Նույնիսկ գործ չեն հարուցել

23/12/2007

Երեկ Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Նոյեմբերի 6-ին, երբ Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերությունում ՀՀ Հարկային պետական ծառայության աշխատակիցները շարունակում էին ՉԱՊ ՍՊԸ ստուգումները, ժամը 13:00-ի սահմաններում ինչ-որ մի արձանագրության կազմման ժամանակ, ՀՀ ՀՊԾ Օպերատիվ-հետախուզության վարչության գլխավոր օպեր-լիազոր Հովիկ Հովհաննիսյանը անակնկալ հարձակվել էր այդ պահին նկարահանում իրականացնող օպերատոր Գրիգոր Շաղոյանի վրա, նախ փորձել էր փակել տեսախցիկի տեսադաշտը, ապա ձեռքով փակել էր տեսախցիկի մոնիտորը, եւ հետո փորձել էր խլել տեսախցիկը: Գ. Շաղոյանը պաշտպանել էր տեսախցիկը եւ շարունակել նկարահանումը: Քաշքշելով օպերատորին՝ օպեր-լիազորը բռնել էր օպերատորի կոկորդից: Հարկային մյուս 5 օպեր-լիազորները եւ ԳԱԼԱ ՀԸ հիմնադիրն ու ներկա աշխատակիցները կասեցրել էին միջադեպի զարգացումը: Շաղոյանը ժամը 15:00-ին միջադեպի մասին հայտարարություն էր տվել Ոստիկանության քաղաքային բաժնում, ապա հարցաքննվել միջադեպի կապակցությամբ: Անցած 42 օրերի ընթացքում Ոստիկանության Գյումրիի քաղաքային բաժինը քար լռություն էր պահպանում գործի նախաքննության մասին, չնայած բազմաթիվ բանավոր հարցումներին, պատասխանում էր, թե առայժմ որոշում չեն կայացրել: Դեկտեմբերի 18-ին պատվիրված նամակ է հանձնվել տուժող Գրիգոր Շաղոյանին, որում Ոստիկանությունը տեղեկացնում է, թե միջադեպի առթիվ քրեական գործ չի հարուցվել: Ուշագրավ է, որ նամակը թվագրված է նոյեմբերի 30-ով, իսկ նամակի ծրարի վրա փոստային մուտքագրման ամսաթիվը դեկտեմբերի 17-ն է: Ստացվում է, որ մեր բոլորի եւ օպերատոր Գ. Շաղոյանի վճարած հարկերից աշխատավարձ ստացող ոստիկանները 17 օր շարունակ մեծ դժվարությամբ մաքառելով, կտրել-անցել են 600 մետր ճանապարհը Գյումրի քաղաքի կենտրոնում, որ Կենտրոնական փոստատնից իրենց որոշման պատասխանն ուղարկեն օպերատորին»: