Ոչ թե խոսքի, այլ գործողությունների ազատություն

12/05/2005 Արտակ ՄԱՐՄԱՐՅԱՆ, հեռուստատեսության աշխատակից

Լրագրողների ինկուբատոր

Ազատ մամուլ հենց այնպես չի լինում: Ազատ մամուլն ազատ մտածողությամբ
լրագրողների հավաքական որակն է: Նույնիսկ տոտալ գրաքննության պայմաններում
եթե 100 լրագրողից 80-ն ազատ է, ապա գրաքննությունը նահանջում է կամ
վերանում: Մեզ մոտ մամուլը ոչ վերացած է, գրաքննությունն էլ՝ ոչ
առաջադիմած, ոչ նահանջած: Ե՞րբ, որքա՞ն. որոշում է իշխանությունը: Ինչո՞ւ.
այս հարցին պատասխանելու համար պետք է նայել, թե ովքեր են այսօր «դառնում»
լրագրողներ: Խոսքն առաջին հերթին հեռուստալրագրողների մասին է: Նրանց
աշխատանքը ՀՀ յուրաքանչյուր հեռուստացույց ունեցող քաղաքացի կարող է
տեսնել եւ գնահատել ամեն օր, եթե դեռ հավատում է, որ այն, ինչ անվանում են
հեռուստառեպորտաժ, գոնե ֆորմալ առումով որեւէ աղերս ունի դրա հետ:

Եվ այսպես, հեռուստալրագրող են դառնում նրանք, ովքեր «գրել» գիտեն.
այսինքն՝ տիրապետում են փաստային կամ պետականամետ-պաթոսային ոճին.
այսինքն՝ նրանք, ովքեր երբեք չեն կարողանա ստեղծել իրենց ոճը: Նրանք
ասելու բան չունեն, բայց խոսել ուզում են: Թաքնված իրականությունը, ոչ
աներկբա փաստը նրանց չի էլ հետաքրքրում: Ընդհանրապես, իրադարձությունը
լուսաբանելիս, նրանց հետաքրքրության սանդղակը 1.30 րոպեի համար օպերատորի
«հավաքած» կադրերն են: Մեծ հաշվով, դա էլ չի հուզում: Նրանք միայն իրենց
վրա են բեւեռված: Չնայած, դա էլ է խիստ հարցական: Սա է ստանդարտը: Իսկ
առանձին վերցրած անհամապատասխանությունները կամ խի՜ստ եզակի
բացառությունները, ինչպես միշտ, գալիս են ապացուցելու ընդհանուր
օրինաչափությունը եւ գոյություն ունեցող հրեշավոր նորմաների համատարած
բնույթը: Այդ պատճառով, ՀՀ միջին վիճակագրական ոչ մի քաղաքացի,
ամենամոլեռանդ հեռուստադիտողը չի կարողանա գոնե մեկ հեռուստալրագրողի
անուն ասել: «Նրանք» շատ են եւ միմյանց նման: Ինկուբատորի ճտերին, փաստ է,
անունով չեն կնքում: Ընդամենը գլխաքանակ են ապահովում:

Հեռուստատեսություն. հայացք ներսից

Հեռուստատեսությունում այսօր հաջողելը գրեթե անհնար է: Այսօր
հեռուստատեսությունը բավական «բարդ» դրության մեջ է հայտնվել, քան
հնարավոր է պատկերացնել: Պատճառները, հնարավոր է, շատ ավելի խորքային են,
բայց ահա նրանք, որոնք գոնե հեռուստաինդուստրիայի մասնագետների համար
տեսանելի են նույնիսկ ամենօրյա եթերային ռիթմում: Նախ, տոտալ եւ տեւական
գրաքննությունը, որ այդպես էլ չավարտվեց 91-ին անկախություն ձեռք բերելուց
հետո, ի տարբերություն մամուլի, խոշոր, «համապետական» սփռում ունեցողների
համար ստեղծեց դատապարտվածության ավանդույթ: Համարձակությունը «վատ տոնի
նշան է»: Փոխվում է իշխանությունը, բայց չեն փոխվում ավանդույթները:
Փոխվում են լրագրողները, դեմքերը, բայց լրատվություն այդպես էլ չի
հայտնվում: Միայն քարոզչություն: Ինքնագրաքննությունն այն փորձառությունն
է, որը ձեւավորում են «մեկ անգամ եմ ջնջում, հաջորդ անգամ չտեսնեմ»
խմբագրական նահապետական աշխատանքի ընթացքում: Այսօր իշխանության եւ
հասարակության անջրպետի մեղավորները հենց հեռուստալրագրողներն են, որոնք
չեն համարձակվում տալ այն հարցերը, որոնք իսկապես հետաքրքրում են
հասարակությանը, իսկ իշխանությունն էլ իր շուրջը «սփռել է» շրջիկ
լրագրողների այնպիսի «կուռ» կազմ, որ որեւէ մեկի մտքով չի անցնի տալ
«ավելորդ» հարցեր:

Հեռուստալրատվությունն ամենամեծ ողբերգությունն է: Այսօր
էքսկլյուզիվության, մրցակցության զգացումը ոչ միայն լքել է դաշտը, այլեւ
դարձել է խանգարող: Եթե երկրում կրակոցներ են, մարդասպանություն կամ
քաղաքական իրարանցում, ապա առավելագույնը, ինչ կարող է անել այս երկրի
քաղաքացին՝ հաջորդ օրը մի երկու թերթ կարդալն է: Սովորաբար, լրագրողների
համար «ոսկյա» թեմաները լինում են հեռուստալրատվական թողարկումներով՝
երկու տողով, բանավոր, առանց տեսաշարի…

Այսօր ոչ մի հեռուստաընկերություն չի մրցում լավ լրագրող ձեռք բերելու
համար: Որովհետեւ, միեւնույն է, բոլորն էլ նույնն են հաղորդում: Մեկը՝ մի
քիչ գեղեցիկ, մյուսը՝ պակաս: Գրաքննության պատճառով, մի քիչ
ինքնուրույնություն ունեցող լրագրողներն ինչ-որ բան հաղորդելու համար
դիմում են սիմվոլների՝ մի քիչ տոնով, մի քիչ խոսքով, մի քիչ կադրով:
Սիմվոլների միջոցով լրատվությունը հեռուստաբարքերի անկման հատակն է: Ինչ
վերաբերում է քաղաքական եթերին, ապա ակտիվ շրջանում բազմամարդ
հանրահավաքների պատճառը հենց հեռուստաընկերություններն են: Նրանք, վախից
ու ինքնագրաքննությունից, այնքան կցկտուր, այնքան համառոտ ու ոչինչ չասող
կամ ոչնչացնող նախադասություններով են լուսաբանում այդ հանրահավաքները, որ
նույն հեռուստադիտողին մղում է գնալ հանրահավաքի, որ տեսնի, թե
լրատվության կարծիքով իր համար նախատեսված «արգելված պտուղը» ի՞նչ է:

«Ա1+» հեռուստաընկերության փակումը մյուսները կարող էին օգտագործել այդ
ընկերության լսարանը յուրացնելու համար: Բայց, բացի «Կենտրոնի» շատ
կարճատեւ փորձից, ոչ ոք այդպես էլ բաց տեղը չզբաղեցրեց: Քանի որ ոչ ոք
հեռուստալրատվությամբ չի վաստակում: Գովազդով չի աշխատում: Գովազդը
ցանկալի, բայց անհրաժեշտ փողը չէ: Հեռուստաընկերությունների աշխատավարձը՝
քաղաքական փողն է: Կուսակցական, կլանային կամ ինչ-որ N GROUP-ի փողը: Այդ
պատճառով, լրատվությունը ավելի շատ լոգոյի պես, ընդամենը պարտադիր
ատրիբուտ է եթերացանցում: Լրատվական թողարկումներն առավելագույնը կարող են
մրցել ոչ թե լրատվության բովանդակությամբ, այլեւ դրա տեխնիկական
կատարմամբ՝ լավ տեխնիկա, գեղեցիկ հաղորդավարուհի, նոր տաղավար:

Այսօր չկա հայկական հեռուստատեսության իմիջ՝ ռուսականն, օրինակ,
ինտելեկտուալ է, նույնիսկ՝ «Բարի գիշեր, երեխաներ» ծրագրով, բրիտանականը՝
լրատվական, վերլուծական, ամերիկյանը՝ լրատվական-ժամանցային,
«ինֆոթեյմենթ»: Ինչպիսի՞ն է հայկականը՝ այսօր դժվար է ասել: Չկա հաջողված
հաղորդումների փաթեթ, որ բրենդային լինի: Լրատվությունը գորշ է,
ժամանցայինը՝ ռաբիս, քաղաքական հաղորդումներ գրեթե չկան կամ անգաղափար են:

Այսօր չկա սերնդափոխություն: Հեռուստադպրոց գոյություն չունի: Հայկական
հեռուստատեսության միակ ավանդույթը «գռդոնչիությունն է»: Ժամանակին այդպես
էին անվանում վատ թաքնված գովազդով հաղորդումները: Այժմ այդ
հիվանդությունը դարձել է համաճարակ: Այսօր բարեխիղճ հնչյունային ռեժիսոր,
լուսավորող, տեխնիկ, օպերատոր՝ բոլորը, զբաղված են «գռդոնչիությամբ»: Նոր
հազարամյակում այն ստացել է նոր որակ՝ աշխատում են ստացած փողի չափով
անհրաժեշտ բարեխղճությամբ, ու քանի որ փողը միշտ քիչ է, ապա ոչ ոք
բարեխիղճ չէ: Բայց ողբերգությունն այն է, որ եթե նույնիսկ նրանց տան այդ
«երանելի գումարը», նրանք այլեւս անկարող են արհեստավարժ աշխատել,
որովհետեւ պրոֆեսիոնալը կամ աշխատում է, կամ ոչ՝ ձեռքի հետ ինչ-որ բան չի
անում: Այսօր կա տեխնիկա, որոշ դեպքերում՝ շատ լավ, բայց չկան դրա
շահագործողները:

Չգիտեմ, պետական հրահանգո՞վ, թե՞ հեռուստաշեֆերի պայմանավորվածության
արդյունքում, բայց կա այդպիսի երեւույթ. բարձր աշխատավարձ վճարել
չցանկանալու պատճառով՝ դաշտում գործող եզակի մասնագետներից հրաժարվելով,
այսօր եթերն ընկերությունները տրամադրում են անփորձ ու տգետ
անչափահասներին, որոնք երրորդ օրը ուղիղ եթերում երկրորդ հեռախոսազանգից
հետո այլեւս միակ հեղինակային կարծիք համարում են սեփականը, իսկ լսարանին
վերաբերվում են ներողամիտ-քաղքենի հայացքով: Ու ողբերգությունն այն է, որ
թոփ-մենեջերներին հենց այս «մասնագետներն են» պետք. որովհետեւ նրանք հեշտ
կառավարելի են, չունեն բարձր պահանջներ, բավարարվում են ցածր
աշխատավարձով: Նաեւ սրանց նմաններին հեշտ է ճարել՝ թատերական ինստիտուտի
«սիրուն» դեմքերը տվյալների բազա է դարձել բոլոր հեռուստաընկերությունների
համար:

Այս խնդիրների պատճառով հայկական հեռուստատեսությունն այսօր չունի
հեռուստադիտող: Կա կառավարման վահանակը փոխող: Դրա վառ ապացույցն անընդհատ
փակվող հաղորդումներն են, որոնց առիթով գոնե տասը հեռուստադիտող
կառավարության, Մամուլի շենքի կամ հեռուստաընկերության առաջ ցույց չի
անում: Ով էլ ակտիվ է, երգում է կամ պարում՝ անշուշտ Կարապետիչի մոտ:
ԱԼՄ-ի «Ադամանդներն» ու Հայ TV-ի Ֆիլե Գագոյի ռեկորդային հեռուստալսարանի
փաստը հասարակության վրեժն է հեռուստամասնագետներից: 15 տարին՝
անկախանալուց հետո, չափազանց երկար ժամանակ էր, որպեսզի հնարավորություն
ընձեռվի ինչ-որ մի հետաքրքիր հաղորդում անելու համար: Ու քանի որ դա չկա,
ապա լսարանը գալարվում է այն հեռուստաանդունդը, որից հետո շատ երկար
ժամանակ կպահանջվի նրան այնտեղից դուրս բերելու համար: Թեեւ, մյուս
կողմից, եթե նույնիսկ կա էլ լավ հաղորդում, ապա կորչում է վատերի տարափի
մեջ, անուշադրության կենտրոնում եւ գաղափարազուրկ եթերում:

Հեղափոխությանն ընդառաջ

Այժմ ասում են՝ բռնապետություն, հետապնդումներ, լճացում: Միանում եմ: Բայց
հիշատակում են նաեւ մյուս իրողությունները, որոնց անվանում են
«ազատական-ժողովրդավարական» արժեքներ, մասնավորապես՝ «խոսքի
ազատությունը»: Սա այն ազատությունն է, որն ամենաշատն են փորձում
պաշտպանել, եւ որ ամենաքիչ պաշտպանվածն է, որի մասին շատ են խոսում նրանք,
ովքեր լրագրողներ չեն, այլ, այսպես կոչված, «լրագրողացած ինտելիգենտներ»:

Մարդուն խոսքի ազատություն, մեծ հաշվով, պետք չէ: Մարդուն պետք է
գործողությունների ազատություն: Ի վերջո, խոսքի ազատություն կա:
Յուրաքանչյուրը կարող է Քոչարյանին եւ մյուսներին ինչ ուզես ասել:
Հեռուստատեսությամբ՝ հազվադեպ, մամուլում՝ ամեն օր, երկրում՝ տարբեր
հավաքների ժամանակ՝ հերթով: Իսկ կա՞ արդյոք Հայաստանում գործողությունների
ազատություն:

Եթե ես նստեմ ԱԺ-ի դիմաց, ապա ինձ միանգամից կհասկացնեն, որ «սխալ» եմ
ապրում: Ոստիկանությունն ինձ չի ձերբակալի, բայց կստուգի: «Կստուգի»,
պարզելու համար՝ ով եմ ես, ում կողմից եմ ուղարկված նստելու, որքան եմ
նստելու եւ արդյոք միա՛յն նստելու եմ: Ստուգել ինձ՝ նշանակում է վերահսկել
ինձ, հիշեցնել ինձ, որ ես տանը չեմ: Եվ որ ամենակարեւորն է՝ չեմ մոռացել
ազատ տեղաշարժի կամ անշարժ լինելու մասին թուղթը՝ Սահմանադրությունը, որով
ես կարող եմ այնտեղ մի քիչ նստել: Բայց ոստիկանությունից ավելի արագ
ինձանով կսկսեն զբաղվել իմ համաքաղաքացիները: Մարդիկ, որոնք, ըստ էության,
պետք է թքած ունենան՝ նստած եմ ես այստե՞ղ, թե՞ այլ տեղ, նստա՞ծ եմ, թե՞
կանգնած, միայնա՞կ, թե՞ խմբով: Հենց նրանք առաջինը կգնահատեն իմ
գործողության ազատությունը՝ թատերայնորեն, եւ բազմանշանակ կնայեն, ռեպլիկ
բաց կթողնեն կամ նույնիսկ կստիպեն կանգնել: Ինչո՞ւ է նստած՝ բոլորը
կանգնած են, քայլում են, իսկ նա նստել է: Անկարգությո՛ւն:

Մենք ենք մեզ ստրուկ սարքում: Ա՛յ, սրա դեմ պետք է պայքարել: Պետք է
չհանդուրժել, որ մեզ ավելի թուլացնեն, քան մենք կանք: Չի կարելի ինչ-որ
մեկին թույլատրել վերահսկել այն, ինչի համար մենք պարտավոր ենք ինքներս
հոգ տանել: Պետք չէ եւ կործանարար է նմանվել «անօգնական արեւմտյան մարդու»
այն կերպարին, որ առանց փաստաբանի եւ հոգեբանի նույնիսկ սեփական կնոջը չի
կարողանում սանձել: Էլ ո՜ւր մնաց վարչակարգին ընդդիմանալ: Գործել եւ հետ
չնայել: Պայքարել կյանքի այն հատվածի համար, որը կարեւոր է քեզ համար,
որտեղ դու ապրում ես քո ժամանակի մեծ մասը:

Հեղափոխությունն իսկապես հասունացել է: Բայց այն հասունացել է ոչ թե
իշխանափոխության նպատակով կամ քաղաքական գործիչների համար, այլ այն
ժողովրդի, որը պահանջում է եւ նախաձեռնում կյանքի բոլոր ոլորտներում մեծ
ու նոր թռիչք: Եկել է որակի հեղափոխություն իրականացնելու ժամանակը՝
առանձին վերցրած ոլորտում եւ երկրում՝ եթե կամենաք: