«ԱլՌոսա» ընկերությունը, համաձայն ՀՀ կառավարության հետ օգոստոսին կնքած ակնագործության եւ ոսկեգործության բնագավառում համագործակցության համաձայնագրի, արդեն անհրաժեշտ ծավալի հումք է ներմուծել` Հայաստանում ադամանդի վերամշակման համար: «Մենք ուրախ ենք, որ կարողացանք կատարել մեր տված խոստումը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ վարչապետ Սերժ Սարգսյանին»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասել է ընկերության նախագահ Սերգեյ Վիբորնովը: Մինչ հումքի ներմուծումը, ընկերության մի խումբ մասնագետներ այցելել են Հայաստան, ուսումնասիրություններ կատարել 22 ընկերություններում, հանդիպել ղեկավարների հետ եւ քննարկել ադամանդների արտադրության գործում հնարավորություններն ու պատրաստվածությունը: Ընտրվել է 4 ընկերություն` «Դայմոթեքը», «Արեւակնը», «Յուկոսը» եւ «Հայաստանի ադամանդագործական ընկերությունը»: «Այդ ուղղությամբ պատրաստվել է հաշվետվություն, որը քննարկվել է Հայաստանի գործընկերների հետ, կատարվել են եզրակացություններ, եւ այժմ հումքի առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է»,- նշել է Ս. Վիբորնովը: Նրա խոսքով, իրենց կողմից իրականացվել են մի շարք աշխատանքներ` կապված դժվարությունների հաղթահարման եւ տարբեր հարցերի լուծման հետ: Ծրագրվում է եկող տարի ներմուծել 28-30մլն դոլարի հումք: 2008-ի կեսերին կքննարկվեն առաջին կիսամյակի աշխատանքների արդյունքները: ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանի խոսքով, հայկական կողմն առաջիկայում անելիքներ ունի քաղաքականության, հեռանկարները ճշտելու իմաստով: «Ավելի լայն դաշտ, մեծ հնարավորություններ պետք է ստեղծել «ԱլՌոսային»` Հայաստանում տարբեր ուղղություններով իր գործունեությունն ընդլայնելու համար: Քննարկումներ են ընթանում, որպեսզի հեռանկարային ոսկերչական ճյուղը զարգացվի»,- ասել է Ն. Երիցյանը: Ընկերության նախագահ Ս. Վիբորնովի խոսքով, «Ալ Ռոսան» ունի վերամշակման սեփական հզորություններ, սակայն որոշ որակական չափանիշներ ունեցող ադամանդի հումքի վերամշակումը տնտեսական տեսանկյունից Ռուսաստանում նպատակահարմար չէ: