«Այսպես շարունակել չի կարելի»,- ասում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը

25/12/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի թեստ անցկացրեց: Նա լրագրողներին առաջարկեց թերթիկի վրա լրացնել` Հայաստանում դրակա՞նն է գերիշխում, թե՞ բացասականը: «Ինֆորմացիա՞ն» է գերիշխում, թե՞ «դեզինֆորմացիան», գաղափա՞րը, թե՞ փողը, ինտելե՞կտը, թե՞ ուժը, օրե՞նքը, թե՞ ադաթները: Պարոն Բագրատյանն առաջարկեց յուրաքանչյուր համեմատության դեպքում տոկոսներով նշել, թե մեր երկրում նշված գործոններից ո՞րը որքանո՞վ է գերակա մյուսի նկատմամբ: Լրագրողների պատասխանների միջինացված գումարի արդյունքում դեզինֆորմացիա-ինֆորմացիա հարաբերակցությունը եղավ 82-18 տոկոս: Նույն ձեւով ուժը ինտելեկտին գերակայեց 69,5 տոկոսով, փողը` գաղափարին՝ 79 տոկոսով, իսկ ադաթը` օրենքին՝ 70 տոկոսով: Դասախոսությունների ընթացքում պարոն Բագրատյանն այս թեստն անցկացրել է Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Եվրոպայում, որտեղ պատկերը շատ ավելի դրական է եղել: Դրականի եւ բացասականի հարաբերակցությունը գրեթե հավասար է եղել Ուկրաինայում: Ռուսաստանում դրականը 70 տոկոս է եղել, իսկ Եվրոպայում՝ 90 տոկոս: «Սա խայտառակություն է: Այսպես շարունակել չի կարելի»,- եզրակացրեց նախկին վարչապետը:

Հ. Բագրատյանի խոսքերով, Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 17 տոկոսը տնօրինում են երկու անձինք: Եվ այդ եզրակացությանը նա հանգել է՝ տեսնելով, թե ինչպես են սեփականաշնորհվում Հայաստանի խոշոր եւ ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները: «Եթե խոսքը վերաբերում է նախագահին, նա ներգրավված է բանկային ոլորտում, ներմուծումների մի մեծ բաժին է վերահսկում: Առնվազն երկու բանկ գտնվում են նրա անմիջական վերահսկողության տակ: Նա լուրջ վերահսկողություն ունի լեռնահանքային արդյունաբերության մեջ, շինարարության մեջ: Ինչպե՞ս սեփականաշնորհվեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»: 2004թ. կոմբինատը վաճառվեց 132 միլիոն դոլարով, ուղղակի վաճառքի միջոցով, այն դեպքում, երբ կոմբինատի տարեկան շահույթը մի քանի անգամ գերազանցում է վաճառքի գինը: Ես չեմ գտնում, որ այդ համալիրում չեն եղել հենց նախագահի կամ իշխող կլանի շահերը, հակառակ դեպքում այդօրինակ վաճառք չէր թույլատրվի: Ձեզանից ո՞ր մեկը չէր ուզի այդ կոմբինատը, այն էլ՝ 132 միլիոնը երեք տարի ժամկետում վճարելու պայմանով, երբ կոմբինատի շրջանառությունը մոտ մեկ միլիարդ դոլար է»,- ասում է Հ. Բագրատյանը:

Ըստ նրա, Հայաստանի մոլիբդենը, իհարկե, հավասարազոր չէ Ադրբեջանի նավթին, բայց մոլիբդենի գներն աճում են նավթի գներից արագ: Հ. Բագրատյանի գնահատմամբ, Հայաստանի համար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հավասարազոր է Ադրբեջանի նավթի մոտ քառորդին: Նավթի հաշվին Ադրբեջանի տնտեսությունն աճում է 40 տոկոսով, մինչդեռ մեր երկրի ներուժը պարզապես մսխվում է: Իսկ «Արմավիայի» գործունեությունը նա կապում է վարչապետի հետ: «Անշուշտ, ոչ ոք երեխա չէ: Եթե Բաղդասարովը չլիներ իշխանության հովանավորյալը, չէր լինի դրա սեփականատերը: Մինչ այդ կար «Հայկական Ավիաուղիներ», որն ուներ ամսական 30 չվերթ: Մեր ավիաընկերության կողմից կատարվող ընդհանուր ուղեւորային շրջանառությունը տարեկան կազմում է միջինը մեկ միլիոն: Մեկ տոմսի միջին արժեքը հաշվենք 300 դոլար: Այսինքն, ինքն իր տեղով, իր ակտիվներով՝ դա 300 միլիոն դոլար է: Իսկ դա մասնավորեցվել է 0 կոպեկով»,- ասում է Հ. Բագրատյանը:

Նրա խոսքերով, այս օբյեկտները հետո շատ ավելի թանկ գնով վաճառվելու են, որովհետեւ դրանք կեղծ, շինծու գործարքներ են եղել: Այնպես, ինչպես վաճառվել է «Հայխնայբանկը», որը մինչ այդ իր 105 մասնաճյուղերով ձեռք է բերվել ընդամենը 400.000 դոլարով՝ ինչպես Հրանտ Բագրատյանն է ասում` մեկ բնակարանի գնով: Բայց արդյո՞ք նախկին իշխանությունների պաշտոնավարման շրջանում չեն եղել նմանօրինակ սեփականաշնորհումներ եւ հովանավորություններ: Այս հարցին ի պատասխան՝ Հ. Բագրատյանն ասում է, որ թե՛ ինքը, թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ թե՛ իր կառավարության որեւէ նախարար եղել են չեզոք կառավարիչներ եւ բիզնես չեն ունեցել: «Ամոթ է ասել, բայց նույնիսկ խանութ չեն ունեցել: Այսօր, իհարկե, մի փոքր մեծամիտ է հնչում ասածս, ինձ թվում է՝ ազնվությունից կարող են խոսել միայն նախկին իշխանությունները»,- կարծում է Հ. Բագրատյանը:

Լրագրողները Բագրատյանին անմիջապես հիշեցրին, որ նախկին իշխանությունների օրոք էլ տնտեսության վերահսկման մեծ բաժին են ունեցել ՀՀՇ-ամերձ գործարարները, ինչպես, օրինակ` Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբայր Թելման Տեր-Պետրոսյանը: «Թ. Տեր-Պետրոսյանը տնօրեն է եղել մի ձեռնարկության, եւ նրան Հայաստանը պարտական է հակաօդային պաշտպանությամբ: Եթե Հայաստանը պատերազմի հերոսների անուններ է տալիս, մեկը պետք է լինի նրա անունը: Նա միակ մարդն է եղել, ով բարձր տեխնոլոգիաների արտահանում է ապահովել եւ կտրականապես դեմ է եղել իր ձեռնարկության՝ «Հրազդանմաշի սեփականաշնորհմանը»,- ասում է ՀՀ նախկին վարչապետը: «Շատ վատ վիճակ է, համարյա թե տնտեսությունը Հայաստանում վիճակ չունի: Ինձ ձեռք չի տալիս այսպիսի տնտեսությունը, ինձ ձեռք չի տալիս, որ մեր տնտեսությունը մասնագիտանում է միայն տրանսֆերտների վրա»,- ասում է պրն Բագրատյանը եւ ավելացնում, որ տրանսֆերտների նման աճի դեպքում մեր երկրի ՀՆԱ-ն ինքնաբերաբար պետք է աճի: Իսկ դա մեծ վերապահումով կարելի է համարել տնտեսական աճ: Ադրբեջանի տնտեսությունն աճում է մոտ 40 տոկոսով, եւ, պարոն Բագրատյանի ասելով՝ հավանական պատերազմի դեպքում ավելի վատ վիճակի մեջ ենք ընկնելու, որովհետեւ Հայաստանի տնտեսական ինքնուրույնությունն ավելի ցածր է լինելու 90-ականների սկզբի տնտեսական ինքնուրույնությունից: Ըստ նրա, եթե մենաշնորհների ու հովանավորչության վրա հիմնված Հայաստանի ներկայիս տնտեսությունը չենթարկվի որակական փոփոխության, ապա Հայաստանը չի կարող մրցունակ երկիր լինել, այդ թվում եւ՝ ռազմական առումով: Իսկ ինչպե՞ս է պատկերացնում նախկին վարչապետը հիմնականում անօրինական հարաբերությունների վրա հենված տնտեսության վերափոխումը, որպեսզի հնարավոր լինի ցնցումներից խուսափել: Հ. Բագրատյանը համաձայն է, որ խնդիրը բարդ է, սակայն կարծում է, որ լուծման ձեւեր կան: Նրա խոսքերով, բացառված չէ, որ ներկայումս քննադատվող շատ գործարարներ եւ օլիգարխներ իրականում շատ լավ գործարարներ լինեն: «Ճշմարտությունը եւ սխալը միշտ կոնկրետ է լինում: Կոնկրետ դեպք առ դեպք պետք է նայել եւ պարզել՝ տվյալ կարգի, այս կամ այն համալիրի սեփականաշնորհման մեջ տվյալ օլիգարխը մեղք ունի՞, թե՞ ոչ: Բայց մեզ լուրջ աշխատանք է սպասում: Ես լինելով անգամ սեփականաշնորհման կողմնակից՝ չէի բացառի, որ հնարավոր է երկու-երեք օբյեկտների գործարքները համարվեն առոչինչ, կամ շինծու»,- ասում է Հրանտ Բագրատյանը։