռետորությունից: Բարեբախտաբար, Հայաստանի, Ադրբեջանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները հասկանում են, որ նոր պատերազմը աղետ կլինի ողջ տարածաշրջանի համար:

– Եթե Հայաստանում նախագահ ընտրվի գործող վարչապետը, իսկ Ադրբեջանում վերընտրվի Իլհամ Ալիեւը, բանակցությունները կշարունակվե՞ն այն կետից, որի վրա գտնվում են այսօր:

– Գաղափարների ներկայիս փաթեթը միակ տրամաբանական եւ իրագործելի ճանապարհն է հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Թվում է, որ երկու կողմերն էլ ընդունում են այդ իրողությունը, եւ մենք հույս ունենք, որ նախագահական ընտրությունները երկու երկրներում վնաս չեն հասցնի բանակցություններին:

– Դուք դեռ հավատո՞ւմ եք, որ Ալիեւը եւ Քոչարյանը կարող են պայմանավորվել կարգավորման սկզբունքների շուրջ մինչեւ 2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները:

– Մենք հույս ունենք, որ մինչեւ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները կարելի է հասնել բանավոր, կամ, ինչպես մենք ենք ասում` ջենթլմենական համաձայնության:

– Ամերիկյան վարչակազմը դրական գնահատական էր տվել այս տարվա մայիսին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին: Ինչպիսի՞ն են ձեր ակնկալիքներն առաջիկա նախագահական ընտրություններից:

– Առաջիկա ընտրությունները կարեւոր պահ են Հայաստանի համար ժողովրդավարության անցման ճանապարհին, քանի որ հնարավորություն են տալիս միավորել ձեռքբերումները քաղաքական ազատությունների եւ քաղաքացիական իրավունքների ոլորտում: Բարելավման համար միշտ էլ տեղ կա, եւ մենք հույս ունենք, որ կառավարությունը կօգտագործի այդ հնարավորությունը եւ կանցկացնի ամենաազատ եւ ամենաարդար ընտրությունները Հայաստանի պատմության մեջ: Ի թիվս այլոց, դա նշանակում է նաեւ ազատ եւ գրաքննությունից զերծ մամուլի գոյության երաշխավորում: Մենք կարծում ենք, որ Հայաստանի կառավարությունը հասկանում է իր շահը ազատ եւ արդար ընտրությունների անցկացման մեջ, եւ ողջունում ենք ԵԱՀԿ դիտորդներին հրավիրելու որոշումը:

հատուկ «168 ԺԱՄ»-ի համար