ՀՀ նախագահի թեկնածու, իր իսկ կուսակիցների խոսքերով, ընդդիմադիր դաշտում ներդրված ոչ թե «ական», այլ «միջմայրցամաքային հրթիռ» Արտաշես Գեղամյանն օրերս հայտարարեց, թե ինքը տեղեկություններ ունի, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա համախոհները նախագահի առաջիկա ընտրության օրն ընտրատեղամասերում ընդհարումներ են հրահրելու:
Ա. Գեղամյանը նաեւ ասել էր, թե, ըստ իր տեղեկությունների` առաջին նախագահն ու նրա համակիրները մտադիր են երկիրը քաղաքացիական պատերազմի հասցնել, որովհետեւ, նրա ասելով՝ Լ. Տեր-Պետրոսյանն ամենեւին էլ իր առջեւ խնդիր չի դրել դառնալ երկրի նախագահ, այլ «պարզապես նրա 10 տարին լրացել է, եւ պետք է փոխի քաղաքացիությունը»: Թե ինչո՞ւ պետք է առաջին նախագահը փոխի քաղաքացիությունը, ի՞նչ 10 տարվա մասին է խոսքը, կամ ընդհանրապես ի՞նչ տրամաբանություն կա այս հայտարարությունների մեջ, Ա. Գեղամյանը չէր մանրամասնել: Իսկ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի դիտարկմամբ՝ քաղաքացիական պատերազմ հրահրելու մասին Ա. Գեղամյանի հայտարարությունները սադրանք են: «Այդ հայտարարություններն ուղղակի սադրանքներ են»,- երեկվա ասուլիսում նկատեց նա ու հավելեց, թե դրանք որեւէ հիմք չունեն, եւ առաջին նախագահը բազմիցս հայտարարել է, որ ինքն ընդունելի է համարում պայքարի միայն խաղաղ ճանապարհը: Նրա խոսքերով, եթե իշխանությունը որեւէ սադրիչ գործողություն չանի, որեւէ բախում էլ չի լինի: Բանախոսը երեկ նաեւ նշեց. «Ես չեմ պատկերացնում, թե ոմանք ինչո՞վ պետք է զբաղվեին, եթե նա չառաջադրվեր: Ոմանց համար նրա առաջադրումը լայն հնարավորություններ է բացել քաղաքական առեւտրի համար, շատերին գործով ապահովել են»: Ս. Դեմիրճյանը, ում գլխավորած կուսակցությունն, ինչպես հայտնի է, առաջիկա ընտրություններում Լ. Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին որոշում ընդունած ուժերից մեկն է, անդրադարձավ նաեւ իշխանական քարոզչության այն թեզին, թե իր եւ Լ. Տեր-Պետրոսյանի դիրքորոշումներում տարբերություններ կան, ինչը, ըստ նրանց` վկայում է այդ համագործակցության շինծու լինելու մասին: Դեմիրճյանը նկատեց, որ որոշ հարցերում կարող են լինել տարբեր մոտեցումներ, եւ դա նորմալ է: Սակայն, ըստ նրա, բազմաթիվ այլ հարցերում, ինչպիսիք են, օրինակ, «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության բացահայտումը, երկրում ձեւավորված կլանային-օլիգարխիկ համակարգից ձերբազատվելը եւ այլն, իրենց տեսակետները համընկնում են: «Առաջնահերթ խնդիրն այսօր այս կլանային-օլիգարխիկ համակարգից ազատվելն է: Մաֆիոզ համակարգից պետք է ձերբազատվել՝ հենց հանուն պետության»,- նշեց նա: Երեկ նա նաեւ անդրադարձավ լրատվամիջոցների կողմնակալությանը, դրանց մատուցած ապատեղեկատվություններին ու այլ «գռեհիկ դրսեւորումներին»: «Ոմանք գռեհկությունը դարձրել են գործելակերպ: Դրանով նրանք ընդամենը ցույց են տալիս իրենց ողորմելի էությունը»,- ասաց ՀԺԿ ղեկավարը: Վերջինիս գնահատմամբ՝ քաղաքական պայքարի մեջ կան կոռեկտության սահմաններ, որոնք չի կարելի անցնել, ինչը, սակայն, նրա դիտարկմամբ՝ առաջին հերթին խախտում են իշխանական որոշ լրատվամիջոցներ: Ըստ նրա, չափն անցնելով ու «գռեհիկ» դրսեւորումներով «լրատվություն» մատուցողները պետք է ամաչեն իրենց ասածներից: Կարեւորելով ընտրությունների ազատ ու արդար անցկացումը՝ Ս. Դեմիրճյանը փաստեց. «Արդեն տեսնում ենք, թե ինչ է կատարվում: Խոսեցինք արդեն լուսաբանման մասին: Արդեն գնում է կեղծելու գործընթացը: Ինչի՞ց սկսվեց 2003-ին: 2002-ին փակեցին «Ա1+»-ը, այսօր ի՞նչ է կատարվում. փակում են ԳԱԼԱ-ն, պայթեցնում են «Չորրորդ իշխանությունը»: Ընտրական գործընթացը չի կարելի գնահատել միայն վերջին օրով. ամբողջ ընտրական գործընթացը պետք է գնահատվի»։ Խոսվեց նաեւ 1996թ. ընտրությունների մասին: Նրա դիտարկմամբ՝ բացի 1991թ. նախագահական եւ 1999-ի՝ ԱԺ ընտրություններից, մնացած բոլոր ընտրությունները Հայաստանում «այս կամ այն չափով կեղծվել են»: Կոնկրետ 1996-ի մասին Ս. Դեմիրճյանը նշեց, որ առաջին նախագահն էլ վերջին հանրահավաքում ասաց, թե պատրաստ է պատասխանատվության կանչել 1996-ին կեղծիքներ արած մարդկանց: Երեկ չշրջանցվեց նաեւ տարատեսակ սոցիոլոգիական հարցումների թեման, համաձայն որոնց՝ Սերժ Սարգսյանն ակնհայտ առաջատարն է, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների ընդամենը 2-3%-ը: «Հայաստանում սոցիոլոգիան ճշգրիտ գիտություն է. որքան վճարում ես, այնքան ստանում ես: Այդ հարցումները լուրջ մարդը չի կարող լուրջ ընդունել: Դրանք ֆոն են հետագա կեղծիքների համար: Այն, որ առաջին նախագահի վարկանիշն աճի միտում ունի, ցույց են տալիս նույնիսկ այդ հարցումները: Ժամանակին ինձ տալիս էին 0,9%, բայց մենք հենց առաջին փուլում հաղթեցինք»,- նկատեց նա ու հավելեց, թե առաջին նախագահի աճող վարկանիշի մասին վկայում են նաեւ հանրահավաքները: «2003 թվականից հետո նման հանրահավաքներ չեն եղել»,- փաստեց ՀԺԿ ղեկավարը: Երեկ խոսվեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ ցեղասպանության ճանաչման մասին: Ս. Դեմիրճյանն այս առիթով նշեց, թե իրենք կողմ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելուն, իսկ ցեղասպանության ճանաչման հարցն էլ պետք է լինի «հայության օրակարգում»: Այս գործում նա բարձր է գնահատում հայկական սփյուռքի եւ խորհրդային ու անկախ Հայաստանի կատարած աշխատանքը: Վերջում, շնորհավորելով ներկա լրագրողներին՝ գալիք Նոր տարվա կապակցությամբ, ՀԺԿ ղեկավարը հույս հայտնեց, որ գալիք տարեսկզբին Հայաստանում կսկսվի «ավգյան ախոռները մաքրելու գործընթացը»: