Ե՞րբ են ամրացվելու վթարային շենքերը

12/05/2005 Գայանե ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր

Պաշտոնական վերջին տվյալներով՝ Վանաձորում վթարային շենքերի թիվը հասնում
է 84-ի։ Գրիբոյեդովի 6 շենքի բնակիչները, սակայն, որ արդեն 7 տարի է,
«վերին» ատյաններ են դիմում իրենց բողոքներով, համոզված են, որ իրենց
շենքի «նմանը չկա». «ավերված է շենքի 1-ին շքամուտքը` իր 27
բնակարաններով, ավերված է նկուղային հարկը, կոյուղագծերը շարքից դուրս են
եկել, որի հետեւանքով շենքը գտնվում է ջրի մեջ։ Ավերված է տանիքը, որի
հետեւանքով անձրեւաջրերը հասնում են մինչեւ 1-ին հարկը, իսկ բարձր հարկում
ապրող բնակիչները տանը պատսպարվում են անձրեւանոցների տակ։ Բնակարանների
մի մասը չունեն միջնապատեր»։ 9 հարկանի այդ շենքը 1988 թ. երկրաշարժից
հետո համարվել է քանդման ենթակա, բնակիչների մի մասը (6 անձից բաղկացած
ընտանիքներ) հետագայում նոր բնակարաններ են ստացել, որից հետո շենքի
կարգավիճակը փոխվել է եւ դարձել ամրացման ենթակա։ Շենքում բնակվողները
հարկադրաբար ներգրավվել են «երկկենցաղ» ապրելակերպի մեջ` զուգահեռաբար
բնակվելով կից տնակներում։ «Մի մասը մահացան` տնակային պայմաններին
չդիմանալով, մի մասը խրոնիկ հիվանդություններ ձեռք բերեցին»,- ցավով
պատմում են բնակիչները։ Երբ 2002թ. տարեվերջին սպասումներից հոգնած դիմել
են ՀՀ Քաղաքաշինության նախարարություն, շենքում դեռեւս 45 ընտանիք է եղել
(նախկին 81-ից), այժմ մնացել են 18-ը։ «Ձեր շենքն ունի 3-րդ աստիճանի
վնասվածություն եւ ենթակա է վերականգնման։ ՀՀ օրենքով հաստատված աղետի
գոտու վերականգնման համալիր ծրագրի դրույթների համաձայն՝ նախատեսված է
վերականգնել 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող չշահագործվող
բազմաբնակարան շենքերը։ Ինչ վերաբերում է շահագործվող, բնակեցված
վերականգնման ենթակա շենքերին, ինչպիսին հանդիսանում է ձեր շենքը, ապա այն
կարող է դիտարկվել ՀՀ կառավարության 26.12.02թ. նիստում ընդունված
վերականգնման ենթակա բազմաբնակարան շենքերի բնակարանների սեփականատերերին
պետական ֆինանսական աջակցության տրամադրման հայեցակարգի դրույթներին
համապատասխան նախատեսվող ծրագրի շրջանակներում»,- բնակիչներին (Ա.
Պողոսյան եւ մյուսներ) պատասխանել են Քաղաքաշինության նախարարությունից
2003թ. հունվարին։ Նմանատիպ պատասխաններ են ստացել նաեւ Լոռու
մարզպետարանից, Ազգային ժողովից, Վանաձորի քաղաքապետարանից.
«Ֆինանսավորում լինելու դեպքում շենքը կամրացվի»։

«Ուր գրում ենք՝ մեր իմացածի մասին մեզ իմաց են անում: Էսքան ժամանակ
չգտնվե՞ց էդ անտեր ֆինանսավորումը»,- դժգոհում են բնակիչները: Իսկ շենքի
վիճակն օրեցօր վատթարանում է:

Հոդվածը պատրաստ էր, երբ տեղեկացանք, որ Վանաձորի համայնքի ավագանին
որոշել է ուղերձ հղել ՀՀ նախագահին՝ ակնկալելով նրա գործուն
միջամտությունը՝ վթարային շենքերի ամրացման գումարներ հատկացնելու
հարցում: Ավագանու ուշացած այս «մտահոգությունը» հասկանալի է. ավագանու
լիազորությունների ժամկետն աշնանն ավարտվում է, իսկ առջեւում ՏԻՄ
ընտրություններն են: