Մեր Սիրանույշը

25/12/2007

Հայաստանում նշվեց հիանալի դերասանուհի Սիրանույշի (իսկական անունը՝ Մերովպե Գանթարճեան)150-ամյակը։ Հզոր տաղանդը Սիրանույշին կարծես ի վերուստ էր տրված։ Նա ծնվել ու մեծացել է դերասանական ընտանիքում, նրա երկու քույրերը նույնպես ճանաչված դերասանուհիներ են եղել։ Սակայն միայն Սիրանույշն է բեմի իսկական իշխանուհի եղել։ Գեղեցիկ, շատ զգացմունքային ու երգեցիկ ձայնը սկզբում Սիրանույշին թելադրել է կատարել քնարական հերոսուհիների դերերը, եւ այդ դերասանական ամպլուան էլ ստեղծեց նրա բեմական անունը՝ Սիրանույշ, որը նշանակում էր՝ սիրունիկ ու անուշիկ աղջիկ։ Նա հանդես է եկել օպերետային բեմադրություններում, որտեղ առավել օգտագործել է իր ձայնի երգեցիկ տեմբրը։ Պետրոս Ադամյանի հետ նա հանդես է եկել «Արեւելյան թատրոնում», շատ է շրջագայել։ Սակայն հետագայում հրաժարվել է քնարական աղջիկների դերերից ու անդրադարձել հույզերի փոթորիկ վերապրող հերոսուհիների դերակատարմանը։ Ժամանակակիցները նշում էին, որ նրան առավել հաջողվում էին ոչ թե հանգամանքներին զոհ գնացող հրեշտակ նահատակների դերերը, այլ զորեղ բնավորություններ ունեցող, կռվող, պայքարող հերոսուհիները՝ Մեդեան, Հուդիթը, Մուրացանի «Ռուզանը», Հեղինեն՝ Լեւոն Շանթի «Իշխանուհին» պիեսում, Ռեգինան՝ Հենրիկ Իբսենի «Ուրվականը» պիեսում, Նաստասիա Ֆիլիպովնան՝ Դոստոեւսկու «Ապուշը» բեմադրությունում։ Սիրանույշը շեքսպիրյան դերասանուհի էր, եւ դա արդեն իսկ վկայում է նրա տաղանդի մասշտաբի մասին։ Նա խաղացել է Օֆելյա, Դեզդեմոնա, լեդի Մակբեթ։ Եվ տարիներ շարունակ երազել է Համլետի դերի մասին։ Տասը տարի շարունակ նա աշխատել է իր Համլետի դերի վրա եւ միայն ամբողջովին պատրաստ լինելով՝ համարձակվել է հանդիսատեսին ներկայացնել իր Համլետին։ Նա փորձել է ոչ թե միայն տղամարդու պատրանք ստեղծելու մասին մտածել, այլեւ՝ կերտել հոգեկան փլուզվածության պատկեր։ Սիրանույշն իր հուշերում գրել է, որ Համլետը դարձավ իր դերերի դատաստանը։ Նրա կատարած 300-ից ավելի դերերից ամենաշատ արձագանքները ստացել է հենց Համլետը, որի դերակատարման մեջ Սիրանույշը կարողացել է բոլոր երանգների բողոքները ներկայացնել։ Այդ տաղանդավոր ու հարուստ ներքին ունեցող դերասանուհին այսօր մեր թատրոնի ամենափայլուն ու չգերազանցված կերպարներից է։