«Ճակատագրի հեգնանք կամ Բաղնիքդ անուշ» խորհրդային հայտնի ֆիլմը, որը 30 տարի շարունակ համարվում է Նոր տարվա հեռուստաեթերի զարդն ու անուրանալի արժեքը, արդեն շարունակություն ունի: Ֆիլմը կոչվում է՝ «Ճակատագրի հեգնանք. Շարունակություն», եւ պատմում է պատահմամբ իրար հետ ծանոթացած հերոսների զավակների` նույնպես պատահական ծագած սիրավեպի մասին: Ֆիլմի ռեժիսորը Տիմուր Բեկմամբետովն է, ով խոստովանել է, որ ամենից շատ կարեւորում է առաջին ֆիլմի հեղինակ Էլդար Ռյազանովի կարծիքը, ով հրաժարվել էր նկարահանել ֆիլմի շարունակությունը, սակայն չի առարկել շարունակության դեմ: Ֆիլմի պրոդյուսեր Կոնստանտին Էռնստը ասել է, որ «Ճակատագրի հեգնանքը» լոկ ֆիլմ չէ, այլ` ազգային հիշողության մասնիկ: «Նոր ֆիլմը պետք է ապահովի անցյալի ու ներկայի կապը»,- ասել է նա: Իսկ գլխավոր տղամարդու դերակատար Դմիտրի Խաբենսկին ասել է, որ ֆիլմում չկան բացասական հերոսներ. «Սա ֆիլմ է երեսուն տարեկան մարդկանց մասին, որոնց բախտը բերում է կամ չի բերում: Ամեն ինչը ճակատագրից է կախված»:
Նոր ֆիլմը մեծ էկրան դուրս կգա մոտ օրերս, իսկ ֆիլմի յուրաքանչյուր ցուցադրություն կուղեկցվի եղեւնու ու մանդարինի կեղեւի բույրով: Կինոդահլիճներում Նոր տարվա այդ էֆեկտը ստանալու համար հատուկ բուրավետ փայտիկներ են այրելու: Դեռ չցուցադրված ֆիլմն արդեն ռեկորդ է սահմանել, պրեմիերայից մեկ օր առաջ 1 մլն դոլարի տոմսեր են վաճառվել: