ԱԺՄ ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարություն է տարածել այն մասին, որ դիմել է Դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել «Հայկական Ժամանակ» օրաթերթի դեմ՝ իր անձը վիրավորելու եւ զրպարտելու համար: Խոսքը վերաբերում է «ՀԺ»-ի դեկտեմբերի 15-ի համարում հրապարակված «Վազգեն Մանուկյանի «Մայն կամպֆ»-«Իմ պայքարը» վերնագրով հոդվածին: ԱԺՄ նախագահի խոսքերով՝ «հոդվածն իր բնույթով եւ բովանդակությամբ հեռու է լրագրողական հրապարակում համարվելուց»: «Թերթի ամբողջ հոդվածը կառուցված է ինձ անհիմն վերագրված ձեռագիր փաստաթղթի վրա: Դեկտեմբերի 18-ին «Հայելի» ակումբում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, ես հրապարակայնորեն` լրատվամիջոցների ներկայությամբ, հայտարարեցի, որ նախընտրական այս շրջանում չեմ ցանկանա որեւէ լրատվամիջոցի դեմ քրեական գործ հարուցել, ուստի՝ առաջարկեցի, որ իմ եւ «Հայկական Ժամանակ» թերթի ներկայացուցիչները միասին՝ թերթի հոդվածի աղբյուր հանդիսացող ձեռագիր փաստաթուղթը ներկայացնեն ձեռագրաբանական փորձաքննության: Հրապարակային հայտարարեցի նաեւ, որ թերթի խմբագիրն ինքը կարող է որոշել՝ որտեղ տալ փաստաթուղթը փորձաքննության, նույնիսկ առաջարկեցի այն արտասահմանյան որեւէ երկիր փորձաքննության ուղարկելու տարբերակը»,- ասված է Վազգեն Մանուկյանի հայտարարության մեջ: Ըստ տարածված հայտարարության, Մանուկյանի լիազորված անձը՝ փաստաբան Վարդան Զուռնաչյանը, դեկտեմբերի 18-ին զանգահարել է «Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկի պատասխանը ստանալու համար: «Միայն ուշ երեկոյան իմ ներկայացուցչին հաջողվել է կապվել նրա հետ, բայց խմբագիրը հրաժարվել է իր ներկայացուցչի միջոցով մեզ հետ համատեղ ձեռագիր բնօրինակը ձեռագրաբանական փորձաքննության ներկայացնելու մեր առաջարկից: Նման պայմաններում, հաշվի առնելով հարցի հրատապությունը, ինչպես նաեւ այն ցինիզմը, որով թերթը փորձել է ինձ վիրավորել, զրպարտել, ինչպես նաեւ հասարակությանը կեղծ տեղեկատվություն մատուցել, ես ստիպված եմ դիմել Դատախազությանը՝ պահանջելով քրեական գործ հարուցել իմ անձը վիրավորելու եւ զրպարտելու փաստերով: Ընդգծում եմ, որ ես չէի դիմի Դատախազությանը, եթե թերթի խմբագիրը համաձայնվեր իր ներկայացուցչի հետ միասին փաստաթուղթը փորձաքննության ուղարկելու իմ առաջարկին»,- ասված է ԱԺՄ նախագահի տարածած հայտարարության մեջ: