Հայ եւ ադրբեջանցի վերլուծաբանների ստորեւ ներկայացվող երկու հոդվածներում ի մի են բերվում փախստականների խնդիրներով անցկացված եւ «168 Ժամում», «Հետք» ինտերնետային ու «Նովոյե վրեմյա» (Բաքու) թերթերում տպագրված հարցումները: Միեւնույն նյութերից նրանց արած եզրահանգումներն, իհարկե, վերջնականն ու միակը չեն: Եթե այս ընթացքում եղել են ընթերցողներ, որոնք ծանոթացել են բոլոր նյութերին, ապա, բնական է, որ ինքնուրույն կարող էին նկատել նմանություններն ու տարբերությունները: Բայց նաեւ այս դեպքում արժե համեմատել սեփական եզրահանգումներն ուրիշների հետ:
«Ռեգիոն» կենտրոն
Սեփական պետություններին դեմ հանդիման
Հայ եւ ադրբեջանցի փախստականները ղարաբաղյան հակամարտության առաջին զոհերն են: Զանգվածային առաջին տեղաշարժերի ժամանակ, որոնք սկսվեցին նախքան ռազմաճակատում ռազմական գործողությունների ծավալումը, այն ամենն, ինչ կապված էր նրանց հետ (նրանց նկատմամբ հասարակությունների վերաբերմունքը, տեղավորումը, նրանց համար նվազագույն պայմանների ստեղծումը եւ այլն), զգացական բարձր տոնայնություն ուներ: Գլխավոր լիցքը, որ տեղ հասնելուն պես նրանք հաղորդեցին իրենց էթնոհասարակություններին, ուղղվեց հակադիր կողմի ծայրահեղ բացասական կերպարի ստեղծմանը: Բնական է, որ հեռուստասյուժեներում եւ մամուլի հրապարակումներում տեղ էին գտնում անձնական պատմություններ` վերապրածով եւ կորուստներով, համեմված «այն կողմի»` ադրբեջանցիների եւ հայերի, դաժան վարքի ու վերաբերմունքի մասին մարդկանց վկայություններով: Այդ վկայություններն էին, որ սկսեցին կողմերից յուրաքանչյուրին առարկայորեն համոզել սեփական վարվեցողության արդարացիության մեջ: Վարվեցողություն, որն այլ, ոչ էքստրեմալ հանգամանքներում, կարող էր այնքան էլ դուրեկան ու պատվաբեր չթվալ:
Ոչ այն ժամանակ, ոչ էլ այսօր ընդունված չէ առանձնապես խորանալ, թե ո՞վ առաջինը սկսեց հետապնդումներն էթնիկ պատկանելության պատճառով: Երկու կողմում էլ այս հարցին տրվում է նույն տրաֆարետային պատասխանը` «նրանք առաջինը սկսեցին, մենք համարժեք պատասխան տվեցինք, պատերազմում` ինչպես պատերազմում»: Ժամանակի ընթացքում փախստականների անցյալի եւ ներկայի մանրամասները վեր էին ածվում ղարաբաղյան հակամարտության ընդհանուր վիճակագրության մի բաղադրիչի, դրան զուգահեռ՝ նվազում էր նրանցից յուրաքանչյուրի եւ նրանց բոլորի խնդիրների նկատմամբ վերաբերմունքի սրությունն ու զգացականությունը, ասենք այնպես, ինչպես սովորական է դառնում այն ամենն, ինչը ձգվում է երկար տարիների մեջ:
Այսօր, ղարաբաղյան հակամարտության պաշտոնական մեկնարկից 19 տարի անց, փախստականների խնդիրները շարունակում են մնալ երեք հարթությունների վրա` ներքաղաքական, արտաքին քաղաքական եւ մարդասիրական: Ժամանակը որոշակիորեն խմբագրեց նաեւ դրանց ընկալումները, հակամարտող երկու հասարակություններում սովորեցին վարժորեն կիրառել փախստականների հետ կապված քաղաքական տերմինները: Թեեւ արժե ընդգծել, որ, ինչպես ղարաբաղյան հակամարտության մնացած բոլոր հարցերում, հայերն ու ադրբեջանցիները ընդհանուր հայտարար չեն ընդունում նաեւ տեղահանված մարդկանց այս կամ այն կարգերին, խմբերին դասելիս: Այսպես, եթե Ղարաբաղից դուրս եկած ադրբեջանցիներին Ադրբեջանում անվանում են բռնի տեղահանվածներ (քանի որ Ղարաբաղը համարում են այս երկրի անքակտելի մասը), ապա Հայաստանում փախստականները բացառապես Ադրբեջանից գաղթած անձինք են: Այսպես շարունակ` տեղաշարժված մարդկանց մնացած խմբերի պարագայում:
Հայ եւ ադրբեջանցի մասնագետների հայացքների բեւեռայնությունը սովորականի նման արտահայտվեց նաեւ փախստականների խնդիրներով տիպային այն հարցազրույցներում, որոնք մենք անց էինք կացրել եւ տպագրել «168 Ժամում» եւ ադրբեջանական «Նովոյե վրեմյա» թերթում: Ինչպե՞ս են ապրում այս մարդիկ իրենց տեղահանությունից տարիներ անց, որքանո՞վ են լուծված սեփական էթնոհասարակություններին նրանց ինտեգրման խնդիրները, ո՞ր կազմակերպություններն են (միջազգային, տեղական ՀԿ-ներ, պետական մարմիններ) լուծել նրանց համար առավել կենսական խնդիրները, ի՞նչ կարգի խնդիրներ են այսօր հուզում փախստականներին, կապո՞ւմ են, արդյոք, փախստականներն իրենց ներկայիս դրության բարելավումը հակամարտության հանգուցալուծման հետ, ունե՞ն ազդեցություն Հայաստանի եւ Ադրբեջանի ներքաղաքական կյանքի վրա, եւ գլխավորը` ի՞նչ են մտածում նրանք հակամարտության, իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալու մասին: Հարց, որն, իբրեւ հաշտեցման գործոն, մշտապես մատնանշվում է միջազգային կառույցների առաջարկություններում, որը որպես երկրորդ պարտադիր պայման՝ մշտապես առաջ է քաշում Ադրբեջանը տեղի ունեցած բոլոր բանակցությունների ընթացքում:
Նշված հարցերին պատասխանելիս, ինչպես արդեն նշեցի, փորձագետները դուրս չէին գալիս իրենց երկրներում ընդունված դիսկուրսի շրջանակներից: Ակներեւաբար այն պատճառով, որ նրանք վերլուծում էին խնդիրներն իրենց ամբողջության մեջ, քաղաքական եւ սոցիալական տեսանկյուններից: Այսպես, Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների երկու ներկայացուցիչները նշում են այն միտումները, որոնք դրսեւորվում են փախստականների հետ աշխատանքի ընթացքում: Եթե հիմա Ադրբեջանում մարդիկ «վրանային քաղաքներից» տեղափոխվում են փախստականների համար հատուկ կառուցված ավաններ, եւ ընդհանուր առմամբ նրանց վիճակը բարելավվում է (վրանային քաղաքների վերջնական ապամոնտաժումն ավարտվելու է 2008թ. վերջին), ապա դա չի նշանակում, թե ամեն ինչ ընթանում է այնպես, «ինչպես ցանկալի է: Որոշ ավաններ կառուցվում են ռազմաճակատի մերձակայքում, ոչ բոլորում կան ենթակառուցվածքներ, աշխատատեղեր: Հող ստացել են ոչ բոլոր փախստականները, իսկ նրանք, ովքեր ստացել են, չունեն դրանք մշակելու հնարավորություն, քանի որ չկան բավարար ֆինանսական միջոցներ: Տները, որտեղ նրանք ապրում են, նրանց սեփականությունը չեն: Կան կառույցների որակի համար բողոքներ» եւ այլն (Իմրան Վելիեւ): Մեղմ ասած, հարթ չէ վիճակը նաեւ հայկական կողմում: «Նախքան փախստականներին քաղաքացիություն տալը նրանց պետք էր ինտեգրել այս հասարակությանը»,- նշում է Հայաստանում փախստականների խնդիրներով զբաղվող Լ. Ներսիսյանը: Եվ խնդիրների շարքում ընդգծում է գլխավորները, այն, որ այդ մարդիկ, նույնիսկ նրանք, ովքեր կարողացել են Հայաստանում սեփականատերեր դառնալ, չեն կարողացել փոխվել, սովորել կյանքի նոր պայմաններին, չնայած քաղաքացու կարգավիճակ ստանալու փաստին, հայերեն լավ չիմանալու պատճառով նրանք բնակիչներ լինելուց այն կողմ չեն անցել: Փորձագետների այս զույգի գնահատականներից դուրս բերվող գլխավոր հետեւությունը թերեւս սա է. «Աստիճանաբար թուլանում է միջազգային կառույցների ուշադրությունը հին հակամարտությունների, ինչպիսին նաեւ հայ-ադրբեջանականն է, զոհերի նկատմամբ, եւ դա տրամաբանական է» (Լ.Ներսիսյան): Կարծես իրենց պետությանը դեմ հանդիման են մնացել նաեւ ադրբեջանցի փախստականները, քանի որ «նավթի եւ գազի արդյունաբերման, կապիտալի ներհոսքի եւ այլ գործոնների պատճառով միջազգային կառույցների կողմից հատկացվող մարդասիրական օգնությունը սկսեց կրճատվել, որոշ գործակալություններ դադարեցրին իրենց գործունեությունն Ադրբեջանում» (Ի.Վելիեւ):
Յուրայինների մեջ` նախկին կյանքի մասին երազներով
Մեր հարցազրույցների հերոսներին` հայ եւ ադրբեջանցի փախստականներին, Բաքվում մեր գործընկեր կազմակերպության` Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի հետ պայմանավորվածության համաձայն, ընտրել էինք միայն մեկ սկզբունքով` մի զույգը պետք է լինի այն մարդկանցից, որոնք կարողացել են ինչ-որ չափով կարգավորել իրենց կյանքը նոր վայրում, եւ մյուս զույգը, հակառակը, այն խմբից, որոնց մինչ օրս չի հաջողվել ձեռք բերել նվազագույն պայմանները` սեփական տանիք գլխի վերեւում: Սակայն արդեն պատրաստի նյութերին ծանոթանալուց հետո ինձ համար ակնհայտ դարձավ մարդկանց զգացմունքների եւ մտքերի զարմանալի նմանությունը, անկախ այն բանից, թե որ խմբից էին նրանք` համեմատաբար լա՞վ, թե՞ վատ վիճակում, անկախ նրանց ազգային պատկանելությունից` հա՞յ են, թե՞ ադրբեջանցի: Այս մարդկանց անձնական «ոդիսականները», թերեւս, այդքան նման են այն բանալ օրինաչափության պատճառով, որ անձնական մակարդակում քաղաքական եւ այլ բնույթի բոլոր խնդիրները ստանում են բոլորովին այլ իմաստ, բոլոր այդ մարդկանց այնուամենայնիվ միավորում են սոցիալական դժվարությունները, ինչպես նաեւ սեփական հասարակություններից խորքային խորթացումը: «Բռնի տեղահանվածի կարգավիճակն ունենալուց առավել ցածր ու արգահատելի բան չկա»,- պնդում է Շուշիի նախկին բնակիչ Բաբիր Զեյնալովը: «Հիմա հասկացեք մի հասարակության բարոյական այլանդակությունը, որտեղ մայրաքաղաքի գրանցում ունեցող քաղաքացիները նախանձում են բռնի տեղահանվածներին բացառապես այն բանի համար, որ վերջիններս ազատված են կոմունալ վարձերը վճարելու պարտավորությունից»: «Տեղաբնակների» եւ փախստականների նկատմամբ հասարակության մեջ եղած տարբեր վերաբերմունքի մասին է խոսում նաեւ նախին բաքվեցի Նինա Բեջանյանը, որը հիմա ծանր պայմաններում ապրում է Նոր Նորքի հանրակացարանում: Անցած իրադարձությունները մաս-մաս են արել եւ նրա ընտանիքը, եւ իր սեփականաշնորհած բնակարանի համար շնորհակալ («Երեւանում ես ինքս երբեք բնակարան գնել չէի կարողանա»), դարձյալ նախկին բաքվեցի Վիկտորիա Օհանյանինը. ինքն ապրում է Երեւանում, երեխաները` Ռուսաստանում, ամուսինը` գյուղում: Չնայած, որ նախկինում Ֆիզուլիում բնակվող Ռոզա Իբրահիմովայի երեխաներն արդեն «կարող են վաստակել իրենց ընտանիքների համար հացի փող», այս կինն այնուամենայնիվ երազում տեսնում է իրենց երկհարկանի տունը՝ որպես անցած կյանքի մասին հաճելի հուշ: Թե որքան լավ են ապրել առաջ, պատմում են բացառապես բոլոր հարցվողները, իսկ Ն. Բեջանյանը Բաքվում իր կյանքը նշում է իբրեւ «անցած հեքիաթ»:
Այնուամենայնիվ, այս չորս անձանց պատասխաններում կա սկզբունքային տարբերություն, եւ այն երեւում է «մտածո՞ւմ են, արդյոք, իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալու մասին, եւ իրենք անձամբ կվերադառնա՞ն նման հնարավորության դեպքում» հարցից: Ադրբեջանցի փախստականներն ու փորձագետները հատուկ նշում են վերադառնալու պատրաստակամության կամ անհրաժեշտության մասին: «Բռնի տեղահանվածների վերադարձը դեպի խաղաղություն առաջին քայլն է»,- ասում է քաղաքագետ Է.Նամազովը: Իրավաբան Ի. Վելիեւն ընդգծում է, թե իր կազմակերպությանն ուղղվող փախստականների ամենագլխավոր հարցն այն է, թե «ե՞րբ են կարողանալու վերադառնալ հարազատ վայրերը»: Իսկ ահա հայ փախստականների եւ քաղաքագետի կարծիքները բեւեռայնորեն այլ են: Երջանիկ անցյալը նրանց համար մնացել է ետեւում, եւ մեր երկու զրուցակիցները, ինչպես եւ հայ մյուս փախստականները, եթե նույնիսկ ունենային վերադառնալու հնարավորություն, ապա միայն այն բանի համար, որ մեկ անգամ էլ տեսնեն նախկինում հարազատ վայրերը: «Թող գնան նրանք, ովքեր չեն տեսել այն, ինչ ես եմ տեսել» (Վ. Օհանյան), «ինչի՞ համար մտածեմ այն բանի մասին, ինչը երբեք էլ չի լինելու» (Ն. Բեջանյան): Քաղաքագետ Մանվել Սարգսյանն այս հանգամանքը բացատրում է նրանով, որ առանց քաղաքական համաձայնության փախստականների վերադարձն անհնարին է, քանի որ կողմերի միջեւ եղած տարաձայնությունները քաղաքական են: «Եթե վաղն Ադրբեջանն ու Ղարաբաղը բացեն սահմանը, չեմ կարծում, թե փախստականներից որեւէ մեկը կվերադառնա», քանի որ չկան նրանց ապագայի եւ անվտանգության երաշխիքներ:
Բայց այս կարծիքն ընդունելի է միայն այն պարագայում, եթե, ասենք, Ղարաբաղի փախստականների վերադարձը նշանակելու է Ղարաբաղում հայերի եւ ադրբեջանցիների համատեղ կյանք, այլ ոչ թե Ղարաբաղից հիմա էլ հայերի վռնդում, ինչպես կարելի է ընկալել հետեւյալ արտահայտությունից. «Թող իմանան, որ վաղ թե ուշ մենք կազատագրենք մեր հողերը եւ կվեդառանանք հայրենի օջախներ» (Բ. Զեյնալով): Թեեւ, Է. Նամազովի կարծիքով, խաղաղությանն ուղղված գործընթացները («տեղահանվածների վերադարձ, տարածաշրջանի վերականգնում, Լեռնային Ղարաբաղի երկու համայնքների միջեւ հարաբերությունների հաստատում») պետք է սկսեն Ղարաբաղում, քանի որ այնտեղ են սկիզբ առել նաեւ հակամարտության հասցրած գործընթացները, սակայն այդ գործընթացները, նույնիսկ վստահության հաստատումը, ինձ, օրինակ, բավական հեռավոր երեւույթներ են թվում («Մեր երեխաներն ավելի դժվար են լեզու գտնելու հայերի հետ»,- նշում է փախստական Ռ. Իբրահիմովան):
Ներկա պայմաններից դժգոհ, ադրբեջանական հասարակության մեկ ութերորդ մասը կազմող փախստականների եւ բռնի տեղահանվածների ներքին բողոքը մնացած բոլորի նկատմամբ նրանց դարձնում է ստատուս-քվոյի փոփոխությամբ Ադրբեջանում ամենաշահագրգիռ խումբը: Ղարաբաղյան հակամարտության հարցում ընդունվելիք որոշումներից նրանց հեռավորությունը, հետեւապես նաեւ` հետաքրքրվածությունը բանակցային գործընթացով, այնպիսին է, ինչպիսի հեռավորության վրա են նույն որոշումներից գտնվում Ղարաբաղում բնակվող հայերը: Սակայն տարբերությունն այն է, որ ոչ հայ փախստականները, ոչ էլ Ղարաբաղի բնակչությունը մինչեւ վերջերս գործոն չեն եղել ոչ ներքաղաքական կյանքում, ոչ էլ նույնիսկ բանակցային գործընթացներում: Պատճառը ոչ միայն այն է, որ, ասենք, հայ փախստականների քանակն ադրբեջանցի իրենց բախտակիցներից մոտավորապես երկու անգամ փոքր է, այլեւ, որ ոչ արհեստականորեն ծագած հանգամանքների բերումով նրանց խնդիրները չդարձան տարբեր ուժերի միջեւ ներքաղաքական մրցակցության առարկա:
Լաուրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
19 տարի անց
Կամ լույս կա՞ թունելի վերջում
Ավարտվեցին փորձագետների տեսակետների եւ հարցազրույցների հերթական ցիկլի հրապարակումները Ադրբեջանի եւ Հայաստանի ԶԼՄ-ում։ Ի՞նչ ցույց տվեցին դրանք։ Առաջին հերթին` այդ խնդրի նկատմամբ հասարակության տարբեր շերտեր ունեն տարբեր մոտեցումներ։
Փախստականների հետ հարցազրույցները շատ բանով նման են իրար։ Հակամարտության անմիջական զոհերին առաջին հերթին միավորում է վերապրած սարսափների ցավը, որը չի մեղմացել նույնիսկ շատ տարիներ անց։ Նրանցից յուրաքանչյուրի կյանքը հստակորեն բաժանվում է երկու շրջանի` հակամարտությունից առաջ եւ հետո։ Ընդ որում` նրանց համար առաջին շրջանը երջանիկ օրերի եւ հեռավոր կախարդական հեքիաթի ժամանակ էր (Ռոզա Իբրահիմովա եւ Բաբիր Զեյնալով), երբ շուրջը լավ հարեւաններ էին եւ բոլորն ապրում էին մի մեծ ընտանիքով, երջանիկ էին (Վիկտորիա Օհանյան եւ Նինա Բեջանյան)։ Իսկ ահա երկրորդ շրջանը փախստականների եւ բռնի տեղահանվածների համար հանուն գոյատեւման մղվող պայքարի, կորուսյալ անցյալի մասին հիշողությունների շրջան է, կարծես կյանքը նրանց համար ավարտվել է։ Պատերազմը մարդկանց զրկեց սովորական կենսակերպից, եւ նույնիսկ ինչ-որ աշխատանք գտնելով` նրանք անկարող են վարժվել կյանքի նոր պայմաններին։ Քաղաքային պայմաններին վարժվածները չեն կարողանում ապրել գյուղերում՝ եւ հակառակը։ «Մեզ ոչ ոք չի օգնել եւ չի օգնում» բառերը կրկներգի նման անցնում են բոլոր փախստականների հարցազրույցների միջով։ Նրանք ոչ մի կերպ չեն հարմարվում իրենց ներկա կարգավիճակին, քանի որ, ինչպես նրանցից մեկն է ասում, նրանք օտար են՝ յուրայինների եւ յուրային չեն՝ օտարների մեջ։ Ճիշտ է, փախստականների եւ բռնի տեղահանվածների հարցազրույցներում կան նաեւ տարբերություններ։ Երկու կողմերն էլ սիրով եւ կարոտով հիշում են այն հողը, որի վրա ծնվել են իրենք եւ իրենց նախնիները։ Սակայն հայ փախստականներն արդեն չեն մտածում Ադրբեջան վերադառնալու մասին, նրանց համար ամեն բան անցյալում է, նրանք մտածում են իրենց կյանքը Հայաստանում, նոր միջավայրում դասավորելու մասին։ Նրանց եւ հատկապես նրանց երեխաների համար Հայաստանը դարձել է նոր հայրենիք։ Հայաստանի հասարակությանն ինտեգրվելու ընթացքը մասամբ թեթեւանում է այն հանգամանքով, որ հայերը, նույնիսկ գտնվելով Հայաստանի սահմաններից դուրս, պահպանել են հոգեւոր կապն իրենց հայրենիքի եւ ժողովրդի հետ, ձգտել են պահպանել իրենց էթնիկ ինքնությունը։ Դրա շնորհիվ, ապրելով Ադրբեջանում, հայերը երիտասարդ սերնդին պատմել են «մայր հայրենիքի» մասին, նրանց տանը միշտ եղել են հայ ժողովրդի պատմության գրքեր, որ նրանց թույլ է տվել երեխաներին դաստիարակել հայրենասիրական ոգով. «Իմ երեխաները սիրում էին կարդալ այդ գրքերը, հայկական պոեզիա» (Վիկտորիա Օհանյան)։ Ուստի, նույնիսկ լավ չիմանալով հայոց լեզուն, փախստականների այս խումբը չի մտածում իրենց օջախը վերադառնալու մասին։ Թեկուզ մեծ դժվարությամբ, բայց նրանք սկսում են հարմարվել նոր կյանքին եւ առաջին հերթին մտածում են երեխաների մասին։
Ղարաբաղյան հակամարտության ադրբեջանցի զոհերի հայացքներն այս դեպքում սկզբունքորեն հակադիր են։ Նրանք ընկալում են իրենց ներկա կարգավիճակը եւ կենսակերպը՝ որպես ժամանակավոր մի բան, եւ ջերմեռանդորեն հավատում են, որ վաղ թե ուշ կազատագրեն իրենց հողերը եւ կվերադառնան հայրենի օջախներ։ Փախստականների մեծ մասը ոչ միայն մտածում, այլեւ ցանկանում է վերադառնալ հայրենի օջախներ (Ռոզա Իբրահիմովա)։ Եվ այդպես մտածում է ոչ միայն հին, այլեւ նոր սերունդը. «Իհարկե, մենք մտածում ենք վերադառնալու մասին։ Թե՞ ինչ-որ մեկը լրջորեն համարում է, թե Շուշին կարող է չլինել մերը» (Բաբիր Զեյնալով)։ Հետաքրքիր է, բայց եթե հայ փախստականներն իրենց հիշողություններում ջերմ բառեր էին գտնում` ուղղված իրենց ադրբեջանցի հարեւաններին, ապա ադրբեջանցիներն ավելի կոշտ են տրամադրված եւ համարում են, որ պատերազմի վերքերը շատ խորն են, եւ ապագա սերնդի համար շատ ավելի դժվար կլինի ընդհանուր լեզու գտնել հայերի հետ (Ռոզա Իբրահիմովա)։ Իսկ ինչպիսի՞ն է եղել հասարակության վերաբերմունքը այդ խնդրի նկատմամբ այս տարիներին։ Ըստ էության, թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում տարվել եւ հիմա էլ տարվում են աշխատանքներ փախստականներին եւ բռնի տեղահանվածներին տարբեր ոլորտներում օգնություն ցուցաբերելու համար։
Դրա հետ միասին, փախստականների եւ բռնի տեղահանվածների հետ աշխատող հասարակական կազմակերպությունների ղեկավարներ Իմրան Վելիեւի եւ Լեւոն Ներսիսյանի հարցազրույցներում աչքի է զարնում այն, որ նրանց ներկայացրած վիճակներն իրարից շատ չեն տարբերվում, խիստ նման են աշխատանքի մեթոդներով, շատ ընդհանուր բան կա նաեւ իրադրության գնահատականներում։
Բնականաբար, այս ամենից հետո անհրաժեշտ էր ծանոթանալ այս թեմայի վերաբերյալ երկու կողմերի քաղաքական գործիչների եւ քաղաքագետների կարծիքներին։ Այստեղ կարծիքները խիստ տարբերվում են, եւ հավանաբար դա կապված է հարցազրույց տվողների մասնագիտության հետ։ Այսպես, Մանվել Սարգսյանի կարծիքով, Հայաստանն այդ խնդրի լուծմանը ցուցաբերել է համակարգային մոտեցում, չի ձգտել քաղաքականացնել այն եւ փորձել է լուծել հնարավորությունների սահմաններում։ Բայց քանի որ հայ փախստականների կեսից ավելին հեռացել է հանրապետությունից, ապա նրանք դադարել են քաղաքական գործոն լինել Հայաստանի համար։ Այնուհետեւ Մ. Սարգսյանն իր ողջ պաթոսն ուղղում է Ադրբեջանի դեմ, որն այդ հարցերին մոտեցել է տրամագծորեն հակառակ տեսակետից։ Նրա ադրբեջանցի գործընկեր Էլդար Նամազովի տեսակետն այլ է։ Ըստ նրա` փախստականները եւ բռնի տեղահանվածները պայթյունավտանգ, կրիտիկական մեծ զանգված են, որը կարելի է օգտագործել որոշակի իրադրության մեջ եւ ծառայեցնել անհրաժեշտ նպատակների։ Հասկանալի է, որ ըստ Է. Նամազովի` փախստականները եւ բռնի տեղահանվածները որոշակի դեր են խաղում իրենց բնակության երկրի հասարակական-քաղաքական եւ սոցիալ-տնտեսական կյանքում, բայց ոչ` իրենց կամքով, այլ որովհետեւ նրանց իր շահերին է ծառայեցնում թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը։ Օրինակ` ղարաբաղյան հարցն ակտիվացնելու համար, ինչպես նաեւ՝ որպես ընտրազանգված, բայց ընդհանուր առմամբ` որպես մութ ուժ, որպես ամբոխ, որը կարող է գնալ առաջնորդների, որոշակի կարգախոսների ետեւից։ Այդ զանգվածը պատրաստ է ամեն ինչի, քանի որ առավելապես բաղկացած է սոցիալական աղետի եզրին գտնվող մարդկանցից, առանց նյութական կամ այլ փոխհատուցման, առանց փաստացի կազմակերպական կառույցի, աշխատանքի, դուրս ընկած կյանքի սովորական ընթացքից։ Ընդհանուր առմամբ` դրանք մարգինալներ են, որոնք չեն գտել իրենց տեղը նոր պայմաններում։ Այսպիսով, փախստականների եւ բռնի տեղահանվածների դրության համառոտ վերլուծությունը ցույց է տալիս, որ ներկա վիճակը ձեռնտու է բոլորին, բացի իրենցից` փախստականներից եւ բռնի տեղահանվածներից։ Ահա թե ինչու, օրինակ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները եւ քաղաքագետները վերը նկարագրված խնդիրները լուսաբանում են տարբեր դիրքերից. նրանք, ովքեր անմիջապես աշխատում են փախստականների եւ բռնի տեղահանվածների հետ, համարում են, որ հնարավոր է երկու լուծում. ա) նրանց հարազատ վայրեր վերադարձնելը, բ) նոր տեղում հասարակությանը նրանց ինտեգրելը։ Ընդհանուր առմամբ նրանք իրադրությունը գնահատում են օբյեկտիվորեն եւ իրատեսորեն, բայց նրանց հանձնարարականները պատասխան չեն տալիս կենտրոնական հարցերին` ինչպե՞ս, ե՞րբ, ո՞ւմ կողմից եւ ի՞նչ ձեւերով կարող է լուծվել խնդիրը։ Թեեւ հասկանալի է, որ այն ուղղակիորեն կապված է ղարաբաղյան խնդրի, տարածքային վեճի հետ։ Հենց դրանց լուծումն էլ կարող է ճանապարհ բացել փախստականների եւ բռնի տեղահանվածների խնդրի լուծման համար։ Ընդհանուր մասնագիտական հետաքրքրություններ ունեցող քաղաքագետները խնդրի լուծման հիմքում դնում են փախստականների եւ բռնի տեղահանվածների վերադարձը հարազատ վայրեր եւ դա համարում են խաղաղության տանող քայլերից մեկը։ Բայց այդ մոտեցումը բոլորովին իրատեսական չէ։ Այդ քաղաքագետները խնդրից շատ հեռու են կանգնած, եւ նրանց հանձնարարականները շատ բարձր դիրքից տրված խորհուրդների բնույթ ունեն։ Եվ այդ խորհուրդները տրվում են վերացական տոնով, իսկական օլիմպիական հանգստությամբ։ Իսկ իրենց` փախստականների եւ բռնի տեղահանվածների մակարդակում խնդիրներն ի հայտ են գալիս այլ տեսանկյունից։ Նրանք կարեւոր են համարում ստանալ գլխավոր հարցի պատասխանը` վերջապես ե՞րբ հասարակությունները ուշադրություն կդարձնեն նրանց վրա։ Ընդ որում` ադրբեջանցիների համար հիմնական խնդիրը հարազատ վայրեր վերադառնալու հարցն է։ Հայաստանում գտնվող հայ փախստականների համար ավելի կարեւոր է լուծել նոր տեղերում հասարակությանն ինտեգրվելու խնդիրը։ Միաժամանակ, երկու կողմի համար էլ կարեւոր է ստանալ հետեւյալ հարցի պատասխանը. եթե ոչ իրենք, ապա գոնե իրենց երեխաները, թոռներն ընդհանուր լեզու կգտնե՞ն։ Երկու կողմերն էլ համարում են, որ իրենց մինչեւ վերջ չեն հասկանում ոչ Ադրբեջանում, ոչ Հայաստանում, քանի որ մինչեւ չընկնես հակամարտությունից տուժածի վիճակի մեջ, չես հասկանա փախստականների եւ բռնի տեղահանվածների ողբերգության ողջ խորությունը։ Մեծ հաշվով, նրանք դարձել են մեծ տերությունների, պաշտոնական Բաքվի եւ Երեւանի, ինչպես նաեւ՝ տեղական բիզնես-կառույցների աշխարհաքաղաքական խաղի զոհերը, քաղաքագետների մտավարժանքների առարկան։ Նման եզրակացություններ են հետեւում միջպետական եւ միջէթնիկական հակամարտությունների ուրիշ գոտիներում տիրող համանման իրավիճակներից։
Ռաուֆ ՀՈՒՍԵՅՆՈՎ