Ընտրական եւ նախընտրական ընթացիկ տարին մոտենում է ավարտին: Այս կապակցությամբ ՄԱԱ-ն երեկ քննարկում էր կազմակերպել, որի նպատակը 2007-ին ՀՀ քաղաքական կյանքում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունների ամփոփումն էր: Թեեւ պետք է նշել, որ հնչած տեսակետները հիմնականում վերածվում էին իշխանությունների գովքի կամ քննադատության:
Քննարկումը սկսվեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովի դիտարկումներով: Ըստ նրա, ավարտվող տարում ձեռքբերումների հետ միասին, կորուստներ էլ ունեցանք, որոնցից ամենամեծը ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահն էր: Իսկ ձեռքբերումներից էին ազգային անվտանգության ռազմավարությունը, «ընտրություններ» անվանված միջոցառումը, որից դիտորդներն այս անգամ այնքան էլ շատ չբողոքեցին եւ այլն: Է. Շարմազանովի հետագա խոսքը նվիրված էր ՀՀԿ-ի գովքին ու նրա նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Նա հայտարարեց, թե 2003-ից հետո իշխանություններն ու ՀՀԿ-ն կատարել են գրեթե բոլոր նախընտրական խոստումները: ՀՀԿ-ական պատգամավորը խոսեց «գրոհային» բյուջեի ու թոշակների բարձրացման մասին, բայց ոչինչ չասաց ապրանքների թանկացման վերաբերյալ: Վերջում նշեց, թե պետք է նախագահական ընտրություններն իրականացնել «ոչ վատ, քան մայիսյան ընտրությունները»: Է. Շարմազանովին ոգեւորել էր նաեւ այն, որ մայիսի 12-ից հետո ՀՀ-ում ձեւավորվել է «նոր որակի» ընդդիմություն, իր խոսքերով՝ կառուցողական ընդդիմություն. «Խորհրդարանական ընտրություններն ապացուցեցին, որ հայ ժողովուրդն իր ապագան չի կապում ոչ ծայրահեղականության, ոչ էլ այդպիսի ուժերի հետ, այլ այն ուժերի հետ, որն իրականացնում է հավասարակշռված եւ արդյունավետ քաղաքականություն»,- ասաց նա:
ՀՀԿ-ական բանախոսից հետո խոսեց «կառուցողական ընդդիմության» ներկայացուցիչ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Վերջինս մի լավ բողոքեց ԱԺ աշխատանքներից ու իր խոսքի հիմնական մասը նվիրեց դրան եւ 2008թ. բյուջեի քննադատությանը: Իսկ ահա Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Արամ Մայիլյանը 2007թ. բաժանեց 2 մասի՝ մինչեւ մայիսի 12-ը եւ դրանից հետո: Նրա խոսքերով` մինչեւ մայիսի 12-ն իշխանությունները հստակ ռազմավարություն ունեին` մայիսի 12-ին ամրապնդել այն պլատֆորմը, որի վրա պետք է գնան հաջորդ ընտրություններին, իսկ ընդդիմությունն այդ ժամանակ ընդհանրապես որեւէ ռազմավարություն չուներ, ընտրությանը մասնակցեց բաժանված, եւ դրա մի հատվածն այդկերպ ուղղակի ինքնասպանություն գործեց: Մայիլյանի գնահատմամբ՝ մայիսի 12-ից հետո գործող համակարգն ուժեղացավ, եւ ընդդիմության բացակայությունը հանգեցրեց նրան, որ ակտիվ քաղաքականություն վերադարձավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Բանախոսի գնահատմամբ՝ 2008թ. ընտրություններում եւս գործող ռեժիմը հաղթանակ կտանի: Քննարկման մասնակից, ՀԺԿ վարչության անդամ Ռուզան Խաչատրյանը նախ զարմանք հայտնեց Է. Շարմազանովի այն պնդման կապակցությամբ, թե իշխանությունները կատարել են բոլոր խոստումները` հիշեցնելով, որ, օրինակ՝ խոստացվում էր, որ 2001-ից «աղետի գոտի» հասկացություն չի լինի, սակայն արդեն 2008-ն է գալիս, բայց միայն Գյումրիում դեռ 4000 անօթեւան ընտանիք կա:
Ռ. Խաչատրյանն անդրադարձավ «չափն անցած էլեկտրոնային ԶԼՄ-ներում կատարվող խայտառակություններին», ԳԱԼԱ հեռուստաընկերության փակման փորձերին, «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրության պայթեցմանն ու այլ ճնշումների: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ տեղեկացրեց, որ ինքն առաջիկա ընտրություններում անակնկալներ չի սպասում: Հետո ավելացրեց, թե բյուջեն քննադատողները պետք է առաջարկներ ներկայացնեն, ու ասաց, որ ներկայացված բյուջեից լավ ծրագիր պարզապես չկա: Նա նաեւ առաջարկեց ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներին՝ ձեւավորել նախկին նախագահների ակումբ եւ օգնել հաջորդ նախագահներին, ինչպես ընդունված է քաղաքակիրթ երկրներում: «Նոր Ժամանակների» ներկայացուցիչ Հրաչյա Սարգսյանն էլ նշեց, թե ինքը շատ կուզենար, որ Սերժ Սարգսյանն իրականում ունենար այն հեղինակությունը, որը ներկայացվում է: Սակայն, նրա խոսքերով՝ Ս. Սարգսյանը հասկանում է, որ չունի ՀՀ նախագահ դառնալու ռեսուրս, դրա համար էլ՝ «Բրյուսելում մի խոստում կտա, օվկիանոսյան մայրաքաղաքում մի խոստում կտա, հյուսիսային մայրաքաղաքում մեկ ուրիշ խոստում կտա՝ միայն նրա համար, որպեսզի մնան, վերարտադրվեն»: Նա հետաքրքրվեց, թե «բա չե՞ն վախենում, որ ժողովուրդը կարող է դուրս գալ ու Փարաքարը փակել, իրենք էլ արժանանան Չաուշեսկուի ճակատագրին»` համաձայնելով այն դիտարկմանը, թե, փաստորեն, ամեն դեպքում Փարաքարը փակվելու է: Քննարկմանը ներկա էր նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Նա հիմնականում խոսեց ԱԺ գործունեությունից ու շատ հարցերում համաձայնեց ՀՀԿ-ական Շարմազանովի հետ: Իսկ ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի կանխատեսմամբ՝ 2007-08թթ. քաղաքական դաշտը մաքրվելու է, եւ դաշտում մնալու են նրանք, ովքեր, իրոք, ասելիք ունեն: Ազատական առաջադիմական կուսակցության ներկայացուցիչ Էդվարդ Անտինյանն առաջարկեց խոսել ընտրություններից առաջ երկրում ստեղծված մթնոլորտի մասին: «Եթե ԶԼՄ-ներով հավասար հնարավորություն չի տրվում, եթե իշխանությունն ազատ խոսքից վախենում է, դա մթնոլորտի սիմպտոմներից մեկն է: Շարունակվում է այն գաղափարը, թե բիզնեսմենը ո՞նց կարա լինի ընդդիմադիր,- ասաց նա ու հավելեց,- Ընդհանրապես ոչ մի տեղ աչքի չընկնող մի հատ ծանոթ ունեմ, որին որեւէ անգամ հեռուստատեսությամբ կամ թերթով չեմ տեսել, էդ մարդը հաշվապահ մարդ ա, գնացել են հիմնարկ, ասել են՝ ինչի՞ ես միտինգի գնում: Էդ մարդուն որպեսզի գտնեին, հավատացեք, էդ ռեսուրսը որ դնեին, մի հատ մոլորակ կգտնեին»: Դիմելով իշխանություններին՝ Է. Անտինյանը հարցրեց` եթե ասում եք՝ ԱԺ ընտրություններում ինչ-որ վիճակ է ֆիքսվել, «բա ձեր վախն ինչո՞ւմն է, եթե գիտեք, որ էդ վիճակն ունեք»: