Դատական նիստը հետաձգվեց

25/12/2007

Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում պետք է տեղի ունենար Հարկային պետական ծառայության Օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության գործով դատավարությունը, որը, սակայն, չկայացավ: Հիշեցնենք, որ Շ. Հովասափյանին դաժանաբար սպանել էին 2006թ. սեպտեմբերի 6-ին, իր տան մոտ` պայթեցնելով նրա ծառայողական մեքենան: 2006թ. մարտին Հովասափյանին սպանելու մեղադրանքով ՀՀ Դատախազությունը ձերբակալել էր Հայկ Իսրայելյանին: Դատավոր Մասիս Ռեհանյանի նախագահությամբ ընթացող դատական նիստը երեկ նախ ընդմիջվեց ամբաստանյալ Հայկ Իսրայելյանի դատապաշտպանի բացակայության պատճառով: Այնուհետեւ շուրջ 40-45 րոպե ընդմիջումից հետո նիստը վերսկսվեց, որի ժամանակ պաշտպանն այդպես էլ չներկայացավ դատարան: Դատավոր Մ. Ռեհանյանի հարցին, թե համաձա՞յն են մեղադրող կողմը եւ ամբաստանյալը շարունակել դատավարությունն առանց դատապաշտպանի՝ երկու կողմերն էլ առարկեցին: Մեղադրող կողմն իր դիրքորոշումը պատճառաբանեց ամբաստանյալի պաշտպան ունենալու իրավունքը չոտնահարելու հանգամանքով: Դատավորը տեղեկացրեց, որ դատարանը գրություն կուղարկի Փաստաբանների պալատի նախագահին՝ դատապաշտպանի ներկայությունը պատշաճ կերպով ապահովելու նպատակով: Դատավոր Մ. Ռեհանյանը հայտարարեց, որ դատական նիստը հետաձգվում է, իսկ հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 24-ին: