Ստվերային սոցիոլոգիան Հայաստանում

25/12/2007 Ժաննա ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Նախընտրական այս թոհուբոհում սոցիոլոգիան հայտնվել է երկակի վիճակում. մի կողմից՝ հղումների քանակով դա կարելի է համարել բարձրակետի շրջան, մյուս կողմից՝ հանրության վերաբերմունքի առումով այն բացասական նշանով գագաթնակետի փուլում է: Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ սոցիոլոգները հիմնականում բավարարվում են թվերի հրապարակմամբ, իսկ բոլոր ոչ սոցիոլոգները` դրանց քննադատությամբ կամ պաշտպանությամբ:

Ռուս սոցիոլոգներից մեկը` Գ. Բատիգինն, իր հրապարակային դասախոսություններից մեկում հռետորական հարց էր բարձրացրել, թե՝ եթե մենք գործածում ենք ստվերային տնտեսության հասկացությունը, ապա ինչո՞ւ չենք ընդունում ստվերային հոգեբանության եւ սոցիոլոգիայի առկայությունը: Մի կողմ թողնելով այն կոնտեքստը, որում Բատիգինը հնչեցրել էր այս հարցադրումը, կարծում ենք, որ ստվերային սոցիոլոգիա տերմինը կարելի է շատ բնութագրական համարել հայաստանյան իրողությունների համար: Ընդ որում, պետք է մի կողմ թողնել ստվերայնության այն պատկերացումը, որը վերաբերում է սոցիոլոգիական կենտրոնների` իբրեւ տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը եւ որեւէ կերպ չի առանձնանում մնացյալ տնտեսվարող սուբյեկտների խմբից: Կարծում ենք, որ շատ ավելի կարեւոր է խոսել սոցիոլոգիայում մասնագիտական ստվերի առկայության մասին: Այս իմաստով անհրաժեշտ է նախ եւ առաջ ճշգրտել այն «օրինական» դաշտը կամ սկզբունքները, որոնց շրջանակներում պետք է իրականացվի սոցիոլոգիական գործունեությունը: Ամերիկացի սոցիոլոգ Ռ. Մերտոնն առանձնացրել է չորս այդպիսի սկզբունքներ, որոնք լայնորեն ընդունված եւ լեգիտիմացված են համաշխարհային սոցիոլոգիական հանրության կողմից: Դրանք են.

1. ՈՒնիվերսալիզմ, ինչը նշանակում է, որ սոցիոլոգիական հետազոտության արդյունքները պայմանավորված չեն այդ հետազոտությունն իրականացրած անձով:

2. Ապահետաքրքրվածություն, ինչը նշանակում է, որ սոցիոլոգը հետազոտության անցկացման եւ վերլուծության ընթացքում չպետք է առաջնորդվի որոշակի շահերով, օրինակ, թե ինչն է իր կարծիքով լավ կամ վատ:

3. Համընդհանրություն, ինչը նշանակում է, որ սոցիոլոգիական հետազոտության արդյունքները պետք է հասանելի լինեն հասարակության համար,

4. Կազմակերպված կասկածամտություն, ինչն արդեն հղում է անում ներսոցիոլոգիական վերաբերմունքին եւ բոլոր սոցիոլոգների փոխադարձ պատասխանատվությանը իրենց կոլեգաների կողմից անորակ հետազոտություններ անցկացնելու դեպքում, սա մի տեսակ որակի վերահսկողության մեխանիզմ է:

Եթե այս չորս սկզբունքները դիտարկենք իբրեւ սոցիոլոգիական գործունեություն ծավալելու ինստիտուցիոնալ կարգավորիչ մեխանիզմներ, ապա Հայաստանում սոցիոլոգիան լիովին կարող է որակվել իբրեւ ստվերային, որը շրջանցում է այս չորս հիմնային կանոններն էլ եւ գործունեություն ծավալում դրանցից դուրս: Խոսքն այն մասին է, որ Հայաստանում սոցիոլոգիական տեղեկատվությունը մեծապես անձնավորված է, այսինքն, կախված է նրանից, թե ով է խոսում այդ մասին: Այս երեւույթը իրենից ներկայացնում է միաժամանակ առաջին եւ երկրորդ սկզբունքների, այն է` ունիվերսալիզմի եւ ապահետաքրքրվածության կանոնների խախտում: Ըստ այդմ, սոցիոլոգիական ինֆորմացիան իր ֆունկցիոնալ նշանակությամբ վերածվում է քարոզչական կամ ապաքարոզչական ինֆորմացիայի: Այստեղից էլ ոչ միանշանակ վերաբերմունքը հրապարակային առումով ակտիվ սոցիոլոգների եւ սոցիոլոգիական կենտրոնների նկատմամբ, ինչպես Ահարոն Ադիբեկյանը կամ Գեւորգ Պողոսյանը իրենց կենտրոններով: Այս առումով հետաքրքիր է, որ ժամանակին Սպարտայում երբ որ նշանակալի գաղափար էր արտահայտում վատ համբավ ունեցողը, ապա խնդրում էին բարձրանալ լավ համբավ ունեցող մարդուն եւ հայտնել նույն միտքը: Մոտավորապես նույն սկզբունքն է կիրառվում մեզ մոտ, երբ որ գրեթե նույնատիպ պատկեր ներկայացվում է ոչ թե Ադիբեկյանի կամ Պողոսյանի կողմից, այլ արտասահմանյան «Գելլապի» կամ «Կոմրեսի»: Ակնհայտ է, որ այս կերպ փորձ է արվում ստեղծել ունիվերսալության սկզբունքի իմիտացիա: Ինչո՞ւ իմիտացիա. որովհետեւ արտասահմանյան ընկերություններն ունեն տեղական պարտնյորներ, որոնք էլ ռեալ անցկացնում են հարցումներն ու հարցազրույցները եւ արտասահմանյան այդ ներկայությունը դարձնում բովանդակային առումով խիստ սիմվոլիկ: Նույն կերպ տնտեսական դաշտում չեն դադարում պարբերական խոսակցություններն այն մասին, որ այս կամ այն արտասահմանյան ներդրողն իրականում օֆշորային կազմակերպություն է, որի ռեալ տերերը հայաստանցիներ են: Այս նույն մեխանիզմը գործում է այն տարբերությամբ, որ, օրինակ, «Գելլապի» բրենդի տակ մեզ հրամցվում է իրականում տեղական կազմակերպության իրականացրած հետազոտություն: Ընդ որում, ունիվերսալության խնդիրը բարդանում է երկրորդ` ապահետաքրքրվածության սկզբունքի չպահպանման պարագայում, երբ որ սոցիոլոգները չեն էլ փորձում թաքցնել իրենց անձնական նախընտրությունները, ինչն արդեն նրանց ասածի հանդեպ մասնագիտական անվստահություն է առաջ բերում: Այս տեսանկյունից եզակի պետք է համարել Ահարոն Ադիբեկյանի պահվածքը, որը հայտարարեց, որ իրեն նախընտրելի է Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում, եւ նույն անխռովությամբ շարունակեց շարադրել նախընտրական իրավիճակի սեփական վերլուծությունը: Մասնագիտական կոռեկտությունը պահանջում է առնվազն ժամանակային առումով ընդմիջել մեկը մյուսից, քանի որ, նույնիսկ, եթե ներկայացվող արդյունքներն ամբողջապես օբյեկտիվ են, ապա ժամանակային նման հաջորդականությունը լսարանի մոտ առաջ է բերում ոչ միանշանակ վերաբերմունք, ինչը մասնագիտական տեսանկյունից անթույլատրելի է:

Ինչ վերաբերում է սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների հասանելիությանը հասարակության համար, ապա այն երկակի բնույթ ունի: Խոսքը միեւնույն հետազոտության բազմակի արդյունքների առկայության մասին է, երբ որ մի պատկեր ներկայացվում է հասարակությանը, մեկ այլ պատկեր` պատվիրատուներին: Այս տեսանկյունից ուշագրավ է, որ ընդդիմադիր ուժերից մեկը` ի դեմս «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագիր Ն. Փաշինյանի, փորձ արեց ստեղծել երկրորդ պատկերի էֆեկտ, ասելով, թե հրապարակում է որոշ տվյալներ, որոնք ներքին օգտագործման համար են եւ չեն կարող հրապարակվել: Այս սոցիոլոգիան այդ առումով ընդհանրապես չի տարբերվում, այսպես կոչված, իշխանական սոցիոլոգիայից, որովհետեւ երկու դեպքում էլ այն դարձնում է ոչ թե հասարակության իրազեկման եւ վերլուծության միջոց, այլ քաղաքական պայքարի գործիք:

Չորրորդ սկզբունքը` կազմակերպված կասկածամտությունը` իբրեւ սոցիոլոգիական տեղեկատվության որակի վերահսկողության մեխանիզմ, ընդհանրապես չի գործում, քանի որ սոցիոլոգիական շրջանակներում ընդունված չէ միմյանց հետ բանավիճել, այս դաշտը շատ հիշեցնում է նույն կլանային համակարգը, որտեղ միջկլանային պայքարը գնում է սահմանափակ ռեսուրսների` պոտենցիալ պատվիրատուների համար: Այս պայմաններում խոսքը ոչ թե փոխադարձ քննարկումների, այլ անողոք քննադատության մասին կարող է լինել, ինչը շատ հիշեցնում է մեր ներքաղաքական պայքարը, որտեղ կոմպրոմիսը պահանջարկված չէ:

Ահա այս տեսանկյունից հայաստանյան սոցիոլոգիան ակնհայտորեն հանդես է գալիս իբրեւ ստվերային սոցիոլոգիա, որը, ֆորմալ կերպով հռչակելով իրեն իբրեւ իրական, բուն սոցիոլոգիա, ռեալ կերպով իրացվում է իբրեւ այդ սկզբունքների նկատմամբ ստվերային դիրքորոշում ունեցող: Ընդ որում, ֆորմալ նույնացման ձեւերն ակնհայտորեն համանման են տնտեսական գործունեության ստվերայնությանը` հաշվի առնելով, որ այստեղ խոսքը ոչ թե դրամի մասին է, այլ մասնագիտական հեղինակության:

– Մասնավորապես, օֆշորային կազմակերպություններ-արտասահմանյան սոցիոլոգիական կազմակերպություններ,

– իրական եւ ներկայացվող թվերի տարբերություններ, ինչը սոցիոլոգիական մասնագիտական ստվերում հակադարձ դրսեւորում ունի. իրականում ավելի քիչ թվով անցկացված հարցումները ներկայացվում են ավելի մեծ թվերով,

– սեւ հաշվապահություն-հետազոտության սեւ արդյունքներ, ինչը ներկայացվում է կոնկրետ պատվիրատուին, ի տարբերություն այն վերլուծության եւ պատկերի, որը ներկայացվում է հանրությանը:

Ըստ էության, սոցիոլոգիական հարցումների հրապարակվող արդյունքները գնալով նմանվում են Հարկային ծառայության հրապարակած խոշոր հարկատուների ցանկին, որը ոչ մի վերլուծաբան չի ընդունում իբրեւ իրականություն, այլ փորձում է վերլուծել իրականության քողարկման տեսանկյունից: Այն, ինչ ունենք մենք այսօր հայաստանյան սոցիոլոգիական դաշտում, սպառնում է վերջնականապես դարձնել սոցիոլոգիան ստվերային գիտություն, որը ոչ թե ներկայացնում է իրականության վերլուծությունը, այլ քողարկում է այն: