Լոռու մարզի Թեղուտի պղնձի եւ մոլիբդենի հանքավայրը, որն իր իր մեծությամբ Հայաստանում երկրորդն է, պարունակում է մոտ 450 մլն տոննա հանքանյութ, որը Հայաստանին կարող է բերել տարեկան առնվազն մոտ 100 մլն դոլարի եկամուտ: Թեղուտի հանքավայրի շահագործումը, որի համար նախատեսվում է կատարել մոտ 300 մլն դոլարի ներդրում, մեծ ազդեցություն կունենա մեր երկրի տնտեսության վրա: Հանքավայրի շահագործման արդյունքում համախառն ներքին արդյունքը կավելանա 1-1,5 տոկոսով, արտահանման ծավալները` մինչեւ 15 տոկոսով: Ստեղծված մոտ 2000 աշխատատեղերի շնորհիվ Հայաստանի հյուսիսային մասում կլուծվի աշխատատեղերի խնդիրը: Մարդկանց կյանքի պայմանների բարելավման հետ զուգահեռ՝ կստեղծվեն կենցաղային եւ մշակութային օջախներ:
Ըստ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի` մինչեւ 2001 թվականը կատարված երկրաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ Թեղուտի հանքավայրում առկա է 1,6 մլն տոննա պղնձի եւ 991 հազար տոննա մոլիբդենի պաշար: «Արմենիան քափր փրոգրամ» ընկերությունը նախատեսում է հանքավայրի շահագործման համար ներդնել 250-300 մլն դոլար, որի արդյունքում սկզբնական շրջանում կբացվի ավելի քան 1700 աշխատատեղ: Նախատեսվում է, որ Թեղուտը կշահագործվի 45 տարի, որից հետո չի բացառվում, որ հանքավայրի տեղում լիճ գոյանա: Բոլոր տեսակի հանքավայրերի շահագործումն էլ ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա, բայց «Արմենիան քափր փրոգրամ» ընկերությունն այդ առումով պատասխանատվությունը վերցրել է իր վրա: Ծրագրի իրականացման արդյունքում տեղանքի անտառային ֆոնդը կկրճատվի 357 հեկտարով: Սակայն, կառավարության հետ համաձայնեցված ժամանակացույցի համաձայն, տարեկան միջին հաշվով կհատվի 10-12 հա: Ընկերությունը պարտավորվել է կառավարության հետ համաձայնեցված եղանակով եւ ժամանակացույցով կատարել նաեւ անտառի վերականգնման աշխատանքներ: