Ինչպե՞ս են բաշխվել Րաֆֆիի ընտրազանգվածի ձայները

25/12/2007 Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆ

Հայկական սոցիոլոգիական ընկերակցությունը դեկտեմբերի 1-9-ը ժամանակահատվածի համար դարձյալ սոցհարցումներ է անցկացրել:

Դրանց արդյունքները այնուհետեւ նախապատրաստել, համակարգել եւ վերլուծել է «Baltic Surveys/The Gallup» հեղինակավոր ընկերությունը: Հետազոտությունը պատվիրել է Միջազգային հանրապետական ինստիտուտը` IRI-ը, որը ֆինանսավորել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը` USAID-ը: Հիշեցնենք, որ «Գելլապն» իր նախորդ հարցումը կատարել էր հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածի համար: Հարցվածների 25%-ի կարծիքով` վերջին 3 ամսում Հայաստանում տնտեսական իրավիճակը փոքր-ինչ բարելավվել է. ի դեպ, այս ցուցանիշը նախորդից 4%-ով նվազել է: Ինչպես նախորդ հարցման ժամանակ, այս անգամ եւս` հարցին, թե երկրի առջեւ ծառացած խնդիրներից առաջին հերթին ի՞նչն է մտահոգում բնակչությանը, հարցման մասնակիցները պատասխանել են` ՀՀ-ում առկա գործազրկությունը, սոցիալ-տնտեսական իրավիճակը եւ ԼՂ հակամարտության խնդիրը: Հարցվածներն այս անգամ փոքր-ինչ ավելի են կարեւորել ժողովրդավարությունը: «Գելլապի» այս հարցումները հիմնականում արվում են ՀՀ նախագահական ընտրությունների շրջանակում` նախագահի թեկնածուների վարկանիշը ստուգելու նպատակով: Այս առումով, թերեւս, հետաքրքիր է այն, որ հարցմանը մասնակիցների ընդամենը 2%-ն է կարեւորել իշխանափոխությունը եւ առաջիկա ընտրությունները (ընդ որում` նախորդ հարցման ժամանակ նման կարծիք ունեցողների 3%-ն էր կարեւորել): «Գելլապն» այս անգամ հարցումն անցկացրել է թեկնածուների 2 ցանկով. մեկում Րաֆֆի Հովհաննիսյանի անունը նշված էր, մյուսում` ոչ:

Օրերս «Առավոտում» «Գելլապի» հետազոտությունը գաղտնազերծել էր Ր. Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունը: Բնականաբար, նրանք ներկայացրել էին իրենց տրված արդյունքները, այն ցանկով, որում կար նաեւ Ր. Հովհաննիսյանի անունը: Ըստ այդմ, հոկտեմբերին անցկացված արդյունքների համեմատ Ր. Հովհաննիսյանի վարկանիշն աճել է: «Ժառանգությանը» հոկտեմբերին դրական էր վերաբերվում հարցման մասնակիցների 55%-ը, իսկ այժմ` 57%-ը: Իսկ Ր. Հովհաննիսյանի դրական վարկանիշը դեկտեմբերին 63% է, բացասականը` 30%: Հարցին, թե ո՞ւմ օգտին կքվեարկեին, եթե ընտրությունները կայանային հաջորդ կիրակի, նախորդ հարցման համեմատ անփոփոխ է մնացել իրենց ձայնը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին տվող պատրաստվողների թիվը: Այսպիսով, վարչապետը դարձյալ առաջին տեղում է` 29%-ով: 2-3-րդ տեղերում 12%-ով Ր. Հովհաննիսյանն ու Արթուր Բաղդասարյանն են: Երկու թեկնածուներին ձայն տվողների քանակն ավելացել է. հոկտեմբերին ՕԵԿ առաջնորդի օգտին քվեարկելու պատրաստակամություն էր հայտնել հարցվողների 11%-ը, իսկ Ր. Հովհաննիսյանի օգտին` 9%-ը: «Ազգային Միաբանություն» կուսակցության տվյալներով` այս ցուցակում իրենց առաջնորդ Արտաշես Գեղամյանը զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը` 6% վարկանիշով: ՀՅԴ-ից «Գելլապի» հարցման արդյունքների մասին մեր հարցմանը խուսափեցին պատասխանել` հղում կատարելով երեկ Վ. Հովհաննիսյանի` ասուլիսում սոցհարցումների մասին հնչեցրած կարծիքին: ՀՅԴ թեկնածուն կեղծ է համարում այն սոցհարցումները, ըստ որի` առաջատարը Սերժ Սարգսյանն է, իսկ ինքը ամենավերջին տեղերում է: Ըստ Վ. Հովհաննիսյանի` իրենց իրականացրած հարցումները ցույց են տալիս, որ ինքը ներկայացվող տվյալից առնվազն 3 անգամ ավելի ձայն ունի, եւ, որ ինքը վարկանիշով 2-րդն է: Իսկ թե ո՞վ է առաջին տեղում եւ ձայների ի՞նչ տարբերությամբ, ՀՅԴ թեկնածուն գերադասել է չասել: Վ. Հովհաննիսյանը, ով հավատում է իրենց անցկացրած հարցումներին, չի հավատում, որ Սերժ Սարգսյանն ունի այդքան վարկանիշ, որքան ներկայացնում են հարցումները, ինչպես նաեւ չի հավատում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ ունի մոտ 52% վարկանիշ, ինչպես ներկայացնում է Տեր-Պետրոսյանի թիմը: Եվ եթե ՀՅԴ թեկնածու Վ. Հովհաննիսյանը հավատում է իրենց հարցումներին, ապա ՀՀԿ-ն էլ պետք է միանշանակ հավատա իրենց անցկացրած հարցումներին, ըստ որի` Սերժ Սարգսյանը այս պահին մոտ 60% վարկանիշ ունի: Հասկանալի է` քաղաքական գործիչները սոցհարցումներին վստահում են միայն այն դեպքում, երբ դրանց արդյունքներն իրենց համար գոհացուցիչ են: Վ. Հովհաննիսյանը` հիշեցնելով ԱԺ ընտրությունները, ասել էր, թե «աչքի ընկնող սոցհարցումներ անցկացնելու վրա մասնագիտացած մարդկանց սոցհարցումների արդյունքները ԱԺ ընտրություններից առաջ ՀՅԴ-ի համար ցույց էին տալիս մի այնպիսի վարկանիշ, որից 3-4 անգամ ավելի ձայն ստացավ ՀՅԴ-ն»: Սակայն չպետք է մոռանալ, որ ԱԺ ընտրությունների ժամանակ քաղաքացին ձայն էր տալիս ՀՅԴ համամասնական ցուցակին, իսկ այս դեպքում կոնկրետ անձին` Վ. Հովհաննիսյանին: Իսկ այդ պարագայում` ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՅԴ ստացած ձայների տոկոսը կարող է չպահպանվել: Նկատենք, որ նույնիսկ ՀՅԴ-ում ՀՀ նախագահի թեկնածուներ որոշելիս շատ-շատերի համակրանքը Արմեն Ռուստամյանի կողմն էր եւ ոչ թե Վ. Հովհաննիսյանի:

Եվ այսպես, մեր տեղեկություններով, ըստ «Գելլապի», ՀՅԴ թեկնածու Վ. Հովհաննիսյանը զբաղեցնում է ցուցակի 5-րդ տեղը` 4% վարկանիշով: Նրան հաջորդում են ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Տիգրան Կարապետյանը: Բավական հետաքրքիր է նաեւ «Գելլապի» մյուս ցանկը` առանց Ր. Հովհաննիսյանի: Ըստ այդմ, առաջին տեղում` 35% վարկանիշով՝ Սերժ Սարգսյանն է, երկրորդ տեղում` 13%-ով Արթուր Բաղդասարյանը, երրորդ տեղում` 6%-ով՝ Արտաշես Գեղամյանը, չորրորդում` 5%-ով` Վահան Հովհաննիսյանը: Այս արդյունքները հետաքրքիր են այն առումով, որ Ր. Հովհաննիսյանի ընտրազանգվածի ձայները հիմնականում բաշխվել են իշխանական բուրգը ներկայացնող 2 թեկնածուներ Սերժ Սարգսյանի եւ Վահան Հովհաննիսյանի, ինչպես նաեւ՝ կիսաընդդիմադիր Արթուր Բաղդասարյանի միջեւ: Այստեղից կարելի է եզրակացնել, որ 2007թ. մայիսյան ԱԺ ընտրությունների ժամանակ Ր. Հովհաննիսյանի էլեկտորատը ծայրահեղ ընդդիմադիր ընտրազանգված չէր: Այսինքն` նրան սատարողները կառուցողական եւ բարեփոխումների կողմնակից քաղաքացիներ են: