Ամեն անգամ Մատենադարան այցելելիս՝ զգում ես, որ դու մեծ մշակույթի եւ պատմության կրողն ես: Իր լուռ վեհությամբ նա հիշեցնում է (թեեւ հազվադեպ ենք Մատենադարան այցելում, գուցե վերջին անգամ դպրոցական տարիներին), որ մենք ունենք նաեւ ուրիշ կենսագրություն, ուրիշ պատմություն, որ մեր կյանքը միայն առօրյա գործերի ցուցակ չէ, այլ` մնայուն, ու բազմաթիվ խորհուրդներով լի պահոց է, որտեղ հավաքագրված են մեր բոլորիս անցյալն ու սպասելիքները։ Դա ենթագիտակցական զգացում է։ Եվ նշանակություն չունի, որ մեր այցելությունները սակավադեպ են, կարեւորն այն է, որ մենք գիտենք, որ կարող ենք դա անել: Մատենադարանը կարծես միշտ մեր թիկունքում է (եւ՛ բառիս բուն իմաստով, եւ՛ փոխաբերաբար), Մատենադարանը հսկում է մեզ եւ պահպանում, այնտեղ է մեր էությունը, ինքներս մեր ստեղծագործությամբ հպարտանալու ունակությունը: Եվ այդ ունակությունը մեզ համար չափազանց թանկ է: Մատենադարան այցելողի համար ամենակարեւորը խորհրդավոր հանդիպումն է ձեռագրերի հետ: Այդ հանդիպումների ընթացքում հազարամյակների, դարերի կենսագրություն ունեցող մատյանները եւ մենք` սովորական մահկանացուներս, մեկ հարթության վրա ենք հայտնվում ու հասկանում ենք, որ կյանքը միայն մեկ ակնթարթ է: Շատ գեղեցիկ ու խորհրդավոր, բայց միայն ակնթարթ:
Մատենադարանի տնօրեն, միջնադարագետ, բանաստեղծ Հրաչյա Թամրազյանի համար Մատենադարանը ոչ միայն աշխատավայր է, այլեւ՝ ամենօրյա ներշնչանքի աղբյուր:
– Յուրաքանչյուր մարդ, ով առնչվում է հին ձեռագրերին, խորհրդավոր լիցքեր է ստանում։ Միջնադարյան մարդու համար ժամանակի, բնության եւ սեփական խոհաշխարհի կապը շատ օրգանական էր։ Միջնադարի մարդն ամբողջական էր եւ՛ իր աշխարհընկալումով, եւ՛ գեղագիտությամբ։ Մարդն ընկալվում էր իբրեւ աստվածային արարչագործության շղթայի կարեւորագույն օղակ, իբրեւ փոքր տիեզերք, որը հարաբերվում էր մեծ տիեզերքի՝ աստվածայինի հետ: Ուսումնասիրելու համար միջնադարյան ձեռագրերը՝ պետք է փորձել նյութին մոտենալ նման մտածելակերպով, ընկալել այն այնպես, ինչպես ընկալվել է միջնադարում: Հակառակ դեպքում մեզ հասու չի լինի մեր միջնադարյան խոշոր արվեստագետների ստեղծագործությունը: Այս առումով շատ անելիքներ ունենք: Օրինակ, մեր միջնադարի հսկաներից ճարտարապետ, քանդակագործ, մանրանկարիչ Մոմիկի մասին, որ իսկական Վերածննդի դեմք է, մենք չունենք լիարժեք ուսումնասիրություն։ Հուսով ենք, որ առաջիկայում նման մի ուսումնասիրություն կունենանք:
– Ձեռագրերի հետ աշխատող մարդու համար ո՞ր հատկանիշն է ամենակարեւորը։
– Ձեռագիրը ուսումնասիրողը, նկարագրողը ճշգրիտ կանոններով պետք է առաջնորդվի։ Այդ կանոնները յուրացվում են փորձառու մասնագետների օգնությամբ, բայց շատ բան կախված է նաեւ մարդու ներքին կարողություններից։ Ձեռագրի եւ ուսումնասիրողի միջեւ խորհրդավոր կապ է ստեղծվում։ Անձնական փորձառության շնորհիվ ավելի շատ բան կարելի է սովորել, քան զուտ տեսության իմացությամբ եւ ավագների խորհուրդներին հետեւելով։ Անձնական փորձը բացառիկ է, եւ այն հնարավոր չէ ուրիշից փոխառել։ Ձեռագիր ուսումնասիրողի համար կարեւորը լեզվի ներզգացողությունն է, որը բնատուր է։ Եթե մարդը չունի բնատուր այդ ձիրքը, չի կարող ձեռագրերի հետ աշխատել։
– Ձեռագրի ու մարդու միջեւ պե՞տք է երկխոսություն լինի։
– Երկխոսության տարբեր ձեւեր կան, լինում է նաեւ լուռ երկխոսություն, որն ամբողջ կյանքում շարունակվում է։ Եթե ուսումնասիրողի ու ձեռագրի միջեւ կայացավ այդ կապը, ապա անպայման նոր գյուտերի սկիզբ կդրվի։ Ձեռագրերում դեռ շատ կան չընթերցված էջեր, որոնք հայագիտական նոր ուսումնասիրությունների հիմք կարող են դառնալ։ Մեր խնդիրն է՝ պահպանել եւ զարգացնել Մատենադարանի գիտական ավանդույթը, խթանել նրա կենդանի ստեղծագործական ընթացքը: Մեզ հիմա կենսական լիցքեր են պետք, եւ այդ լիցքերը կարող են ապահովել երիտասարդները։ Այսօրվա հրամայականն այդ է։
– Մատենադարանցիների միջին տարիքը երիտասարդանալո՞ւ է։
– Ընդհանրապես հայագիտության մեջ սերնդափոխության խնդիրը շատ ցավոտ է։ Գիտաշխատողների միջին տարիքը մոտենում է 60-ի, իսկ դա արդեն շատ մտահոգիչ է։ Մատենադարանի անցյալը, ներկան ու հեռանկարները հասկանալու համար հարկավոր է տարբեր սերունդների հայագետների կապն ապահովել։ Հիմա մենք նոր երիտասարդ աշխատողներ ունենք, որոնց հետ մեծ հույսեր ենք կապում։ Վերջերս Մատենադարանում երկարատեւ ընդմիջումից հետո գումարվեց 30-րդ հոբելյանական գիտական նստաշրջանը։ Եռօրյա այդ գիտաժողովը ցույց տվեց, որ Մատենադարանը բավականին լուրջ երիտասարդ ներուժ ունի։ Մասնակիցները հիմնականում երիտասարդներ էին, զեկուցումներից շատերը կհամալրեն Մատենադարանի գիտական հանդեսները, դրանցից ոմանք նոր, ամբողջական ուսումնասիրությունների ծրագրեր ու նախագծեր էին, որոնք, հուսով եմ, մոտ ապագայում կյանքի կկոչվեն: Մեզ համար կարեւոր է խթանել նաեւ Մատենադարանի գրահրատարակչական աշխատանքները։ Բոլոր ժամանակներում էլ գիրքն ամենամնայուն արժեքն է: Մատենադարանի զարգացման ծրագրերի հիմքում է նրա ձեռագրերի ձեռագրական հավաքածուի «Մայր ցուցակի» կազմումը եւ հրատարակումը: Մենք պետք է ամբողջացնենք ձեռագրերի 32 հատորանոց «Մայր ցուցակը»։ Հաշվարկները ցույց տվեցին, որ նախկին տեմպերով 50-60 տարի է հարկավոր՝ այդ գործն ավարտին հասցնելու համար: Այդ պատճառով մենք մշակեցինք եւ կառավարությանը ներկայացրինք տասնամյա մի ծրագիր, որը, հուրախություն մեզ, հաստատվեց: Դա հնարավորություն կտա 15 նոր աշխատատեղեր բացել Մատենադարանում, որը մասամբ կլուծի նաեւ սերնդափոխության խնդիրն այստեղ: Արդեն իսկ մենք մեր աշխատակազմը համալրել ենք 5 նոր շնորհալի մասնագետներով։ Յուրաքանչյուրը հետագայում միջնադարագիտության մի ուրույն ճյուղ կընտրի: Մատենադարանում աշխատելով, ձեռագրերի մեջ խորասուզվելով, կդառնան իսկական մատենադարանցիներ։ Նրանք ձեռք կբերեն գիտելիքներ, որոնք ամբողջ կյանքում կսնեն նրանց:
– Մատենադարանի ձեռագրերի ո՞ր մասն է մանրամասն ուսումնասիրված եւ նկարագրված։
– Մոտ չորս հազար ձեռագրեր նկարագրված են, կան բացեր, որոնք պետք է լրացվեն։ Ունենք նաեւ թեմատիկ նկարագրություններ։ Հաջորդ տարվանից մենք նորովի կկազմակերպենք այդ աշխատանքը՝ հիմնականում օգտագործելով Մատենադարանի երիտասարդ ներուժը։ Տարեկան նկարագրվող ձեռագրերի թիվը մենք պետք է հասցնենք 600-ի: Նկարագրման եւ հրատարակման աշխատանքները պետք է զուգորդված լինեն: Պետք է հասցնենք տարեկան «Մայր ցուցակի» երկու-երեք հատոր հրատարակել, որն ինքնին ծավալուն եւ մեծ աշխատանք է։
– Զբոսաշրջիկների ուշադրությունը գրավելու համար նախատեսո՞ւմ եք կոմերցիոն նախագծեր իրականացնել, հուշանվերներ, բացիկներ վաճառել։
– Մատենադարանի այցելուների հոսքն ավելանում է, միայն այս տարվա ընթացքում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը կրկնապատկվել է։ Եվ մենք պետք է համընթաց քայլենք՝ մենագրությունների ու ալբոմների կողքին պետք է լինեն նաեւ գովազդային նյութեր, բացիկներ, բուկլետներ, հուշանվերներ։ Նյութի գրավչությունը շատ կարեւոր է։ Այդպիսի աշխատանքներ արվում են: Օրինակ, ունենք միջնադարյան բաղադրատոմսերով պատրաստված դեղամիջոցների, քսուքների, դեղաբույսերի նմուշներ, որոնք նաեւ հուշանվերային արժեք են ներկայացնում եւ գիտական երկարամյա աշխատանքների արդյունք են։ Մատենադարանի նախասրահում տեղադրված հատուկ ցուցապահարանում, այդ ամենի հետ մեկտեղ, ցուցադրված են միջնադարյան ներկերի, մասնավորապես՝ հայտնի «որդան կարմիրի» նմուշներ։ Այդ նմուշները մեծ հետաքրքրություն են առաջացնում այցելուների շրջանում։ Ես համոզված եմ, որ հետագայում նման թեմատիկ ցուցադրությունները կավելանան։ Այս աշխատանքներն ընդլայնելու համար Մատենադարանը նոր ցուցասրահների կարիք ունի։ Մատենադարանի հեռանկարային ծրագրերի հիմքում գիտական նոր մասնաշենքի կառուցման գերխնդիրն է։ Մենք դրա վրա ենք հրավիրել ՀՀ կառավարության ուշադրությունը: Եկող տարի ավարտին կհասնեն մասնաշենքի նախագծման աշխատանքները: Նոր կառույցը պետք է բավարարի ժամանակակից ամենաբարձր գիտական պահանջները՝ նոր հեռանկարներ բացելով Մատենադարանի գիտական ներուժը կրկնապատկելու եւ եռապատկելու եւ նրա լաբորատորիաները զգալիորեն ընդլայնելու եւ նորագույն սարքավորումներով համալրելու, նորագույն տեխնոլոգիաներ ներդնելու համար: Իսկ կոթողային շենքը, բնականաբար, կծառայի հիմնականում Մատենադարանի գանձերը ցուցադրելու համար։ Այդպես էլ նախատեսված էր սկզբնական նախագծով, այդ ուղղությամբ որոշ քայլեր արվեցին, սակայն նոր մասնաշենքի կառուցումը կիսատ մնաց։ Հիմա պետք է այդ ծրագիրն իրականացնել. դա համապետական, համամշակութային խնդիր է։
– Եվրոպական թանգարանների հետ իրականացրած համատեղ նախագծերը ցույց տվեցին, որ մեր միջնադարյան գանձերի ցուցադրությունը կարող է բոլորովին այլ հնչողություն ու ներգործություն ունենալ։ Նախատեսո՞ւմ եք նմանատիպ ցուցադրություններ կազմակերպել։
– Մեր հիմնական ցուցադրության կողքին, որը տասնամյակների ընթացքում շատ քիչ փոփոխություններ է կրել, մենք այդպիսի ժամանակավոր եւ բացառիկ ցուցադրություններ ենք կազմակերպել Մատենադարանի երկրորդ ցուցասրահում։ Դրանցից էր 14-րդ դարի Տաթեւի դպրոցին պատկանող Ավետարանի ցուցադրությունը, որն ավանդաբար կոչվում է «Չորս ձիավորների Ավետարան» եւ միջնադարյան մանրանկարչության գլուխգործոցներից է։ Դրանցից է Մատենադարանի արծաթե շքեղ կազմերով ձեռագրերի ցուցադրությունը, որոնք յոթ տարի շարունակ վերանորոգվում էին գերմանացի մասնագետների կողմից։ Ես շատ եմ կարեւորում միջազգային համբավ ունեցող թանգարանների փորձը։ Նյութի ցուցադրման, մատուցման մեջ շեշտը պետք է դրվի այցելուի հուզաշխարհը շարժելու վրա։ Ցուցանմուշները պետք է «շնչեն», շնչավորվեն, դառնան ներքին փաստ։ Համաշխարհային թանգարանագիտությունը ցուցադրությունները կազմակերպելու նոր մակարդակ է պահանջում։ Դրա ապացույցն էին Ֆրանսիայում Հայաստանի տարվա մշակութային միջոցառումների շրջանակներում, ինչպես նաեւ՝ Շվեյցարիայում կազմակերպված հայկական ձեռագրերի ցուցադրությունները: Հաջորդ տարի նման ցուցադրություն կկազմակերպվի նաեւ Սանկտ Պետերբուրգի «Էրմիտաժում»:
– Սովորաբար Մատենադարանը հարստանում է նվիրատվությունների միջոցով։ Իսկ ո՞րն է Մատենադարանի վերջին ձեռքբերումը։
– Մատենադարանի ձեռբերումները հիմնականում բարեգործների շնորհիվ են կատարվում։ Վերջին շրջանում, ի թիվս այլոց, Մատենադարանին մի բացառիկ ձեռագիր նվիրաբերվեց մոսկվաբնակ հայ բարերար Հրանտ Պողոսյանի եւ իր գործընկերների կողմից: Դա 14-րդ դարում ծաղկած մի Ավետարան է, որը պատկանել է Պռոշյան իշխանական տոհմին: Այն չարչարանաց երկար ճանապարհ անցնելուց հետո հանգրվանեց Մատենադարանում: Ձեռագրական ֆոնդի հարստացումը մեր կարեւորագույն խնդիրներից է, եւ մենք նոր ձեռքբերումների եւ նվիրատվությունների ակնկալիք ունենք։
– Վերջերս Մատենադարանը ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ ձեռագրերի թվանշայնացման պայմանագիր կնքեց ամերիկյան մի թանգարանի հետ։ Կարելի՞ է ասել, որ հեղինակային իրավունքների խախտումներով լի այդ պայմանագրին Մատենադարանն այլեւս չի անդրադառնա։
– Համագործակցության մասին նշված հուշագիրը վաղուց չեղյալ է հայտարարված։ Ես համոզված եմ, որ ձեռագրերի թվանշայնացված պատկերների տնօրինման բացառիկ իրավունքը պետք է պատկանի միայն ու միայն Մատենադարանին։ Այս սկզբունքը պետք է լինի յուրաքանչյուր նման համագործակցության հիմքում՝ լինի դա նվիրատվություն, դրամաշնորհ թե համաձայնագիր տեղական կամ արտերկրյա կազմակերպությունների հետ:
– Ձեր բանաստեղծությունները կարդալիս թվում է, թե Դուք ներդաշնության բանալին գտել եք։ Դա ինչ-որ կերպ կապվո՞ւմ է Ձեր գիտական նախասիրությունների հետ:
– Իմ գիտական նախասիրությունների շրջանակում էր հայ միջնադարյան բանաստեղծությունը: Բնագրագիտական որոնումների ընթացքում հնագույն ձեռագրերում ինձ հանդիպեցին միջնադարի հայ մեծ փիլիսոփա, բանաստեղծ, հոգեւոր արվեստների ներհմուտ տեսաբան Անանիա Նարեկացու գործերը, որը Գրիգոր Նարեկացու ուսուցիչն էր, Նարեկյան դպրոցի հիմնադիրն ու առաջնորդը: Ինչ-որ իմաստով այդ բացառիկ բնագրերի ուսումնասիրությունը բախտորոշ դարձավ ինձ համար:
– Կարելի՞ է ենթադրել, որ հազարամյակներ առաջ մարդիկ ավելի ներդաշնակ էին, եւ ավելի ներդաշնակ արվեստ էր ստեղծվում։
– Անշուշտ, այդպես էր։ Յուրաքանչյուր միջնադարյան ստեղծագործող իր մտապատկերում ուներ Աստուծո հետ կենդանի կապի զգացողությունը, տիեզերքի պատկերը։ Միջնադարյան խոշոր արվեստագետների ներդաշնության ձգտումը կենսական է։ Միջնադարում մարդը որպես փոքր տիեզերք էր ընկալվում, ավելի ճիշտ՝ ներքնատիեզերք։ Մարդն իսկապես արարչագործական շղթայի օղակներից մեկն էր։ Լիարժեք, լիարյուն կյանքի ձգտող մարդը, սակայն, միշտ է որոնումների մեջ եղել։ Ժամանակը գալիս ու անցնում է անհատի միջով։ Միջնադարի մարդուն էլ է հաճախ թվացել, որ դրախտի ակունքները կորսված են, որ ինքը հեռացել է բնությունից, հեռացել է Աստծուց։ Եվ ներդաշնակ կապը բնության հետ մարդը հաճախ վերագտել է բանաստեղծական ներշնչանքի հազվադեպ պահերին։ Ստեղծագործող մարդը ձգտում է Աստծուն վերահայտնաբերել իր մեջ, եւ այդ պահերին է ստեղծագործում։ Բոլոր ժամանակներում յուրաքանչյուր արվեստագետ երջանիկ է արարման այդ պահերին։ Ասեմ այսպես. ինքդ քո մեջ ու քեզնից դուրս փորձում ես քեզ գտնել։ Եվ այդ համընկնումների երջանիկ պահերին է մարդն իրեն բավարարված զգում։