«Նմանը զնմանին կգտանե»

25/12/2007 Էդվարդ ԱՆՏԻՆՅԱՆ

Ավարտվում է տարին, եւ իմ այս հոդվածով փորձեմ ամփոփել այս քաղաքական տարում արտահայտածս որոշ մտքեր: Միաժամանակ, օգտվելով առիթից, շնորհավորում եմ մեր հայրենակիցներին` Ամանորի ու Սուրբ Ծննդի առթիվ:

Իմ եւ ՀԱԱԿ նախագահի տարաձայնությունների մասին ես բարձրաձայնել եմ թե՛ ԱԺ ընտրություններից առաջ եւ թե՛ հետո: Երբ ես Հովհաննես Հովհաննիսյանի կերպարը բացահայտեցի, թվում էր, եթե անգամ ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը նրա մասին դրական կարծիք է ունեցել, ապա իմանալով այս ամենը՝ պետք է որ փորձեր հեռու մնալ նրանից: Սակայն, երբ ինձ համոզում էին, որ «չոչնչացնեմ» Հովհաննիսյանին, քանի որ նա խիստ անհրաժեշտ է առաջին նախագահին, դա ինձ շատ զարմացրեց: Փորձեցի հասկանալ, թե այդ փուչիկը Լ. Տեր-Պետրոսյանի ինչի՞ն է պետք, բայց այդ պահին այդպես էլ ինձ չհաջողվեց պարզել: Իսկ հետագայում արդեն ամեն ինչն իր տեղն ընկավ, երբ հասկացա, որ Հովհաննիսյանը Տեր-Պետրոսյանին պետք էր ոչ թե սոսկ 1+1 շարքի թիմակից, այլ, ի դեմս նրա` առաջին նախագահը գտել է իր գաղափարական եղբորը: Այսպես. ես Հովիկին մեղադրեցի կուսակցության փաստաթղթերը գողանալու մեջ: Հետագայում պարզվեց, որ առաջին նախագահը որտեղ ինչ փաստաթուղթ հավանել էր` տարել էր տուն: Մի սիրուն տերմին էլ գտել է «կրակվածը»` տեղափոխել է անձնական արխիվ: Պատկերացնո՞ւմ եք` պահեստապետին ասում են, թե ինչո՞ւ է ապրանքները տարել տուն, իսկ նա պատասխանում, է, որ ոչ թե տուն է տարել, այլ տեղափոխել է իր անձնական պահեստ: Ես Հովիկին ժամանակին անվանեցի աշխարհաքաղաքական խոշոր բլեֆչի: Չէ՞ որ մի քանի տարի շարունակ նա հասարակությանը ներշնչել էր, որ գործից ամեն օր Ձորաղբյուր է գնում միայն տնից շորերը վերցնելու ու անմիջապես Տեխաս թռչելու համար, եւ, որ Բուշը մինչեւ առավոտյան իր ռանչոյում մի բաժակ հետը չխմի` գործի չի գնա: Դե, մինչեւ դրանից հետո խեղճը Երեւան էր հասնում, արդեն գործից ուշանում էր: Հիմա համեմատեք` Տեր-Պետրոսյանի աշխարհաքաղաքական բլեֆը շա՞տ է տարբերվում: Մոռացե՞լ եք, որ տարածում էին, թե ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ առաջին նախագահի հարցերը բնականաբար լուծված են, մնում է միայն Ռուսաստանի հետ լուծել, ու անմիջապես նա կհայտարարի առաջադրման մասին: Սկսեցին խոսել, թե իբր ՌԴ-ում բավական վատ են ընդունել Սերժ Սարգսյանին, իսկ դրան զուգահեռ՝ ռուսները մեծ ցանկություն ունեն նախագահի աթոռին տեսնել Տեր-Պետրոսյանին: Բայց երբ սա շատ արագ բացահայտվեց, նույն մարդիկ արդեն ասում էին, որ առաջին նախագահը դրսից ոչ մեկի աջակցության կարիքը չունի` նա ակնկալում է ընտրվել միայն մեր ժողովրդի ձայներով: Դե, նման բան մի քանի ամիս առաջ էլ էինք լսել, երբ Հ.Հովհաննիսյանը՝ հասկանալով, որ ԱՄՆ-ի «քվոտայով» պառլամենտում հայտնվելու բլեֆն այլեւս բացահայտված է, սկսեց ասել, թե ի՞նչ ԱՄՆ, ի՞նչ բան, որ ինքը կարեւորում է մեր ժողովրդի վստահությունն ու կարծիքը: Ինչ տրամաչափի միջազգային պաշտոնյա էլ այս օրերին հանդիպեր Տեր-Պետրոսյանի հետ, նրան աջակցող մամուլում լայնորեն լուսաբանվում էր այդ փաստը, մինչեւ պարզ դարձավ, որ նախ՝ այդ ֆորմատով հանդիպում են նաեւ մյուս թեկնածուների հետ, իսկ իշխանության թեկնածուին ընդունում են Տեր-Պետրոսյանի մոտ մարդ ուղարկողները: Միայն դրանից հետո սկսեցին հայրենասիրական կոչերով կարեւորել շարքային քաղաքացու ձայնը: Մինչդեռ ժամանակին ներշնչել էին, որ եթե նա առաջադրվել է, ուրեմն հաղթել է, մարդիկ էլ մտածում էին, որ, ուրեմն, աշխարհի ուժային կենտրոնները համաձայնության են եկել Տեր-Պետրոսյանի տարբերակի շուրջ, եւ նա այլեւս նշանակված է որպես նախագահ:

Հ. Հովհաննիսյանի հաջորդ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նա ստում է անխտիր բոլոր հարցերում ու խաբում պրակտիկորեն բոլորին: Որոշ ժամանակ մարդիկ մտածում էին, թե նայելով սպիտակ մազերին ու անցած ճանապարհին, մի՞թե այդ մարդը կարող է ստախոս լինել: Սա նույնպես, որպես հնարք, դրվեց առաջին նախագահի գործունեության հիմքում, քանի որ նրա անցած ճանապարհն ավելի հարուստ է, եւ նա ավելի մեծ պատկառանք է ներշնչում, ուրեմն սուտը կարող է եւ որոշ ժամանակ չբացահայտվել: Չպետք է մոռանալ, որ ցանկացած «խարդախ օֆիս» գոյատեւում է պատկառանք ներշնչող ղեկավարի կերպարի հաշվին: Նրանք թե՛ արտաքինից, թե՛ անցած ճանապարհով վստահություն են ներշնչում, արած գործերի եւ ունեցած կապերի մասին նրանց պատմությունները խիստ համոզիչ են թվում: Դե, եթե այդպես չլինի՝ ո՞վ իր գումարը առանց թուղթութանաքի օրը ցերեկով կտանի կտա մեկին կամ էլ կգնա իրեն վտանգելով կկանգնի նրա կողքին, եթե չհամարի, որ այդ մարդն իր պատկառելի կերպարով արդեն իսկ կենդանի երաշխիք է: Կարծում եմ՝ համոզվեցիք, որ այստեղ էլ նման են Տեր-Պետրոսյանի ու Հովհաննիսյանի գործելաոճերը:

Մեկ այլ հարցում էլ Տեր-Պետրոսյանն առանձնապես չի տարբերվում Հ. Հովհաննիսյանից: Վերջինս թիմի հետ կարող էր մի բան պայմանավորվել, բայց միանձնյա որոշեր ու աներ լրիվ ուրիշ բան, սխալի դեպքում էլ մեղքը գցեր նրանց վրա: Նմանատիպ վիճակ է նաեւ առաջին նախագահի դեպքում, երբ նրա շրջապատը պարբերաբար ստիպված է լինում խոստովանել, որ նա ամեն ինչ անում է միանձնյա, ու իրենք հաճելիորեն զարմացած են այդ քայլերից: Այն, որ զարմանում են, դա հասկանալի է, բայց որքանո՞վ է այն հաճելի: Մասնավորապես, առաջին նախագահին սատարող գործիչները նրա աջակից մամուլում նշում էին, թե ինչ դավաճան են ու ծախված դաշնակները, ամեն անգամ արխիվից նոր փաստեր էին լուսաշխարհ հանում` նրանց «մութ» գործունեությունը բացահայտելու համար: Եվ ահա մի օր մարդիկ, թերթը ձեռքներին, որտեղ գրված է դաշնակների հերթական «հրեշագործության» մասին, մեկ էլ լսում են, որ Տեր-Պետրոսյանը ոչ պաշտոնական բարեկամական այցով գտնվում է «հրեշների ռեզիդենցիայում»: Դե, հասկանում եք, թե ինչու հաջորդ օրվանից անմիջապես փոխվեց գնահատականն ու ստիպված եղան մի 2 տառով ճոխացնել այն` դարձնելով նրանց հրեշտակ: Ինչ ասես, որ չես անի ղեկավարիդ ոչ օրինաչափ քայլերը օրինաչափորեն արդարացնելու համար: Բացի դրանից, Վազգեն Մանուկյանի ծաղրանկարներն անպակաս էին Տեր-Պետրոսյանին սատարող թերթերից մեկում: Իսկ երբ տեղի ունեցավ հանկարծակի հանդիպում նրանց միջեւ, Տեր-Պետրոսյանի ու Վ.Մանուկյանի նկարներն իրար հավասար ու նաեւ բավական ազդեցիկ մեկնաբանությամբ զետեղվեցին կողք կողքի, որ եթե Երրորդ Հանրապետության հիմնադիր այս 2 խարիզմատիկ լիդերները պայմանավորվեն, մեր երկրի համար դա կլինի շատ լուրջ ձեռքբերում: Բայց երբ Վ.Մանուկյանը հայտարարեց, որ այդ հանդիպումից հետո էլ չի պատրաստվում միանալ նրան, դարձյալ հայտնվեցին նրա ծաղրանկարները: Դե, կարելի է ծաղրել Վ. Մանուկյանին` նա ընդամենն անցյալի մարտական ընկերն է, բայց ինչո՞ւ այդպես ծաղրել այսօրվա թիմակիցներին, չէ՞ որ նրանք ջանք ու եռանդ չեն խնայում Տեր-Պետրոսյանի համար: Մի՞թե հնարավոր չէր, անգամ չբացահայտելով պատճառը` ակնարկել, որ այս ուղղությամբ վաղօրոք մի քիչ մեղմացնեն իրենց հարձակումը հետագայում անհարմար վիճակում չհայտնվելու համար: Ժամանակին ես մեղադրեցի Հովիկին նրա համար, որ ընտրություններից առաջ, վճռական պահին` լինելով թիմի ղեկավար, փախավ մարտի դաշտից, եւ, որ դրանից սարսափելի բան չկա, երբ հրամանատարն է դասալիք: Իսկ հիմա նայենք, թե առաջին նախագահի` գերագույն գլխավոր հրամանատարի խիզախ փախուստն իր պաշտոնից արդյոք շա՞տ է տարբերվում նախորդ դեպքում տրված իմ գնահատականից:

Ես կարող եմ էլի մի շարք նմանությունների մասին նշել, բայց հավատացնում եմ` նրանք այդքան չարժեն: Ես պարզապես ցանկանում եմ կանխարգելել այն սթրեսային իրավիճակը, որում նախագահական ընտրություններից հետո կհայտնվեն մեր հայրենակիցներից շատերը, երբ հասկանան, թե ինչ չափով են խաբված առաջին նախագահի գործունեության արդյունքում: Այսօր կարող են ինձ կշտամբել, թե առաջին նախագահի հասցեին այս ի՞նչ ես քեզ թույլ տալիս: Թախանձագին խնդրում եմ` ձեր դժգոհությունը հետաձգեք ընդամենը մինչեւ 2008թ. փետրվարի 20-ը: