Երեւում է` իզուր չէին անգլիացի բանվորները 18-րդ դարում պայքարում իրենց աշխատանքից զրկող ջուլհակային հաստոցների դեմ: Պարզվում է, որ այդ ժամանակից ի վեր խնդրո առարկայում քիչ բան է փոխվել:
Մի կողմից՝ մրցակցային դաժան պայքարը հանգեցնում է աշխատանքի արտադրողականության աճին, որը հանրության արդյունավետության ու բարեկեցության հիմքն է համարվում: Մյուս կողմից՝ աշխատանքի արտադրողականությունը զբաղվածության հավերժական թշնամին է եւ գործազրկության կնքահայրը: Որքան բարձր է աշխատանքի արտադրողականությունը, այնքան քիչ աշխատուժ է պահանջվում նույն ծավալի աշխատանք կատարելու համար: Այստեղից ծագում է առաջին պարադոքսը` արտադրողականության իմաստն այն է, որ ավելի ու ավելի սակավաթիվ դարձող աշխատողները կերակրեն ավելի մեծաքանակ դարձող գործազուրկներին:
«Աշխատանքի վերջը» գրքի հեղինակ, ամերիկյան տնտեսագետ Ջերրի Ռիֆկինը պնդում է, թե այս դարի կեսերին համաշխարհային աշխատուժի 5%-ը բավարար է լինելու արտադրության ու ծառայությունների ամբողջ սեկտորն ապահովելու համար: Այդ դեպքում ի՞նչ պետք է անի մնացած 95%-ը: Նրանք կլրացնեն գործազուրկների շարքերը, որոնց կխնամակալեն կառավարությունները, այսինքն` հարկատուները: Կարծես թե ամեն ինչ այդ ուղղությամբ է գնում: Զարգացման ներկայիս միտումները տանում են նրան, որ առժամ անց անհրաժեշտ աշխատանքի ամբողջ ծավալը կարող է իրականացվել բնակչության փոքր մասի կողմից: Արդեն իսկ աշխարհում կես միլիարդից ավելի գործազուրկ կա: Եթե նայենք արեւմտյան երկրներին, որոնք արտադրողականության առումով խիստ առաջ են անցել, ապա կտեսնենք, որ նրանք ունեն գործազուրկների բավականին մեծ, չպակասող բանակ: Այդ բանակը ստանում է գործազրկության բավականին պատկառելի նպաստ, որը հասնում է աշխատավարձի 70-80%-ին: Շատերի համար դա լիովին բավարար է աշխատանքի փնտրտուքը դադարեցնելու համար: Ավելին, աշխատանքի շուկան ավելի ու ավելի անհանդուրժողական է դառնում թերուսների եւ արատներ ունեցողների հանդեպ: Ապագայում այդ միտումը կուժեղանա: Այսպիսով, ապագայում աշխատանքն ընտրյալների թանկ հաճույք կդառնա: Այսօր 10-15%-ի հասնող գործազրկությունը լուրջ սոցիալական խնդիր է համարվում: Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում այն հանրությունը, որի 60%-ն անելիք չունի: Դա՞ է արտադրողականության զարգացման ու աճի նպատակը: Հազիվ թե: Հնարավոր է, որ խնդրի լուծմանը կօգնի երկրորդ պարադոքսը: Տնտեսագետները հաշվարկել են, որ առավելագույն արդյունավետությամբ մարդը կարող է աշխատել միայն կարճ ժամանակամիջոց, այլ ոչ թե ամբողջ աշխատանքային օրը: Այսինքն՝ ցածր արտադրողականության պատճառն այն է, որ ստիպված ենք չափից ավելի երկար աշխատել: Նշանակում է, աշխատանքի արտադրողականության բարձրացման համար պետք է կրճատել աշխատանքային օրը, իսկ աշխատանքի ծավալը բաշխել ավելի մեծ թվով մարդկանց միջեւ: Ուրեմն հարցը պետք է դնել այսպես` կարելի՞ է բավարար համարել պարապության ներկայիս չափը: Չէ՞ որ զարգացած ժողովրդավարական երկրներում մարդկանց մեծ մասն աշխատում է ոչ թե նրա համար, որ դա նրան ուրախություն ու բավարարություն է պատճառում, այլ միայն այն պատճառով, որ կարողանա պահպանել համապատասխան կենսամակարդակ: Հետեւաբար, նոր աշխատատեղեր կարելի է ստեղծել աշխատանքային շաբաթն օրենսդրորեն կրճատելու ճանապարհով: Հնարավոր է կառավարություններն ապագայում իրոք հանգեն այն եզրակացության, որ ձեռնարկությունների անձնակազմերի թվաքանակի ավելացման պետական խրախուսումն ավելի ձեռնտու կլինի, քան գործազուրկների բազմամիլիոնանոց բանակի պահպանումը: Սկզբունքորեն, Եվրոպայում արդեն իսկ ընթանում է աշխատանքային շաբաթվա կրճատման գործընթացը: Այսպիսով, եթե մենք չսկսենք շատ հանգստանալ ու քիչ աշխատել, ապա մեզ մեծ ցնցումներ են սպասում: Հատկապես ամանորյա օրերին: Շնորհավոր Նոր տարի: