Չնայած ցրտին՝ երեկ Գյումրիի Թատերական հրապարակում 1000-ից ավելի մարդ էր հավաքվել՝ ի պաշտպանություն ազատ խոսքի եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության: «Ա1+»-ի փոխանցմամբ՝ ելույթ ունեցողները՝ «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, «Այլընտրանք» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, Պետրոս Մակեյանը, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը, արվեստագետներ, ուսանողներ, իրենց աջակցությունն են հայտնել ԳԱԼԱ հեռուստաընկերությանը, որը ենթարկվում է ճնշումների այն բանից հետո, երբ եթեր էր հեռարձակել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթը: Գյումրեցիներին միացել էին նաեւ Երեւանից ժամանած մի խումբ հասարակական գործիչներ, ուսանողներ՝ «Երեւանի ազատ մարդիկ Ձեզ հետ են» կարգախոսով: Եղել է նաեւ այսպիսի մի ցուցապաստառ՝ «Ով ԳԱԼԱ-ն փակի, մենք նրա անտառը». այն գրվել է մի խումբ անտառապահների կողմից: «Հաղ-թա-նակ», «Ա-զա-տու-թյուն» վանկարկումներով հանրահավաքն ավարտվել է: Այն նախաձեռնել էր Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբը: