Հայ-թուրքական ռուբիկոնը

23/12/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Ես հեռու եմ այն մտքից, որ Հայաստանը դասական ժողովրդավարական երկիր է: Բայց եթե մենք նայում ենք Թուրքիային, հասկանում ենք, որ Թուրքիան դիկտատուրայի, ամբողջատիրության դասական օրինակ է»,- երեկ խորհրդարանում հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ, ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը:

«Թուրքիայի մոտեցումն այս տարիների ընթացքում եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի մոտեցման տրամագծորեն հակառակը: Թուրքիան առաջարկում է կարգավորել անցյալի բոլոր խնդիրները, ստանալ իրենց բավարարող լուծումներ եւ միայն դրանից հետո հաստատել դիվանագիտական հարաբերություններ ու բացել սահմանը: Սա նշանակում է, որ Թուրքիան դնում է Հայաստանի հետ հարաբերության նախապայմաններ, իսկ Հայաստանը նախապայման չունի»,- իր հերթին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը:

Երեկվա լսումները վերաբերում էին հիմնականում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը եւ հայ-թուրքական հարաբերություններին: Իսկ այդ հարաբերությունները դիտարկվում էին հիմնականում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության տեսանկյունից: Թե՛ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, եւ թե՛ Վ. Օսկանյանը Հայաստանի համար դրական գնահատեցին Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը: Այդ դեպքում Եվրամիության սահմանը փաստացի կհասնի մեր երկրին: Սակայն՝ «Ցանկալի կլինի, որ Թուրքիան լինի Եվրամիության անդամ՝ բավարարելով բոլոր պահանջները»,- ասաց Տ. Թորոսյանը: «Սա մեզ համար տնտեսական, քաղաքական, բոլոր առումներով, կարծում եմ, որ մեծ հնարավորություն է: Բայց մեր մտահոգությունը կայանում է նրանում, որ արդյո՞ք Եվրամիության որոշումը կլինի արդար, այնպես, ինչպես արվել է մյուսների համար»,- ասաց Վ. Օսկանյանը:

Հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս բոլոր պաշտոնյաները կիսում էին տեսակետը, որ Թուրքիան Հայաստանի սահմանները պետք է բացի առանց նախապայմանների: Իսկ նախապայմանները երեքն են՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորում կամ առնվազն Ղարաբաղին հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանին, Թուրքիայի ներկայիս սահմանների ճանաչում եւ հրաժարում ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացից: Վ. Օսկանյանի գնահատմամբ՝ այս նախապայմանները թե՛ միջազգային հարաբերության, թե՛ իրավական տեսանկյունից չեն դիմանում որեւէ քննադատության: Ըստ ԱԳՆ նախարարի` Ղարաբաղի խնդիրը Ղարաբաղի եւ Ադրբեջանի խնդիրն է, եւ Թուրքիան չի կարող կողմ դառնալ, քանի որ միջազգային հարաբերություններում դա ընդունված չէ: Թուրքիայի՝ սահմանները բացելու երկրորդ նախապայմանը Հայաստանի կողմից ցեղասպանության ճանաչումից հրաժարվելն է: Ավելի ստույգ` Հայաստանը չպետք է հետապնդի ցեղասպանության միջազգային ճանաչումը: Այս դեպքում արդեն Վ. Օսկանյանը համոզված է, որ ցեղասպանության հարցը բարձրացնելը Հայաստանի առնվազն բարոյական պարտքն է: Երրորդ նախապայմանը Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումն է: Այս նախապայմանի համար Վ. Օսկանյանն ասում է, թե մեզ համար դեռեւս ուժի մեջ են Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերը, որոնք կնքվել են 20-րդ դարի սկզբին: «Մենք դրանք ժառանգել ենք սովետական ժամանակաշրջանից: Եթե Սովետական Միությունից ժառանգված պայմանագրերը չեն հերքվել կամ չեն փոխարինվել նորով, դրանք դեռեւս մնում են ուժի մեջ: Եթե դրանք ուժի մեջ չեն, ապա միայն նրա համար, որ Թուրքիան ինքը կոպտորեն խախտել է պայմանագրերի դրույթները: Բայց, մեծ հաշվով, մեզ համար դրանք ուժի մեջ են եւ այդ պայմանագրերն այսօր հստակորեն ուրվագծում են Թուրքիայի եւ Հայաստանի սահմանները»,- ասաց Վ. Օսկանյանը: Մինչդեռ ԱԺ փոխնախագահ Վ. Հովհաննիսյանը գտնում է, որ Կարսի պայմանագիրն անօրինական է: Այնպես ստացվեց, որ Հայաստանի մի բարձրաստիճան պաշտոնյա հայ-թուրքական հարաբերություններում հիմք է ընդունում Կարսի պայմանագիրը, իսկ մյուսը նույն այդ պայմանագիրը համարում է անօրինական: Եվ առհասարակ Վ. Հովհաննիսյանը Թուրքիայի հետ հարաբերությունների եւ Եվրամիությանն այդ երկրի անդամակցության հարցերին բավական խիստ մոտեցում ունի, եւ նրա կարծիքով՝ հայ-թուրքական հարաբերություններում ստեղծվել է փակուղային վիճակ: «Երկու կարծիքն էլ, որ Հայաստանում հիմնականում հնչում է՝ կապված Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հետ, փաստացի ծայրահեղ են: Ծայրահեղ է թե՛ այն, որ Թուրքիան չպիտի անդամակցի Եվրամիությանը, եւ թե՛ այն, որ Թուրքիայի անդամակցությունը միարժեք բխում է Հայաստանի շահից: Ամբողջ խնդիրը շատ պարզ է: Ինչպե՞ս է Թուրքիան ընդունվում Եվրամիություն: Արդյո՞ք Թուրքիան փոխված է մտնում Եվրամիություն, թե՞ Եվրամիությունը ատամները կրճտացնելով, քաղաքական դրդապատճառներով, ուրիշ ճնշումների տակ գտնվելով, ընդունում է Թուրքիային այնպիսին, ինչպիսին կա: Եթե այդպես է, ապա իմացեք, որ ընդունվելուց հետո Թուրքիան փոխվելու ոչ մի դրդապատճառ չի ունենալու»,- նշեց դաշնակցական գործիչը` Վ. Հովհաննիսյանը: Բացի այդ, նրա համոզմամբ, քանի դեռ մարդասպաններ Թալեաթ փաշան, Էնվերը եւ Ջամալը թուրք ժողովրդի կողմից ընկալվում են որպես ազգային հերոսներ, «ոչ մի բան էլ չի ստացվի»: Պարոն Հովհաննիսյանն իր ելույթում խոսեց նաեւ Թուրքիային ներկայացվող պահանջների մասին, որ ցեղասպանության ճանաչումից հետո Հայաստանը պետք է փոխհատուցում ստանալու ակնկալիքներ ունենա: Հայաստանի ներկա իշխանությունները ցեղասպանության հարցը անընդհատ բարձրացնելով՝ երբեւէ պետական դիրքորոշում չեն հայտնել՝ փոխհատուցման պահանջներ դնելո՞ւ են, թե՞ ոչ: Երեկվա քննարկումներին մասնակցում էին տեղական եւ միջազգային բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ի դեպ, ներկայացուցիչներ էին հրավիրված նաեւ Թուրքիայից, սակայն նրանք չէին եկել: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ միգուցե հենց այս պատճառով է, որ այդ երկիրն այդքան ցավոտ է վերաբերվում ցեղասպանության ճանաչմանը: Եվ չի բացառվում, որ եթե մեր երկիրը որեւէ փոխհատուցում չպահանջի, Թուրքիան ընդունի ցեղասպանությունը: Իսկ անկախ փորձագետ Արա Պապյանը կարծում է, որ Թուրքիան ոչ մի դեպքում չի ընդունի ցեղասպանությունը: Պարզապես Հայաստանը պետք է այդ հարցը վիճարկի միջազգային դատարաններում: Ներկա իշխանություններն իրենց համար գերխնդիր են համարում ցեղասպանության հարցի քննարկումը միջազգային տարբեր ատյաններում, սակայն կարծես թե հարցը իրավական հարթություն տեղափոխելու քայլեր չեն անում: «Ես այդ ցանկությունը նրանց մոտ դեռ չեմ տեսնում»,- ասում է Ա. Պապյանը: