Երբեք այնքան չեն ստում, որքան պատերազմի ժամանակ, որսից հետո եւ ընտրություններից առաջ:
Օտտո ֆոն Բիսմարկ
Զենքը՝ որպես ընտրությունների գործի՞ք
Ֆրանսիական «Ռոբեր» հանրագիտարանում «Զենք» բառի դիմաց կարդում ենք. «Գործիք կամ սարքավորում, որը ծառայում է սպանելու կամ վիրավորելու համար»: Այդ բառը գրեթե նույն կերպ են մեկնաբանում հայկական, ռուսական եւ անգլիական բացատրական բառարանները: Բոլոր ժամանակներում, բոլոր ժողովուրդների մոտ զենքը եղել է պատերազմի, սպանդի, արյունահեղության եւ բռնության հոմանիշ: Պատահական չէ, որ իր հակապատերազմական հայտնի վեպը Հեմինգուեյն անվանել է ոչ այլ կերպ, քան «Հրաժեշտ զենքին», այդ կերպ արտահայտելով իր վերաբերմունքն ատելի գործիքի նկատմամբ: Անգամ սառը պատերազմի տարիներին, երբ մեծ տերությունները հանդես էին գալիս ուժի դիրքերից, խուսափում էին իրենց զենքն ու զինամթերքը գովաբանելուց: Իսկ մեր սիրելի հայրենիքում, չգիտես ինչու, չգիտես ում օրհնությամբ, զենքի գաղափարը մտնում է մարդկանց ուղեղները, եւ Աստված մի արասցե, եթե այն դառնա էթնոհոգեբանության բաղկացուցիչ: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ քիչ թե շատ պաշտոն գրավող չինովնիկների եւ բիզնեսմենների համար անհրաժեշտություն է համարվում մեկից ավելի անվանական զենք ունենալը, որը նրանք հաճախ նվեր են ստանում կառավարությունից: Լավ կլիներ, եթե դրա փոխարեն մեր նախարարներին ու պատգամավորներին բաժանեին հայոց լեզվի դասագրքեր: Հայաստանում վերականգնվում են 1917թ. հետհեղափոխական ավանդույթները, երբ կոմունիստական ակտիվը զինված էր` անհրաժեշտության դեպքում դասակարգային թշնամուն ջախջախիչ հակահարված տալու համար: Ընթերցողը փողոցում կամ հասարակական վայրերում նկատած կլինի ցուցադրաբար զենք կրող, կիսակրիմինալ արտաքինով երիտասարդների, որոնց տեսնելիս ռուսը կասեր` «մորդա պրոսիտ կիրպիչա»: Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճի առաջ զետեղված «Հայ տղեք» խմբի գովազդից անցորդներին է նայում երգիչներից մեկի մեծադիր նկարը` աջ ձեռքին ատրճանակ: Մի փոքր այն կողմ «Choclate» վերտառությամբ պաստառից ձեզ է նայում երգչուհի Արմինկան` ձախ ձեռքին ատրճանակ: Սակայն այս ամենն անմեղ բիզնես է ռազմագովազդային այն մասսայական գրոհի համեմատությամբ, որին անցնող տարում ենթարկվեցին երեւանցիները եւ մայրաքաղաքի հյուրերը: Ընթերցողը հավանաբար հասկացավ, որ խոսքը վերաբերում է չափերով ահռելի, բովանդակությամբ տխմար, բայց եւ վտանգավոր երկիմաստ գովազդներին, որոնց վրա պատկերված ազգի սերուցքը` անվանի գիտնականները, գրողները, երգահանները, դերասանները, անգամ հոգեւորականները, անսքող հպարտությամբ ներկայացնում էին իրենց տաղանդները… զենքի միջոցով: Այս գովազդները դարձան սրախոսությունների եւ անեկդոտների թեմա: Գիտության դոկտոր, կատակասեր ընկերներիցս մեկը, որը կապիտալիստական Հայաստանում աշխատում է որպես ձվի առաքիչ, եւ լավ էլ վաստակում է, հարցրեց մի օր. «Ի՞նչ կարծիքի ես, չբռնե՞մ ապրանքս գովազդեմ որպես իմ զենքը»: Զենքացավով տառապում են նաեւ որոշ քաղաքական այրեր: Դասական ռենեգատ Գեղամյանի կուսակիցները, օրինակ, համեմատում են նրան, ոչ ավել, ոչ պակաս, քան ականի, նույնիսկ միջցամաքային բալիստիկ հրթիռի հետ: Պետք է դեռ շնորհակալ լինել, որ նրան բարոն Մյունխհաուզենի օրինակով չեն նստեցնում արկի վրա եւ թռցնում հետախուզելու Հայրենիքը «ապակայունացնող» Տեր-Պետրոսյանի ռազմադիրքերը: Սերը զենքի նկատմամբ կարելի է մի կերպ հասկանալ` այն համարելով նորելուկ պետության «մանկական ձախ հիվանդություն»: Բայց դրությունը փոխվում է, սպառնալով փոխել նաեւ երկրի իմիջը միջազգային գետնի վրա, երբ «կռիվ-կռիվ» խաղերում ներգրավվում է ազգի առաջին դեմքը` երկրի նախագահը: Ահա, նա դպրոցում բացում է հրաձգարան: Ուշադրություն դարձրե՛ք, ո՛չ գրադարան, ո՛չ թանգարան եւ ո՛չ էլ ցուցահանդես: Այլ հրաձգարան, մի խոսքով` տիր: Ազգի առաջին դեմքը կրակում է 10-ին` ապացուցելով, որ հայերը պակաս չեն վորոշիլովյան հրաձիգներից: Հետո, ԶԼՄ-ների խողովակով հրացանը ձեռին ներկայանում է հասարակությանը: Ծանոթ տեսարան է, չէ՞: Հիշո՞ւմ եք, թե մի քանի տարի առաջ արաբական երկրներից մեկի լիդերը ի՜նչ վարպետությամբ էր մի ձեռքով կրակում կալաշնիկովից: Վերջաբանն էլ եք, անշուշտ, հիշում: Այս սարսափազդու տեսարանն ի ցույց դնելուց զատ՝ լրատվամիջոցները չեն մոռանում հայտնել, որ, դիպուկ կրակելուց առաջ, գործող նախագահը լրիվ դիմակազերծել է նախկին նախագահին, նրա լարած որոգայթները՝ իր ծաղկեցրած երկիրը թալանելու եւ ազատագրած Ղարաբաղը ազերիներին ծախելու ուղղությամբ: Հասկացաք, չէ՞, թե ինչ է կատարվում: Դրված է երկու նպատակ, նախ` հոգեբանական ճնշում գործադրել նախկին նախագահի վրա, հետո ձեռքի հետ լուծել դիվանագիտական խնդիր` հակահարված տալ արտաքին թշնամու ռազմատենչ նկրտումներին: Ահա այսպիսի սարսափներ: Պատմությունը փաստում է, որ թագավորի կերպարը ոգեշնչության եւ խիզախումների աղբյուր է նազիր-վեզիրների համար, որոնք մեկ քայլ ավելի պետք է անեն տիրակալից: Օրինա՞կ, խնդրեմ: Պառլամենտում մեծամասնական կուսակցությունը ներկայացնող պատգամավորը, որը նրա պատերից դուրս ուրախացնում է մարդկանց` արտադրելով հրաշալի գինիներ, եւ հարգված էլ գործարար է, Թուրքիայի կողմից Հայաստանի օդային սահմանը փակելու կապակցությամբ հանկարծ որոշում է ի լուր աշխարհի հայտարարել. «Եթե պետք է` տեռոր անենք»: Ավելորդ է նշել նման թեթեւսոլիկ արտահայտությունների վտանգավորությունը ազգային եւ պետական շահերի անվտանգության համար:
«Գերմարդու» մուտքը հայկական իրականություն
Քոչարյանի քաղաքական տեխնոլոգներն ուրիշ հնարքներ էլ ունեն: Հավանաբար, Նիցշեի փիլիսոփայությունից փոխ առնելով «սուպերմենի»` «գերմարդու» վերաբերյալ պոստուլատները, փորձում են դրանք պատվաստել նախագահի քաղաքական դիմանկարին: Բայց նրանք մոռանում են, որ նիցշեական «գերմարդը», որի պաշտամունքը բիրտ ուժն էր, իսկ սկզբունքները` ամենաթողությունը, կամայականությունն ու դաժանությունը, ուղղակի օգտագործվել են ֆաշիզմի գաղափարախոսության մեջ, եւ քաղաքակիրթ աշխարհը վաղուց է այն դատափետել ու նետել պատմության աղբանոցը: Հիշենք Ջեկ Լոնդոնի «Ծովային գայլը» վեպը: Եվ ահա այս «գերմարդու» խորապատկերին իշխանամետ ԶԼՄ-ները նկարագրում են, թե ինչպես նախկին նախագահի ավերած երկիրը ընդունելուց հետո ներկա նախագահը ցուցաբերեց «ամրություն, իմունիտետ, անհրաժեշտության դեպքում՝ մեծ ուժ» եւ նման բաներ, երկիրը քաոսից փրկելու համար: Իսկ «Հայլուրը» բարոյակամային հատկություններից անցնելով ֆիզիկականին, ազդարարում է, որ Քոչարյանը մեն-մենակ կարող է պաշտպանել իր ողջ թիկնազորին: Զուգահեռաբար արիության եւ խիզախումների մթնոլորտն ամբողջացնելու համար ձյուդոիստների ուժի ցուցադրում է տեղի ունենում, բայց ոչ սպորտային դահլիճում, այլ արվեստի տաճար Օպերայում` նախագահի բարձր ներկայությամբ: Եվ մեր հզորությունը ցուցադրող համայնապատկերն ամբողջականանում է: Ինքդ էլ ես սկսում քեզ զգալ գերմարդ, մասնիկը զորեղության եւ անպարտության այս վիրտուալ դիմակահանդեսի: Գլխումդ պտտվում է շատ վաղուց հետպատերազմյան ինչ-որ հիմար ֆիլմից լսած լեգեոներների խրոխտ քայլերգը. «Մենք քաջ ենք, մենք հզոր ենք, մենք անվախ…»:
Բնական է, եթե շեֆն ընտրել է մի ուղեգիծ, նրա հետեւից պետք է գնան իշխանության ղեկի մոտ ի պաշտոնե կանգնածները եւ էրզաց ընդդիմադիրները, որոնք այս խառը ժամանակներում ակնկալում են, մեկը` մեծ դիվիդենտներ, մյուսը` գոնե 30 արծաթե դրամ: Անդրադառնալ եթերից այս մարդկանց սփռած մտագարային անհեթեթություններին` կնշանակի՝ խախտել Բանավեճի առաջին օրենքը, համաձայն որի՝ երբեք չպետք է վիճել ապուշի հետ, քանի որ մարդիկ կարող են չնկատել ձեր միջեւ եղած տարբերությունը: Չես էլ կարող բանավիճել. բոլոր արենաները փակ են, եւ դրա հավանականությունը զրոյական է: Չկա եթերում երկխոսություն, կա մենախոսություն, որը, որպես կանոն, սկսվում եւ ավարտվում է պետական սպառնալիքով: Մի՞թե կրկնվում է 1937-ը կամ Հայաստանում ստեղծվում են այնպիսի կարգեր, ինչպիսիք նկարագրված են Օրուելի «1984» վեպ-անտիուտոպիայում, որոնց համեմատությամբ ստալինյան բռնապետությունը երկրային եդեմ է այն աստիճանի, որ, երբ կարդում ես վեպը, արյունդ սառչում է երակներիդ մեջ: Իսկ բավական բարձրաստիճան չինովնիկներից մեկի սպառնալիքն այնքան է ահագնանում, որ ի վերջո ավարտվում է զավեշտական նոտայով. «Ես երբեւէ իրենց չեմ սիրել»: Եղբա՛յր, իսկ դու ինչո՞ւ պետք է օտար մեկին սիրես կամ չսիրես: Գիտես, չէ՞, թե ինչպես են ապրում իտալացիները, եւ քեզանից էլ վատ չեն ապրում: Նրանք հարգում են կնոջը, երես են տալիս սիրուհուն, բայց սիրում են մամային: Այստեղից` բարոյախոսություն. օրինավոր քաղաքացին պարտավոր չէ սիրել ում եւ ինչ պատահի, բայց, քանի որ երկրի նախագահը` լինի առաջինը կամ որերորդն էլ լինի` պետականության խորհրդանիշ է, օրինավոր քաղաքացին պարտավոր է մատ թափ չտալ նրա վրա եւ պարտավոր է չսպառնալ նրան: Իրականում, հարգանքը, բացի ամեն ինչից, նաեւ քաղաքական կուլտուրա է, որի մուտքը հայկական իրականություն, երեւի, պայմանավորված է սերնդափոխությամբ: Իսկ հայկական քաղաքական կուլտուրան այսօր, դժբախտաբար, անգամ սաղմնային վիճակում չէ, առաջին հերթին` իշխանության կուլուարներում:
Քաղաքական տեխնոլոգների վրիպումները
Երբ վերլուծում ես հակալեւոնական նախընտրական կամպանիայի դինամիկան, գալիս ես այն եզրակացության, որ Քոչարյանին փորձում են անվանարկել: Սա ես ասում եմ ամենայն լրջությամբ: Այդ են վկայում նրա անձը շոշափող վերոհիշյալ երկու ոչ լուրջ քարոզչական դրվագները` կապված զենքի շառաչյունի եւ «գերմարդու» արարչության հետ: Ցավոք, նման ակցիաները շատ են եւ շարունակվում են: Մյուս կողմից` իշխանությունների քաղաքական տեխնոլոգները կարծես թե գործում են ընտրապայքարի ընդունված կանոնների համաձայն: Այստեղ կան եւ՛ սեւ քարոզչություն, եւ՛ «ճակատային հարձակում», եւ՛ «պարտիզանական հարձակում», երբ հրապարակ նետված կոմպրոմատի եւ ակցիայի հեղինակի կապը չի երեւում, եւ՛ ոստիկանական ուժերի միջամտություն, եւ՛ մանր պրովոկացիաներ: Լայնորեն օգտագործվում են ժամանակակից սեւ քարոզչության վեց հիմնական մեթոդները` փաստերի եւ իրադարձությունների անտեսում, սելեկցիա, խեղաթյուրում, աղավաղում, նենգափոխում, հորինում: Հապա ինչո՞ւմն է նրանց սխալը: Նախ` քաղաքական տեխնոլոգները մոռանում են Ուինստոն Չերչիլի հետեւյալ խրատը. «Եթե ներկան կռվեցնեք անցյալի հետ, կկորցնեք ապագան»: Նրանք ոչ թե կռվեցնում են ներկան անցյալի հետ, այլ իսկական պատերազմ են հայտարարում իրենց իսկ երկրի, իրենց իսկ կողմից ընտրված հանրապետության առաջին նախագահին: Եվ հետո, պարզապես անշնորհք ձեւով ստում են: Դասական առումով նախընտրական պայքարում սուտը կիրառելի է: Բայց նրանք ստում են անտրամաբանորեն, հետո գայթակղվելով` կտրում են աբսուրդի պատը, որի հետեւանքով սկսում է գործել հետհարվածի եւ կամ բումերանգի օրինաչափությունը: Այստեղ փորձ է արվում օգտագործել գեբելսյան պրոպագանդայի ձեւերն ու մեթոդները եւս, որոնք, ի դեպ, արդեն պատմություն են: «Սուտը որքան մեծ է, դրան այնքան հեշտ են հավատում» ֆյուրերի հանրածանոթ դրույթն այսօր չի գործում: Մի խոսքով, որքան էլ ջանում են քաղաքական տեխնոլոգները, ստացվում է հակառակ էֆեկտը, իսկ հեռացող նախագահի հեղինակությունն իջնում է: Ո՞րն է գաղտնիքը: Գաղտնիք չկա: Ամեն ինչ պարզից էլ պարզ է: Ընդամենը պայքարի բեւեռներում կանգնած են քաղաքական միանգամայն տարբեր, հակոտնյա՝ Տեր-Պետրոսյան-Քոչարյան ֆիգուրները, որոնց ասիմետրիկությունը` անհամաչափությունը ուղիղ համեմատական է հակալեւոնական քարոզչությանը: Որքան այդ քարոզչությունը փորձում է անվանարկել Լեւոն Տեր-Պետրոսյանին, նրա ռեյտինգն այնքան բարձրանում է: Եվ ինչպես ափի մեջ երեւում է. մի կողմում` հեռացող ավտորիտար, հասարակության հարգանքը չվայելող նախագահը, մյուս կողմում` նախագահության թեկնածու, ժողովրդավար քաղաքական գործիչը: Միանգամայն տարբեր են նրանց աշխարհայացքը, մենթալիտետը, նախասիրությունները: Մեկը` սպորտի եւ որսի սիրահար է, մյուսը` գրքի եւ գրչի: Համեմատությունը կարելի է շարունակել երկար եւ ոչ շահեկան` Քոչարյանի համար: Իսկ եթե անդրադառնանք երկուսի վարած արտաքին քաղաքականությանը, ապա կկանգնենք անհամեմատելին համեմատելու հակասական իրողության առաջ: Իր ժամկետը բոլորող վարչակարգի կոմպլեմենտար քաղաքականությունը հանրապետությանը մտցրել է դիվանագիտական փակուղի, որի գոյության շարունակությունը հղի է «սանիտարական կորդոնի» վերածվելու վտանգով: Մինչդեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք միջազգային հասարակությունը գնահատում էր Հայաստանում սկիզբ առած ժողովրդավարությունը, օրինականությունը, շուկայական հարաբերությունների սկզբնավորումը: Ե՛վ Մոսկվան, եւ՛ Վաշինգտոնը ողջունում եւ պաշտպանում էին բոլոր հարեւանների հետ բնականոն հարաբերություններ հաստատելու մեր ցանկությունը: Հիմնադիր նախագահի Վաշինգտոն կատարած պաշտոնական այցելության ժամանակ Քլինթոնը նրա քաղաքականությունը բնութագրել է «խիզախ» եւ «ոգեւորիչ»: Օբյեկտիվորեն Քոչարյանի դժվարությունն այն է, որ նրա վիզավին` դիմացինը վերին աստիճանի խարիզմատիկ, վճռականությունը եւ անկոտրունությունը ինտելիգենտության հետ համատեղող անձնավորություն է, փայլուն հռետոր, որին ոչ մի կերպ չես կապի կրմինալի եւ կոռուպցիայի հետ: Սա, ի դեպ, օտար` ռուս դիտորդների գնահատականն է: Իմ կողմից, իհարկե, եթե ես որեւէ բան հասկանում եմ այն գործից, որին նվիրել եմ ողջ կյանքս, կավելացնեմ. Հայաստանի առաջին նախագահը մեծ մասշտաբի քաղաքական եւ պետական գործիչ է` մեկը նրանցից, որոնցից հետխորհրդային տարածքում կարելի է հաշվել մի ձեռքի մատների վրա: Որպեսզի հանգստացնեմ նրա ընդդիմախոսներին, նշեմ, որ ես հիմնադիր նախագահի անձնական թիմում չեմ եղել եւ այժմ էլ չեմ մտնում մտերիմների ցանկի մեջ, հհշական չեմ: Բայց իմ խորին համոզմամբ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության գալը կենսական եւ պատմական անհրաժեշտություն է Հայաստանի զարգացման ներկա փուլում: Այն չհասկանալը կամ ժխտելը քաղաքական կարճատեսություն է, որը շատ թանկ կարող է նստել մեզ բոլորիս վրա: Լա՛վ հիշեք սա:
Ի՞նչ անել
Ընտրությունները լակմուսի թուղթ են յուրաքանչյուր համակարգի դրական եւ բացասական կողմերն ի հայտ բերելու համար: Չմոռանանաք, որ ընտրությունների ժամանակ դեսպանությունները եւ միջազգային կազմակերպությունները կրկնակի ուշադրությամբ են հետեւում իրենց գտնված երկրի ներքաղաքական իրադրության զարգացումներին, մանրամասն վերլուծում են դրանք եւ զեկուցում իրենց կենտրոններին: Հայաստանը բացառություն չի կազմում: Իսկ այն, ինչ այսօր կատարվում է մեզ մոտ, թեկուզ միայն վերը նկարագրվածի շրջանակներում, պատիվ չի բերում երկրին, եւ դույզն-իսկ չպետք է կասկածել, որ միջազգային ասպարեզում չի բարձրացնելու նրա` առանց այդ էլ խաթարված հեղինակությունը: Սակայն խոսքը միայն հեղինակության մասին չէ: Այսօր հանրապետությունը վտանգված է եւ՛ ներսում, եւ՛ դրսում: Ուրեմն, գնանք ընտրությունների եւ իշխանության բերենք նրան, ով կօգնի մարդկանց արժանավայել ապրել XXI դարում: Մեր ժողովուրդն արժանի է դրան: