Գառզուի ցուցահանդեսը

25/12/2007

Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվել է հայտնի ֆրանսահայ նկարիչ Ժան Գառզուի (Գառնիկ Զուլումյան) աշխատանքների ցուցահանդեսը, որը նվիրված է նկարչի 100-ամյա հոբելյանին: Ցուցահանդեսի հիմնական շեշտը դրվել է Գառզուի նկարազարդումների վրա, որոնք մեծ վարպետը կատարել է ամբողջ կյանքի ընթացքում` նկարազարդելով Էռնեստ Հեմինգուեյի, Ալբեր Քամյուի, Անդրե Մորուայի, Ալֆոնս Դոդեի վեպերը:

Գառզուն ծնվել է Սիրիայում` լուսանկարչի ընտանիքում, ապրել է Եգիպտոսում, այնուհետեւ տեղափոխվել է Ֆրանսիա, սովորել Փարիզի ճարտարապետության դպրոցում, զբաղվել է բեմանկարչությամբ, նկարազարդումներով: Փարիզյան թատրոնների համար բալետների, օպերաների դեկորացիաների նախագծեր է արել: Նրա աշխատանքներն աչքի են ընկել լակոնիկ ֆորմայով ու իմաստային խտությամբ: Գառզուի աշխատանքները գտնվում են աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններում: Երեւանյան ցուցահանդեսի համար հիմք են ծառայել Ազգային պատկերասրահի ֆոնդերում պահված աշխատանքները, որոնց թիվը մի քանի հարյուրի է հասնում:

Գառզուն հարցազրույցներից մեկում ասել է. «Ինձ հաճախ են սյուրռեալիստ անվանում, բայց ես միշտ խուսափել եմ սարսափելի, անհասկանալի ու անբացատրելի պատկերներ նկարելուց, ես միշտ նկարել եմ այն, ինչը տեսել ու զգացել եմ»: Նա առաջին անգամ եղել է Հայաստանում 1966 թվականին: Ու թեեւ նրա կտավների վրա զուտ հայկական բնապատկերներ չկան, սակայն նա իր ներքին զգացողությամբ եվրոպացի դիտողներին փոխանցել է իր սերը դեպի հայկական բնությունը, դեպի հայկական պատմությունը: