Գեղեցիկ լինելու իրավունքը

12/05/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Մարտի 6-ին «Նարեկացի» արվեստի միության դահլիճում «Ունիսոն» հասարակական
կազմակերպության նախաձեռնությամբ կայացավ «Միսս գեղեցկություն-2005»
Ֆոտոմրցույթ-ակցիան, որը նպատակ ուներ բացահայտել ամենահմայիչ կանանց ու
աղջիկներին նրանց մեջ, որոնց «հաշմանդամ» են կոչում: Նաեւ զուգահեռ
անցկացվեց գեղանկարչության, խեցեգործության, փորագրության ու ձեռագործ
աշխատանքների մրցույթ: «Ունիսոնի» գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը
հույս հայտնեց, որ այս մրցույթից հետո կփոխվի վերաբերմունքը հատուկ
կարիքավոր մարդկանց հանդեպ: Սահմանափակ շարժվելու հնարավորությունը չպիտի
պատճառ դառնա, որ մարի ստեղծագործելու ու գեղեցիկ լինելու ցանկությունը:
Հայաստանի տարբեր շրջանների 40 աղջիկների ուղարկած լուսանկարները
գնահատեցին ժյուրիի անդամներ կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը, երգիչ Ֆորշը եւ
լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանը: Այդ մրցույթը երկրորդն է: «Անցյալ տարի
առաջին մրցույթն անցկացնելու համար մենք զանգահարում էինք աղջիկներին,
համոզում, որ մասնակցեն, իսկ այս տարի որոշեցինք սահմանափակվել «Հ2»
հեռուստաալիքով արված գովազդով: Եվ գիտե՞ք, ավելի մեծ թվով մասնակից
հավաքվեց»,- ասաց Ա. Ալավերդյանը: Բազմամարդ, նաեւ՝ բազմալրագրող այդ
միջոցառումը շատ բան տվեց մասնակիցներին: Հաշմանդամների համար հասարակական
վայրերում հայտնվելը արդեն տոն է, իսկ լրագրողների եւ լուսանկարիչների
խցիկների ուշադրության կենտրոնում հայտնվելը դեռ երկար կմնա նրանց
հիշողության մեջ: Աղջիկները շատ կանացի ու անմիջական էին, պատրաստ
պատմելու իրենց կյանքի ու սպասելիքների մասին: Դա արդեն հաղթանակ է, քանի
որ շենքերի, տրանսպորտի, կինոթատրոնների ու այլ հասարակական վայրերի
անմատչելիությունը հանգեցնում է հաշմանդամների մեկուսացմանը եւ
ներփակմանը: Միջոցառման ավարտին ելույթ ունեցած երգչախմբի անդամներից
մեկն, օրինակ, չկարողանալով սայլակով հաջող պտույտ կատարել նեղ տարածքում,
ժպիտով ասաց. «Նեղ տեղերում դժվար է տեղաշարժվել, ա՛յ, եթե փողոց դուրս
գայի…, բայց դա հազվադեպ է լինում»: Գնահատել այն, ինչ ունես, ամենաբարդ
խնդիրն է: Չչարանալ եւ չմեղադրել ուրիշներին: Երեւի այս միջոցառման դրական
մթնոլորտը ցույց տվեց, որ հատուկ վերաբերմունք պահանջող մարդիկ կյանքից
այդքան էլ շատ բան չեն ուզում. միայն ուշադրություն եւ իրենց արածի
գնահատում:

«Վիցե-միսս», «Միսս հմայք», «Միսս ժպիտ» տիտղոսներին արժանացած Գոհար
Ստեփանյանը, Ռուզաննա Մարտիրոսյանը եւ Անահիտ Խաչատրյանը հուզմունքով
կարգի էին բերում դիմահարդարանքը ու գնում նկարահանվելու:

«Միսս գեղեցկություն» թագին արժանացավ 17-ամյա Սվետլանա Գրիգորյանը:
Շիկահեր, համեստ այդ աղջկան ի ծնե դրվել էր «ձախ ոտքի գեմանգիոմա»
դիագնոզը: Երկու տարեկան հասակում արդեն վիրահատություն է արվել, սակայն
ոտքն անշարժությունից չի հաջողվել փրկել: Եվ հետո ծագեցին ավելի բարդ
խնդիրներ՝ կյանքը վտանգող ներքին արյունահոսություն սկսվեց: Աղջկա կյանքը
փրկելու համար ընտանիքը Ռուսաստան, հետո էլ ԱՄՆ մեկնեց, բայց եւ՛
Մոսկվայում, եւ՛ Նյու Յորքում, եւ՛ Սան Ֆրանցիսկոյում չհամարձակվեցին
վիրահատություն կատարել, ասացին՝ Սվետան չի ապրի: Սվետլանայի ընտանիքը
վերջերս է տեղափոխվել Երեւան: Երրորդ մանկական հիվանդանոցում հունվարի
սկզբին կատարված վիրահատությունը Սվետլանայի մայրը՝ Թամարա Կարախանյանը
հրաշք է համարում. «Վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյանը աղջկաս երկրորդ կյանք
նվիրեց: 6 ժամ տեւած վիրահատությունը շատ բարդ էր, դա հազվադեպ դեպք է,
երբ գեմանգիոման աղիքների վրա է տարածվում: Դալլաքյանն ուղղակի փրկեց
Սվետայիս: Գիտեք, Սվետան շատ բարի ու համեստ անձնավորություն է, երբեք ոչ
մի բանից չի դժգոհում: Նա լավ գիտեր, որ այս վիրահատությունն իր միակ
հույսն է: Եվ սպասվող նոր վիրահատություններն էլ է հանգիստ ու անբողոք
ընդունում: Մրցույթի մասին մենք իմացանք, երբ հիվանդանոցում էինք պառկած»:
Երբ Սվետլանայի ընտանիքը Ստավրոպոլում էր ապրում, նա կարողանում էր
սովորել: «Ուսուցիչները տուն էին գալիս,- ասաց մայրը,- իսկ այստեղ՝ չեն
գալիս, բայց Սվետլանան ինքնուրույն է պարապում»: Մրցույթի հաղթող դառնալը
կօգնի՞, թե՞ ոչ այդ հմայիչ աղջկան՝ իր տեղը գտնել մեր հասարակության մեջ,
ուսում ստանալ եւ մասնագիտություն ձեռք բերել. ցույց կտա ժամանակը եւ
իշխանությունների վերաբերմունքը:

Հ.Գ. «Նարեկացի» կենտրոնում տեղադրված վերելակն անվասայլակներով
տեղաշարժվող մարդկանց օգնեց շրջանցել իրենց համար անանցանելի աստիճանները:
Եթե գոնե մի քանի բնակելի շենքերում նման վերելակներ լինեն, հաշմանդամների
կյանքը մի քիչ ավելի պայծառ կլինի: