Նոր տարին՝ նոր բնակարաններում

25/12/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հայաստանի անկախացումից, բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումից հետո պետությունն իր առջեւ նոր խնդիրներ պետք է դներ. այն է` վթարային եւ փլուզման վտանգի առջեւ կանգնած շենքերի անօգնական վիճակում մնացած բնակիչների խնդիրների լուծումը։

2000թ. ՀՀ կառավարության կողմից Երեւանի 4-րդ կարգի վթարայնության, այսինքն՝ քանդման ենթակա շենքերի բնակարանների փոխհատուցման մասին հատուկ որոշում ընդունվեց: Որոշման շրջանակներում Երեւանում այդ նպատակով առաջին շենքը կառուցվեց 4 տարի անց՝ 2005-ին։ ՀՀ կառավարության 2000թ. հոկտեմբերի 25-ի որոշման համաձայն՝ քաղաքապետարանն ընթացք տվեց Երեւան քաղաքում քանդման ենթակա՝ 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների փոխհատուցման ծրագիրը։ Ըստ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի` «Նկատի ունենալով առաջին շրջանում կիրառվող դրամական փոխհատուցման առանձին դեպքերում անարդյունավետ օգտագործումը բնակիչների կողմից եւ դրա սոցիալական հետեւանքները, Երեւանի քաղաքապետարանն իր նախաձեռնությամբ 2005 թվականից որդեգրեց բնակարանով փոխհատուցման սկզբունքը»։

Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Բաբաջանյան փողոցում տոնական օր էր: Աջափնյակ համայնքի 4-րդ աստիճանի վթարային բնակելի շենքերի բնակիչների վերաբնակեցման նպատակով կառուցված երեք բազմաբնակարան 10 հարկանի շենքերը շահագործման հանձնվեցին: Բաբաջանյան փողոցի նորակառույց երեք շենքերի նոր բնակիչները ոգեւորությամբ նշում էին իրենց բնակարանամուտը: Եվրովերանորոգված բնակարանների նոր սեփականատերերի համար ամանորյա այս նվերն այնքան անսպասելի էր, որ ուրախությունից շփոթվել էին եւ դժվարությամբ էին կարողանում արտահայտել իրենց երախտագիտությունը: «Նոր տարվա շեմին նման նվեր չէինք էլ երազում: Շատ լավ, հարմարավետ բնակարաններ են: Ես ստացել եմ մեկ սենյականոց բնակարան, որի պայմանները շատ հարմարավետ են: Նայե՛ք, ինչ մեծ հնարավորություններով կառուցված պատշգամբներ են, մեկ բնակարանի համար երկու փակ պատշգամբ է կառուցված: Իսկապես մենք շահել ենք թե՛ տարածքի, թե՛ հարմարավետության առումով: Մեր սպասումներն արդարացան, 40 տարի վթարային շենքում վախով, տագնապով ենք ապրել ու հիմա հանգիստ խղճով կվայելենք,- ոգեւորված նշում էր նորակառույցի բնակիչ Ալվարդ Փաշինյանը: -Անչափ շնորհակալ եմ մեր վարչապետ Սերժ Սարգսյանից, քաղաքապետ Երվանդ Զախարյանից, իսկապես սա մեծ նվեր էր մեր համար»: Նույն շենքում երկու սենյականոց բնակարան ստացած Գուրգեն Աբրահամյանը վստահեցնում էր, որ շենքը կառուցվել է որակական բարձր չափանիշներով:

Բաբաջանյան փողոցի նորակառույց երեք շենքերի բացումը մեկնարկեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի այցելությամբ: Ս. Սարգսյանը եւ Ե. Զախարյանը շրջեցին շենքերի բնակարաններով եւ ծանոթացան պայմաններին:

Վթարային բնակելի տների բնակիչների վերաբնակեցման եւ այդ տների քանդման ծրագրի իրականացման պատասխանատու է ճանաչվել Երեւանի քաղաքապետը: Այնուհետեւ քաղաքապետի որոշմամբ՝ «Երեւանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՊՈԱԿ-ին Բաբաջանյան փողոցին հարակից տարածքում երեք բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով հողամաս է տրամադրվել: «Երնորոգնախագիծ» ՓԲԸ-ն կատարել է նախագծա-նախահաշվային աշխատանքները: Շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպության ընտրության համար հայտարարված մրցույթում հաղթող են ճանաչվել «Երեւանի տնաշինական կոմբինատ» եւ «Հիդրոէներգաշին» ՓԲ ընկերությունները: Կառուցված շենքերը վերամշակված եւ նոր նորմերի պահանջներին համապատասխանող A1-451 Խկ-1տ/9 տիպային նախագծերով 10 հարկանի բազմաբնակարան շենքեր են: Բոլոր շենքերում նաեւ ներքին հարդարման, բնակարանների ջեռուցման համակարգի մարտկոցների մոնտաժման աշխատանքներ են կատարվել: Բնակարանների նոր տերերին շնորհավորական ուղերձ հղեց քաղաքապետ Ե. Զախարյանը. «Այս ծրագրի գործունեության 3 տարիների ընթացքում կառուցվող նոր շենքերի թիվը յուրաքանչյուր տարի կրկնապատկվում է։ Եթե 2005-ին կառուցվեց մեկ շենք, եւ դա այս նպատակով կառուցված առաջին շենքն էր Երեւանում՝ անկախության 15 տարիներից ի վեր, ապա հաջորդ՝ 2006 թվին հաջողությամբ հանձնվեց 3 շենք՝ 2 մլրդ 620 մլն դրամի ընդհանուր ծավալով։ Նոր բնակարաններով ապահովվեցին 179 ընտանիքներ։ 2007թ. կրկնակի աճեց կառավարության հոգատարությունը նաեւ այս խնդրի նկատմամբ։ Այս տարի կառուցվել է արդեն 4 բնակելի շենք՝ 2,8 մլրդ դրամ արժողությամբ, ինչը գերազանցում է նախորդ երկու տարիների ցուցանիշը միասին վերցրած, այդ նպատակով կառուցված շենքերի ընդհանուր թիվը հասցնելով 8-ի։ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Բաբաջանյան փողոցում 10 հազար 476 քմ ընդհանուր մակերեսով 10 հարկանի այս 3 շենքերի կառուցման համար հատկացվել է ավելի քան 2 մլրդ դրամ։ Դավիթաշեն համայնքի 4-րդ թաղամասում նույն ծրագրի շրջանակներում կառուցվեց 12 հարկանի, 60 բնակարանանոց եւս մեկ շենք՝ 5170 քմ ընդհանուր մակերեսով եւ շուրջ 980 մլն դրամ արժեքով։ 2007թ. ընթացքում կառուցված եւ այսօր բնակիչներին հանձնվող այս 4 շենքերի 210 բնակարանները համապատասխանաբար հատկացվել են քանդման ենթակա թվով 8 վթարային շենքերի բնակիչներին՝ մայրաքաղաքի տարբեր համայնքներից,- իր ելույթում նշեց քաղաքապետը` ավելացնելով,- Ծրագրի սոցիալական եւ տնտեսական արդյունավետությունն ակնհայտ է։ Կառավարության եւ անձամբ ՀՀ վարչապետի կողմից ցուցաբերվող մեծ ուշադրությունը սոցիալական եւ հումանիտար կարեւոր նշանակություն ունեցող այս հարցի նկատմամբ վստահություն է հաղորդում, որ այն կայուն զարգացում է ունենալու։ Կառուցելու ենք այնքան, մինչեւ այս հիմնախնդիրը վերանա մեր մայրաքաղաքում, դա հստակ պետական գործընթաց է։ Նման ծավալներով շարունակելու դեպքում մենք առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում կլուծենք Երեւանի 4-րդ աստիճանի վթարայնության շենքերի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու խնդիրն ամբողջությամբ»։