Բազմաթիվ ընտրություններից հետո ներկա նախընտրական շրջանում հայ հասարակության կողմից զգացմունքային բռնկումներ տեղի չեն ունենա: Երեկ հրավիրած ասուլիսում նման կարծիք է հայտնել հոգեբան Կարինե Նալչաջյանը` նշելով, որ վերջին տարիներին հայ ընտրազանգվածը համոզվել է, որ կոչերի ետեւից գնալն անօգուտ է: Կ. Նալչաջյանի խոսքով` նախագահի թեկնածուներից հանրապետության նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ասպարեզ է մտել հին հիշողություններով եւ ապարդյուն հույսով, որ հաջողությունների կհասնի: Դեռ հայտնի չէ, ընդդիմության հանրահավաքներին մասնակցող տասնյակ հազարավոր մարդիկ հանուն գաղափարի՞ են պայքարում, թե՞ ոչ: Հոգեբանը հայ հասարակությանը, որպես ընտրազանգված, բաժանում է մի քանի խմբի: Գոյություն ունի հավատարիմ ընտրազանգված, որը որպես կանոն՝ սկզբունքային եւ տարիներ ի վեր նույն գաղափարները կրող քաղաքական գործիչներին է սատարում: Անկայուն է ընտրազանգվածի այն հատվածը, որը նախկին ընտրությունների ժամանակ ներշնչվող է եղել եւ գնացել հույզերի ետեւից: Ըստ Կ. Նալչաջյանի` նման մարդկանց թիվը մեծ է Ստեփան Դեմիրճյանի ընտրազանգվածում: Գոյություն ունի նաեւ մարդկանց խումբ, որն ընտրությունների ժամանակ սոցիալական պայմաններից դրդված հեշտությամբ վաճառում է իր ձայնը: