Դոմինանտ ազդեցություն ունի

25/12/2007

«Ընտրազանգվածի մեծ մասի վրա, որը մտահոգված է հայրենիքի անվտանգությամբ, դոմինանտ ազդեցություն ունի ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, որոշ չափով նաեւ՝ ՀՅԴ թեկնածուն»,- երեկ հրավիրված ասուլիսում ասել է ՀԺԱՄ նախագահ Սեյրան Ավագյանը: Ըստ նրա` ամուր ընտրազանգված ընդդիմության մեջ ունեն «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը եւ «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը: «Առաջիկա նախագահական ընտրությունների նախաքարոզարշավային փուլում մրցակցությունը ծավալվել է ընդիմադիր ուժերի շրջանում, քանի որ նրանք բոլորն էլ ընտրել են նույն մարտավարությունը, այն է` առավել շատ քննադատել իշխանություններին»,- ասաց Ս. Ավագյանը: Բանախոսի կարծիքով` այդ պատճառով էլ նրանք միմյանցից ձայներ են փախցնելու: Ըստ նրա` ընտրողների մեծ մասն ընտրություններում չի հիմնվում գաղափարախոսության վրա, եւ հենց այդ պատճառով էլ ընդդիմությունը որդեգրել է առավել հեշտ` իշխանություններին քննադատելու մարտավարություն: ՀԺԱՄ-ը դեկտեմբերի 22-ին կայանալիք արտահերթ հինգերորդ համագումարում կհայտարարի, թե նախագահական ընտրություններում թեկնածուներից ում է սատարելու: