Գալիք տարվա խորհրդանիշ կենդանին (դատելով բացառապես նրա ֆիզիկական ոչ այնքան տպավորիչ տվյալներից) առանձնակի լավատեսության հիմքեր չի տալիս: Մուկ: Այս մեկ բառն արդեն մեր ժողովրդի պարագայում հնչում է որպես դատավճիռ: Հատկապես, եթե նկատի առնենք գալիք տարվա կարեւորագույն իրադարձության` նախագահական ընտրությունների գործոնը: Միակ սփոփիչն այն է, որ Հայ Առաքելական եկեղեցին չինական, արեւելյան հորոսկոպներին առանձնակի նշանակություն չի տալիս եւ շան, օձի, նապաստակի, վիշապի, աքաղաղի եւ անգամ մկան անվանումները կրող տարիները չի պայմանավորում այդ կենդանիներին բնորոշ հատկանիշներով:
Մենք՝ հայերս, մեր հինգհազարամյա պատմությունից եւ հազարյոթհարյուրամյա քրիստոնեական պատմությունից պիտի որ նկատած լինենք, որ միմյանց ավելացող տարիները, հարյուրամյակները մեզ համար որակական մեծ փոփոխության հիմք չեն: Այսինքն` պատահում են, չէ՞, տարիքն առած, ալեզարդ, բայց ոչ այնքան խելամիտ, կյանքի փորձի արժեքը չիմացող մարդիկ, որոնց համար կյանքի գերագույն արժեքն այդ կյանքը մի կերպ կրելու, այն անցկացնելու մեջ է: Որքան էլ ականջահաճո չէ, այնուամենայնիվ, մեր դեպքում այդպես է: Համոզվելու համար կարելի է չծուլանալ եւ վերընթերցել մեր հայ պատմիչներից յուրաքանչյուրի աշխատասիրությունը (օրինակ` Խորենացու «Ողբը» կարծես երեկ գրված լինի), ցանկացած նշանավոր հայի կենսագրությունը (դրանք մոտավորապես այսպիսի ավարտ են ունենում` Հայաստանում հալածվեց, փախավ Թիֆլիս, ուր եւ մեռավ) եւ այլ աղբյուրներ, կնկատենք, որ դարերի ընթացքում եթե ինչ-որ բան ավելացել է, ապա՝ փոխադարձ արհամարհանքը եւ հակակրանքը: Չենք սիրում միմյանց, բարեկամներ, եւ ոչինչ անել չես կարող: Նախորդ տարիներին էլ չէինք սիրում միմյանց, սակայն դա արձանագրելու համար բավարարվում էինք լոկ բանավոր հիմնավորումներով, որոնք արագ մոռացվելու հատկություն ունեն: Սակայն նախընտրական այս տարին բոլորին ստիպեց միմյանց հանդեպ բացասական վերաբերմունքն ապացուցել: Գրավո՛ր: Հղումներ անելով ընդամենը մի քանի տարվա վաղեմության` դեռեւս չխունացած թերթերին, փաստաթղթերին, խնջույքներին արտասանած կենացներին, սեղանակիցների վկայություններին եւ գիտության մեջ որպես սկզբնաղբյուր մերժելի այլ երեւույթների:
Սակայն մեր նորագույն պատմության տարբեր ժամանակահատվածներում միմյանց վարկաբեկելու եւ դիմակ պատռելու տարբեր հնարքներն ու մեթոդները բազմազան են եղել: Տակավին երեք-չորս տարի առաջ քաղաքական գործիչն իր կոլեգային ոչնչացնելու համար կարող էր միայն բազմանշանակ լռել` ակնարկելով նրա` հասարակության կողմից ոչ այնքան խրախուսվող սեռական կողմնորոշումը: Պաշտոնատար անձանց սեռական նախասիրությունների թեմաներով բարձրաձայն եւ առանց կարմրելու խոսում էին խորհրդարանի ամբիոնից:
Ավելի վաղ շրջանում, անգամ կարելի է ասել` մեր անկախության ակունքներին, հասարակության հետաքրքրության նյութ էր քաղաքական ազդեցիկ գործչի մոր եւ կնոջ ծագումը. ցանկալին հայկական, քրդական, եզդիական արմատներն էին, սակայն ոչ մի պարագայում` հրեական: Հրեական արմատների «բացահայտումից» հետո շրջանառության մեջ էին դրվում «մասոնական օթյակի անդամ», «սիոնիզմի գործակալ» բառակապակցությունները: Սակայն, քանի որ Հայաստանում այս թեմայի մասին ողջ ինֆորմացիան տեղավորվում է վերոնշյալ բառակապակցություններում, այն իրեն սպառեց գոնե հրապարակային քննարկումներում: Իսկ այսօր որեւէ մեկին բոլոր մահացու մեղքերի մեջ մեղադրելու համար բավական է թերթել վերջին տարիների մամուլը: Եվ, պատկերացրեք, մեղադրանքները կարող են լիովին արդարացված եւ հիմնավոր լինել: Սակայն ո՞րն է այսինչի անփառունակ անցյալն ու հերոսական ներկան համեմատելով` նրան եւ հասարակությանը վատ վիճակի մեջ դնելու նպատակը: Չսպասելով պատմության դատին, այսինքն` չսպասելով, որ մեր նորագույն պատմությունը քննեն եւ դրա համար արխիվներ բացեն մեզ հաջորդող սերունդները, որոնք անաչառության խնդիր չեն ունենա, մենք այսօր արդեն դեռեւս չարխիվացած իրադարձություններն ու մարդկանց այնքան ենք քննում, շուռումուռ տալիս, որ նրանց անհետաքրքիր ենք դարձնում անգամ պատմության համար: Եվ եթե այս ամենի հիմքում իրո՛ք լիներ ճիշտ ընտրություն անելու, չսխալվելու ցանկությունը… Եթե դրանով զբաղվեին գրագետ, լուրջ մասնագետներ` հոգեբաններ, պատմաբաններ, սոցիոլոգներ…
Հոկտեմբերի 27-ից հետո, երբ ժողովուրդը` զարհուրած ու սարսափած մեծ կորուստից, սկսեց արագ-արագ փողոցներն ու դպրոցները, զանազան կառույցներ անվանակոչել նահատակների անուններով (եւ դա հասկանալի էլ էր), անգամ որոշվեց նրանց սրբերի շարք դասելու դիմումով գնալ Վեհափառի դուռը, հուշարձանների անվանակոչությամբ զբաղվող մի խելամիտ պաշտոնյա, նիստերից մեկին (որին մասնակցում էին նաեւ լրագրողներ) կիսաձայն, գրեթե շշուկով ասաց, որ աշխարհում ընդունված կարգ կա` որեւէ հուշարձան կամ փողոց ժամանակակցի անունով անվանակոչելու համար նրա մահից պետք է անցնի առնվազն մի քանի տարի, այսինքն` պատմությունը, ժամանակը պետք է սրբագրեն այդ անունը, եւ այն նոր միայն պետք է շրջանառվի: Այսինքն` սա ոչ թե անհարգալի վերաբերմունք է զոհվածի, մահկանացուն կնքած քաղաքական, մշակութային էլիտայի ներկայացուցչի հանդեպ (վերանանք «27»-ի դեպքից), այլ հարգանք պատմության, ժամանակի եւ ժողովրդի հանդեպ:
Դեւռեւս չարժեւորած, չգնահատած մեր անցյալը, առանց մեկ րոպե կորցնելու` փորձում ենք գնահատական տալ երեկվա, նախորդ օրվա իրադարձություններին: Արդեն 15 տարի է` քաղաքական ասպարեզում նույն մարդիկ են, որոնց հասցրել ենք տեսնել եւ՛ որպես իշխանություն, եւ՛ որպես ընդդիմություն, եւ՛ որպես լոյալ զանգված, եւ մարդիկ, մեզնից յուրաքանչյուրը պատրաստ է իր ընտրությունն անել` առանց ամեն կարգի մերկացնող հիշեցումների, արխիվների, կյանքի որոշակի շրջանի կոնտեքստում գուցե ընդունելի, սակայն կոնտեքստից դուրս` արդեն տրամաբանությունը կորցրած պատմությունների: Գուցե ճիշտ է այսքան կոպիտ չշոշափել մեր նորագույն պատմությունը. դրանից նրա ընթացքը կարծես սկսել է դանդաղել: