ՀՀ եւ ՌԴ վարչապետները հետաքրքրված են

25/12/2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է «ԱԼՌՈՍԱ» ընկերության նախագահ Սերգեյ Վիբորնովին: Ընկերության նախագահը ՀՀ վարչապետին ներկայացրել է աշխատանքների ընթացքը` ակնագործության եւ ոսկեգործության բնագավառում հայ-ռուսական համագործակցության վերահաստատման նպատակով 2007թ. օգոստոսին ՀՀ կառավարության հետ «ԱԼՌՈՍԱ»-ի համագործակցության պայմանագրի կնքումից հետո: Պայմանագրով նախատեսված է վերոնշյալ ընկերության կողմից վերամշակման նպատակով հումքի մատակարարում հայկական ընկերություններին` դրանք այնուհետ «ԱԼՌՈՍԱ»-ի հանձնարարությամբ ռուսական կամ հայկական ոսկերչական ընկերություններին վաճառելու համար: Սերգեյ Վիբորնովը տեղեկացրել է, որ «ԱԼՌՈՍԱ» ԲԲԸ-ի փորձագետներից եւ ոլորտի ռուսական առաջատար ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբն այս ընթացքում, համապատասխան պայմանագրերի նախապատրաստման եւ ստորագրման նպատակով, արդեն իսկ ուսումնասիրել է հայկական ադամանդագործական ձեռնարկությունների հնարավորությունները, այդ թվում` տեխնոլոգիական զինվածությունը, թողարկված արտադրանքի որակական ցուցանիշները եւ այլն: «ԱԼՌՈՍԱ» ընկերությունը, ըստ Ս. Վիբորնովի, արդեն հստակ պատկերացումներ ունի հայկական այդ ձեռնարկությունների մասին, եւ ընկերությունում կարծում են, որ կան համագործակցության լավ հեռանկարներ: Հումքի առաջին առաքումը, ընկերության նախագահի հավաստմամբ, կիրականացվի մինչեւ տարեվերջ: «ԱԼՌՈՍԱ»-ի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին` համագործակցության պատրաստակամության եւ ուշադրության համար, նշելով նաեւ հայ-ռուսական համատեղ այս խոշոր գործարքի նկատմամբ ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովի մշտական հետաքրքրվածությունն ու ուշադրությունը: