Եվ դո՞ւ, Հոլց

23/12/2007

Ամերիկացի կոնֆլիկտոլոգ Թոմաս Հոլցը Բաքվում հայտարարել է, թե հակամարտությունների լուծման Կոսովոյի տարբերակը վտանգավոր նախադեպ է Ադրբեջանի եւ Վրաստանի հակամարտությունների կարգավորման համար: «Այժմ ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները շատ են գրում այն մասին, որ կոսովյան տարբերակը կարող է ընդունելի լինել բոլոր մնացած հակամարտությունների կարգավորման համար: Ես նման մոտեցումը վտանգավոր ու անընդունելի եմ համարում»,- ասել է Թոմաս Հոլցը: Իսկ Վրաստանի ԱԳ առաջին փոխնախարար Նիկոլոզ Վաշակիձեն երեկ հայտարարել է, թե Կոսովոյի տարբերակը չի կարող նախադեպ ծառայել հետխորհրդային տարածքի սառեցված հակամարտությունների լուծման համար: «Կոսովոն միջազգային քաղաքականության հանգուցային խաղորդների կողմից դիտվում է որպես առանձնահատուկ, եզակի դեպք, եւ այդ հարցի նկատմամբ նույնպիսի մոտեցում ունի նաեւ Վրաստանը»,- նշել է նա` նկատելով, թե Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորումն էլ ավելի ինտենսիվ եւ առողջ տարածաշրջանային համագործակցության գրավականն է: «Տարածաշրջանում տնտեսական համագործակցությունը բավականին հետաքրքիր զարգացում ունի: Իհարկե, կան խանգարող գործոններ: Դրանք շատ են, բայց, հավանաբար, դրանցից հիմնականը տարածաշրջանում առկա հակամարտություններն են: Դա միանշանակ է եւ ակներեւ»: