Պահպանողականը, ով ջախջախեց կոմունիզմը

12/05/2005

Հռոմի պապի մեջ դեռ ապրում էր ապստամբ-ուսանողը, ով պահանջում էր
փոփոխություններ։ Նա դեմ էր ամեն գնով շահույթ ստանալուն, դատապարտում էր
հասարակ մարդկանց շահագործումը եւ բնության ոչնչացումը։ Նա կողմ էր երրորդ
աշխարհի պարտքերը ներելու եւ Կուբայի նկատմամբ կիրառվող սանկցիաները
վերացնելու ձախ ուժերի գաղափարներին, դատապարտում էր Իրաքի
ռմբակոծությունը եւ կրկին ու կրկին խոսում այն վտանգի մասին, որը կրում է
կապիտալիզմը, երբ դառնում է անվերահսկելի։

Ծագումով լեհ Հռոմի պապ Հովհաննես-Պողոս Երկրորդը (Կարոլ Վոյտիլա)
պահպանողական քահանայապետ էր, ով հոգեւորականությանը ղեկավարում էր
երկաթյա ձեռքով, եւ դոգմաների նրա անշեղ ընդունումն ազատականներին ստիպում
էր նահանջել։ Միաժամանակ նա այլ կրոնների հետ հաշտվելու կոչ էր անում եւ
չվախեցավ ներում խնդրել այն անարդարությունների համար, որ գործել էր
Կաթոլիկ եկեղեցին։

Նա իր իշխանական գործառույթն իրականացնում էր զարմանալի սառնասրտությամբ։
Մի անգամ Իսպանիայի կարդինալն ասում է Պապին. «Որպես եպիսկոպոս, ես
ստիպված եմ տեղյակ պահել Ձեզ, որ կուսակրոնության պահանջը մի շարք
խնդիրներ է առաջ բերում, այդ թվում նաեւ՝ հոգեւորականների թվի նվազում»։
Հովհաննես-Պողոս Երկրորդը պատասխանում է. «Որպես Պապ, ես ստիպված եմ
ազատել ձեզ»։

Պապը պատմական հաղթանակ տարավ կոմունիզմի նկատմամբ, բայց պարտվեց՝
չկարողանալով ավելի մարդկային դարձնել կապիտալիզմը։ Այս երկու նպատակը
հետապնդելով՝ նա իրեն դրսեւորեց որպես համաշխարհային մասշտաբի փայլուն
քաղաքագետ։

Կոմունիզմի ջախջախման գործում Պապի դերը շատ մեծ է։ Կոմունիզմի դեմ
պայքարի արշավը նա վարում էր Վատիկանի դիվանագիտության ամբողջ նրբությամբ,
ունենալով հետախուզական ծառայությունների օգնությունը, մինչեւ անգամ՝
օգտագործելով արբանյակներից արված լուսանկարներ։

Սառը պատերազմի տարիներին Պապի վարած քաղաքականության մասին գրած գրքում
Կարլ Բեռնշտեյնը նկարագրում է քահանայապետի եւ Ռեյգանի էմիսար գեներալ
Ուոլթերս Վերնոնի հանդիպումը։ Դա եղել է 1981-ի նոյեմբերին։ Գեներալը
ցույց է տալիս Պապին արբանյակից արված լուսանկարներ, որպեսզի համոզիչ
դարձնի, որ Խորհրդային զորքերը պատրաստվում են ներխուժել Լեհաստան։

Պապը ցույց չի տալիս իր հույզերը, ինչը զարմացնում է Ուոլթերսին։ Նա միայն
հարցեր է տալիս. «Ինչքա՞ն բարձրությունից է նկարված, Սա ի՞նչ է։ Իսկ սա
ի՞նչ է»։ «Սա բենզատար է,- բացատրում է գեներալ Ուոլթերսը,- իսկ սա՝
տրակտոր, որը կարող է ճանապարհ բացել, այն օգտագործվում է ռազմական
նպատակով եւ ոչ գյուղատնտեսության մեջ»։

Պապը միշտ հետապնդում էր ավելի խոր նպատակներ, քան, օրինակ, Ռոնալդ
Ռեյգանը, ով ջանում էր տեսնել կոմունիզմը պատմության աղբափոսում։ Ջերսի
Տուրովսկին՝ Կրակովի կաթոլիկական Tygodnik Powszechny թերթի խմբագիրն, իր
հին ընկերոջն այսպես էր նկարագրում. «Նա ոչ ձախ է, ոչ աջ եւ ոչ էլ
ազգայնական»։

Պապն իր ուսուցիչ Ստեֆան Վիշինսկուց սովորել էր, որ պայքարը կոմունիզմի
դեմ չի կարող լինել ինքնանպատակ։ Անհրաժեշտ է այնպիսի քաղաքականություն
վարել, որի արդյունքում կոմունիստները կհանձնեն դիրքերը՝ շարունակելով
իրենք իրենց համարել ուժեղ։

Հետո, երբ կոմունիզմի անկումն արագացավ, Պապը ջանաց միավորել
հետկոմունիստական երկրների եւ մնացյալ աշխարհի հավատացյալներին։ Հովհաննես
13-րդ Պապն իր մահվան մահճում շշնջացել էր «Ut unum sint», ինչը նշանակում
է՝ «Ամենայն ինչ թող մեկ լինի»։ Ավետարանական այս պատգամը դարձել էր Պապի
արեւելյան քաղաքականության կարգախոսը։

Արեւելյան Եվրոպայում Պապի վերջին ուղեւորությունը եղավ Ռումինիա, 1999
թվականին։ Դա նրա առաջին այցն էր ուղղափառ երկիր, եւ դրա նպատակն էր՝
խաղաղություն մտցնել այդ երկրի կաթոլիկ եւ ուղղափառ քրիստոնյաների
հարաբերություններում։

Խթը-ն հավանաբար նրան հետեւել է 1970-ականներից, եւ 1978-ին նրա Պապ
դառնալը Մոսկվան ընդունեց որպես դժբախտություն։ Հայրենիք՝ Լեհաստան,
կատարած իր անդրանիկ այցելության ընթացքում նա քարոզում էր
փոփոխությունների անհրաժեշտությունը, ինչն ավելի սաստկացրեց Սովետների
վախը։ Պապի այցելությունից հետո եկեղեցու եւ Լեհաստանի Կոմունիստական
Կուսակցության ազդեցությունների հարաբերակցությունն արմատապես փոխվեց։

Պապն օժտված էր ամեն տեսակ լսարանների՝ բանվորների, ֆերմերների, պատերազմի
վետերանների հետ շփվելու եւ նրանց մոտ ընդհանուր զգացումներ առաջացնելու
տաղանդով։ Պապի ազդեցությունն էլ դարձավ «Սոլիդարնոստ» շարժման ստեղծման
հիմքը։

Մոսկվան շատ արագ գիտակցեց վտանգը։ 1978 թվականին Օլեգ Բոգոմոլովը ԽՄԿԿ
Կենտկոմի համար պատրաստել էր մի զեկույց, որում ասվում էր, որ լեհական նոր
կարդինալը վարում է ավելի ագրեսիվ քաղաքականություն, քան իր նախորդը՝
Պողոս 6-րդը, եւ այդ քաղաքականությունն ուղղված է սոցիալիստական
երկրներում կաթոլիկ եկեղեցու միասնականացմանը։

Քանի որ Պապն ակտիվորեն աջակցում էր «Սոլիդարնոստ» շարժմանն ու նրա
առաջնորդ Լեհ Վալենսային, Մոսկվան սկսեց համարել, որ դա իր ազդեցությունը
թուլացնելու ծրագրի մի մասն է։ Մոսկվայում ջղաձգումներ էին առաջացնում
նաեւ Ռեյգանի «չարի կայսրություն» բառերն ու ամերիկյան վարչակազմի եւ
Վատիկանի կապերը։ Այդ պատճառով, տրամաբանական է ենթադրել, որ Խթը-ի մատը
խառն է 1981 թվականին Պապի դեմ կատարված մահափորձում։ Այդ մահափորձը, որը
«Բուլղարական հետք» ունի, մինչեւ հիմա էլ շարունակում է մնալ
Հովհաննես-Պողոս Երկրորդի կյանքի ամենամեծ հանելուկներից մեկը։

1989 թվականը Պապի համար հաղթական տարի էր։ Լեհաստանում կաթոլիկ եկեղեցու
ազդեցության ահագնացումը ճակատագրական դարձավ արեւելաեվրոպական կոմունիզմի
համար։ Եվ այն բանից հետո, երբ Լեհաստանը մտավ քաղաքացիական հասարակության
հունի մեջ, Խորհրդային Կայսրության ամբողջ կառույցը փլուզվեց։

Կաթոլիկ եկեղեցին օգնեց Լեհաստանի առաջնորդ, գեներալ Յարուզելսկուն՝
անցկացնել բանակցություններ եւ խաղաղ ճանապարհով հանձնել իշխանությունը։
Դա օրինակ եղավ ամբողջ տարածաշրջանի համար։ 1989-ի հեղափոխություններն
անարյուն եղան։ Արյունը հեղվեց ավելի ուշ։

90-ականներին Պապը մտահոգված էր Բալկանների իրավիճակով։ Բռնությունների
բռնկումը ցույց տվեց, որ եկեղեցին այդ տարածաշրջանում ունի սահմանափակ
ազդեցություն։ Կաթոլիկ Խորվաթիայի եւ ուղղափառ Սերբիայի միջեւ ծագած
պատերազմը խոչընդոտում էր երկու եկեղեցիներին հաշտեցնելու Պապի
առաքելությանը։

Արեւելյան Եվրոպայի հեղափոխությունների արեւմտյան մեկնությունը, թե իբր
կատարվածը կապիտալիզմի հաղթանակն է, վիրավորում էր Պապի հոգին։ Մարդիկ
սեւեռվում էին փող աշխատելու վրա եւ ոչ թե՝ հասուն քաղաքացիական
հասարակություն կառուցելու։

90-ականներին Արեւելյան Եվրոպայի ժողովուրդների մեջ եկեղեցու
ազդեցությունը նվազեց, եւ Պապը հիասթափվեց արեւելաեվրոպական
առաջնորդներից, բացառությամբ՝ Վացլավ Հավելի։

Քչերն էին ականջ դնում ազգայնականության եւ սպառողականության պաշտամունքի
վտանգավորության մասին Պապի հորդորներին։ Նույնիսկ նրա ամենամեծ
երկրպագուներն անուշադրության էին մատնում արհեստական վիժեցումների եւ
ամուսնական կապերի ամրության մասին Պապի խոսքերը։ Նրանք գնալով ավելի ու
ավելի քիչ էին լսում Պապին իր վերջին այցելությունների ժամանակ, որոնք նա
կատարում էր՝ լինելով ծեր ու հիվանդ մարդ։