Երեկ ասուլիս են հրավիրել ՀՀ նախագահի միանգամից երեք թեկնածուներ՝ Վահան Հովհաննիսյանը, Արման Մելիքյանն ու Արամ Հարությունյանը:
Իր ասուլիսում ՀՅԴ-ական Վ. Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ՀՅԴ-ն հերթական անգամ հանդես է գալիս նախաձեռնությամբ, որը նորություն է հայրենի քաղաքական դաշտում: Այս նոր նախաձեռնության էությունը հետեւյալն է. ՀՀ նախագահի թեկնածու Վ. Հովհաննիսյանի եւ ՀՀ քաղաքացիների միջեւ կկնքվի համաձայնագիր, որի նպատակն է՝ ճշտել կուսակցության հնարավորությունները, ճիշտ գնահատել ուժերը, եւ արդյունքները դարձնել հիմք հետագա քարոզչության համար: Վ. Հովհաննիսյանը երեկ հրավիրած ասուլիսում կարծիք է հայտնել, թե սա ժողովրդի հետ շփվելու հերթական ձեւերից մեկն է: Ըստ համաձայնագրի, Վ. Հովհաննիսյանը պարտավորվում է ապահովել մի շարք կենսական նշանակություն ունեցող դրույթներ. «ազատ ընտրություններ, սոցիալական փոփոխություններ, քաղաքական կայունության պայմաններում, սոցիալական համերաշխություն, ազատ քաղաքացի եւ արդար համակարգ, միասնական հայություն միասնական հայրենիքում»: Արդեն պատրաստվել է 400 հազար համաձայնագիր, իսկ արդյունքները կհրապարակվեն նախընտրական քարոզարշավի մեկնարկից հետո: Իսկ մինչ այդ, ըստ Վ. Հովհաննիսյանի, նախընտրական շրջանն աչքի է ընկնում մի քանի առանձնահատկություններով: Ըստ նրա, ժամանակից շուտ ասպարեզ են նետվել առասպելներ, որոնց մի մասն իրականությանը չի համապատասխանում (կարելի է ենթադրել, թե կան նաեւ առասպելներ, որոնք համապատասխանում են իրականությանը): Երեկ նա հերքել է խոսակցությունները, թե ամեն ինչ կանխորոշված է, եւ իմաստ չունի պայքարել գալիք ընտրություններում: «Ամեն ինչ կանխորոշված լինելու մասին խոսում են այն ժամանակ, երբ ինքնավստահությունը կեղծ է»,- ասել է Վ. Հովհաննիսյանը: Նա «առասպել» է համարել նաեւ սոցիոլոգիական հարցումների արդյունքները, որոնք տարբեր ճամբարների պատվերով տարբեր պատկերներ են նկարագրում: Նա չի հավատում նաեւ Սերժ Սարգսյանի՝ ներկայացվող բարձր վարկանիշին: Վ. Հովհաննիսյանն ասել է նաեւ, որ իրենք էլ են հարցումներ անցկացնում, եւ դրանց արդյունքներով ինքը երկրորդ տեղում է: «Մենք վճռական ենք, գնալու ենք մինչեւ վերջ՝ հաղթելու մտադրությամբ»,- վստահեցրել է ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ-ի նախագահի թեկնածու Վ. Հովհաննիսյանը: Իսկ նախագահի մեկ այլ թեկնածու՝ ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը երեկ հերթական անգամ հայտարարել է, թե նախագահական ընտրություններում իր առաջադրման հիմնական պատճառն այն է, որ այն մոտեցումները, որոնք ինքը դավանում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, որեւէ թեկնածու չի ներկայացրել: Ա. Մելիքյանը նաեւ հայտարարել է, թե Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին հայտարարությունը պարադոքս է պարունակում: Բանն այն է, որ ըստ Ա. Մելիքյանի՝ Լ. Տեր-Պետրոսյանը վերադարձնելու է ԼՂ վերահսկողության տակ գտնվող տարածքներ, իսկ ինքը չի կարծում, թե Ժ. Սէֆիլյանը դավաճանել է իր սկզբունքներին եւ այժմ կողմ է տարածքներ հանձնելուն: Ի դեպ, Ա. Մելիքյանը երեկ նաեւ ասել է, թե ինքը դրածո թեկնածու չէ, որոնց առկայության մասին շաբաթ օրը հայտարարել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը: Սակայն Վ. Հովհաննիսյանը գտնում է, որ այդ հայտարարությունն անելու համար առաջին նախագահը բավական մեծ հիմքեր ունի: Նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանն էլ է վստահեցրել, որ ինքը դրածո թեկնածու չէ: Նա երեկ հայտարարել է, թե հավասար պայմանների դեպքում ինքն ընտրություններում հաղթելու իր շանսերը շատ բարձր է գնահատում: Ա. Հարությունյանը նշել է, սակայն, թե պայմանները հավասար չեն, եւ իր նկատմամբ սեւ PR է արվում: