Ո՞ւմ են սատարելու ասորական ու գերմանական համայնքները

25/12/2007 Անի ՀԱՐՈՅԱՆ

Հայաստանում բնակվող ասորական եւ գերմանական ազգային փոքրամասնությունների ղեկավարներ` ասորական «Խայաթա-ասորիների» ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը եւ «Տեֆտոնիա» գերմանացիների մշակութային հասարակական կազմակերպության ղեկավար Վիկտոր Վուխրերը, երեկ հրավիրված ասուլիսում ամփոփեցին անցնող տարին:

Նրանք նաեւ անդրադարձան առաջիկա նախագահական ընտրություններին: «200 տարիների ընթացքում, ինչ Հայաստանում ասորիներ են բնակվում, նման ուշադրության մենք արժանացել ենք միայն Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ: Մեր կողմնորոշումը պարզ է, մենք ընտրությունների ժամանակ կաջակցենք այն ուժերին, որոնք շարունակում են Ռոբերտ Քոչարյանի սկսած քաղաքականությունը: Մենք շատ լավ հիշում ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման ժամանակները, երբ ամեն ինչ քանդվում էր ոչ միայն տնտեսապես, այլեւ բարոյապես, իսկ ազգային փոքրամասնություններն ընդհանրապես մոռացված էին: Այդ ամենը վերականգնվեց միայն Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ»,- ասաց Հայաստանի «Խայաթա-ասորիների» ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը: Այս տարի առաջին անգամ հայկական չորս դպրոցներում դասավանդվում է ասորերեն լեզուն: Լույս է տեսել նաեւ առաջին ասորական այբուբենը, նախատեսվում է հաջորդ տարում հրատարակել եւս երկու գիրք:

Հրանուշ Խառատյանի եւ Սերգո Երիցյանի աջակցությամբ հիմնադրվել է ստուդիա, որտեղ մշակվում են ասորական երգերը:

Գերմանական համայնքի ներկայացուցիչ Վ. Վուխրերը, հաջողություն մաղթելով նախագահի պաշտոնում առաջադրված բոլոր թեկնածուներին, նշեց, որ թեեւ ոչ ամբողջ համայնքը, բայց մեծամասնությունը քվեարկելու է Սերժ Սարգսյանի օգտին. «Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կարող եմ ասել, որ երկրում կայունություն ստեղծել, տնտեսական աճ ապահովել եւ ՀՀ քաղաքացիների սոցիալական վիճակը բարելավել կարող է միայն Հանրապետական կուսակցությունը: Այդ կուսակցությունը գլխավորում են լուրջ մարդիկ, ովքեր ղեկավարելու փորձ ունեն: Նրանք պատասխանատվություն են կրում այս երկրի համար, եւ բոլորը չեն, որ կարող են նման բեռ կրել իրենց ուսերին, հատկապես նրանք, ովքեր առաջնորդվում են քաղաքական ինչ-որ ամբիցիաներով»: Գերմանական համայնքի թիվը պաշտոնական տվյալներով 135-140 է, Բագրատաշեն գյուղում հայ-գերմանական մոտ 20 ընտանիք է բնակվում: Ինչպես նշեց գերմանական համայնքի ներկայացուցիչ Վ. Վուխրերը, ՀՀ նախագահի աջակցությամբ վերջերս գիրք են հրատարակել, որտեղ ներկայացվում է համայնքի անցած ողջ ճանապարհը, սկսած` 1918 թվականից, թե ինչպես էին 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ այստեղ բնակվող գերմանացիները կռվում ֆաշիստների դեմ: Ըստ պաշտոնական տվյալների` ասորական համայնքը 3400 է, սակայն, Ի. Գասպարյանի համոզմամբ, Հայաստանում այժմ ապրում է ավելի, քան 6000 ասորի: Հայաստանում ասորիները մեծ թիվ են կազմում հատկապես Վերին Դվին, Արզնի գյուղերում եւ Երեւանում:

Ի դեպ, տարբեր երկրներում ապրող ասորիները տարբեր կերպ եւ տարբեր ժամանակներում են նշում Ամանորը: ՀՀ-ում ապրող ասորիներն Ամանորը տոնում են այնպես, ինչպես հայերը: Գերմանական համայնքը Սուրբ Ծնունդը նշում է դեկտեմբերի 24-ին: Նրանց Ամանորը Սբ. Սիլվեստրի տոնն է, երբ մի տարին փոխվում է մյուսով, իսկ ավանդական կերակուրը հնդկահավն է: