«Հայ երիտասարդական դաշինք» հասարակական կազմակերպության (ՀԿ) նախաձեռնությամբ դեկտեմբերի 13-ին եւ 14-ին Երեւանի տարբեր համայնքների 1000 բնակիչների շրջանում առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ սոցիոլոգիական հարցում է անցկացվել:
Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում ՀԿ անդամներից Աշոտ Ամիրաղյանը, ամփոփելով հարցման արդյունքները, նշեց, որ ուսանողների մեջ շատ հարցեր են առաջանում, տարբեր կարծիքներ են ձեւավորվում, թե ինչպիսին կլինեն ընտրությունները, որ թեկնածուն որքան ձայն կստանա, եւ այլն. «Այդ պատճառով մի խումբ ուսանող-երիտասարդներով որոշեցինք անցկացնել այս հարցումները, որի արդյունքում կհստակեցնենք մեր տեսակետներն այս հարցի շուրջ: Հարցումը չենք գնահատում որպես լիարժեք պրոֆեսիոնալ, թեեւ այն կազմելիս մենք խորհրդակցել ենք սոցիոլոգ մասնագետների հետ»: Հարցումն անցկացնող խմբում ներգրավված են եղել նաեւ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողները, որոնց հետ միասին կազմվել են հարցաթերթիկները: Հարցման մասնակիցներին տրվել է չորս հարց:
Առաջինը` մասնակցելո՞ւ են արդյոք առաջիկա նախագահական ընտրություններին: 873 հոգի պատասխանել են` այո, 99-ը` ոչ, իսկ 28-ը դեռ չի կողմնորոշվել:
Երկրորդ հարցը` ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե նախագահական ընտրությունները լինեին այս կիրակի: Հարցի պատասխաններն այսպիսին են`
Սերժ Սարգսյան՝ 239 ձայն
Վահան Հովհաննիսյան՝ 133
Լեւոն Տեր-Պետրոսյան՝ 127
Արթուր Բաղդասարյան՝ 84
Վազգեն Մանուկյան՝ 58
Արտաշես Գեղամյան՝ 39
Տիգրան Կարապետյան՝ 32
Արամ Հարությունյան՝ 3
Արման Մելիքյան՝ 3
Ոչ ոքի՝ 155։
Երրորդ հարցը` ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե Ձեր նախընտրած թեկնածուն չմասնակցեր ընտրություններին:
Արթուր Բաղդասարյան՝ 116
Վազգեն Մանուկյան՝ 92
Վահան Հովհաննիսյան՝ 80
Արտաշես Գեղամյան՝ 57
Սերժ Սարգսյան՝ 56
Տիգրան Կարապետյան՝ 28
Լեւոն Տեր-Պետրոսյան՝ 9
Արամ Հարությունյան՝ 7
Արման Մելիքյան՝ 4
Ոչ ոքի՝ 424։
Եվ չորրորդ հարցը` ո՞ւմ ոչ մի պարագայում չեք տա Ձեր քվեն:
Լեւոն Տեր-Պետրոսյան՝ 451
Սերժ Սարգսյան՝ 195
Տիգրան Կարապետյան՝ 76
Արտաշես Գեղամյան՝ 70
Արթուր Բաղդասարյան՝ 28
Արամ Հարությունյան՝ 16
Վահան Հովհաննիսյան՝ 16
Վազգեն Մանուկյան՝ 13
Արման Մելիքյան՝ 8։
«Հայ երիտասարդական դաշինք» ՀԿ-ի անդամներից Արամայիս Հովհաննիսյանը նշեց, որ, օրինակ, Շենգավիթ, Էրեբունի, Նուբարաշեն համայնքներում Սերժ Սարգսյանը գերակշռող ձայներ է հավաքել, Նոր Նորքում` Արթուր Բաղդասարյանը, Կենտրոնում` Վահան Հովհաննիսյանը, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձայները բոլոր համայնքներում հավասար են եղել: Նա նշեց նաեւ, որ իրենք այս թեմայով հաջորդ հարցումը պատրաստվում են անցկացնել միայն ուսանողների շրջանում` պարզելու համար նրանց կողմնորոշվածությունը` մասնակցելո՞ւ են արդյոք ընտրություններին, ո՞ւմ են ընտրելու եւ այլն։ «Պատրաստվում ենք նաեւ կուսակցությունների երիտասարդական թեւերին ներգրավել այս սոցհարցումների գործընթացին: Քանի որ ինքներս քաղաքականացված ՀԿ չենք, ցանկալի է, որ մեզ հետ քաղաքականացված կազմակերպություններ էլ լինեն, որպեսզի ամեն ինչ ավելի անաչառ եւ ճիշտ լինի»,- ասաց Աշոտ Ամիրաղյանը: