Պետք է շփվենք

23/12/2007

Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին երեկ ՀՀ Ազգային ժողովում մասնակցում էր հայ-թուրքական հարաբերություններին նվիրված լսումներին: Նրա խոսքերով՝ Եվրամիությունը պատրաստ է հնարավորության սահմանում օժանդակել Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը: «Մենք կարծում ենք, որ այն հարցերը, որոնք վերաբերում են Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններին, պետք է քննարկել: Դա ներառում է թե՛ պատմական հարցեր, թե՛ սահմանային հարցեր: Մենք մտածում ենք, որ այդ առումով ամեն մի առաջարկ, որպեսզի քննարկվեն այդ հարցերը, օգտակար են»,- ասաց Պ. Սեմնեբին:

Պ. Սեմնեբին անդրադարձավ նաեւ մի քանի տարի առաջ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի նամակին, որով կոչ էր արվում պատմական խնդիրները քննարկելու համար հանձնաժողով ստեղծել: Լրագրողները պարոն Սեմնեբիին հիշեցրին, որ Ռ. Քոչարյանն իր հերթին Էրդողանին պատասխան նամակ-կոչ էր հղել եւ առաջարկել էր ստեղծել ոչ թե պատմաբանների, ինչպես ասել էր Թուրքիայի վարչապետը, այլ միջկառավարական հանձնաժողով, որը կքննարկի բոլոր հարցերը: «Բնականաբար, եղել են շատ տարբեր նախաձեռնություններ: Այն նախաձեռնությունը, որի մասին ես խոսում էի, դեռ վերջին նախաձեռնությունն է»,- պատասխանել է Պիտեր Սեմնեբին: Իսկ ընդհանրապես, նա հույս է հայտնել, թե Հայաստանի խորհրդարանում կազմակերպված լսումները կունենան շարունակություն, եւ թե՛ Հայաստանը, թե՛ Թուրքիան քայլեր կձեռնարկեն հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:

«Ամենամեծ խնդիրն այն է, որ կողմերն ունեն շատ քիչ շփումներ, չեն հասկանում իրար, չեն վստահում իրար: Եթե կողմերին հաջողվեր այդ խոչընդոտները հաղթահարել, ապա, կարծում եմ, շատ հեշտ կլիներ պայմանավորվել թե՛ երկխոսության իրականացման, եւ թե՛ հարաբերությունների կարգավորման խնդիրը»,- նշել է Պիտեր Սեմնեբին: Պատասխանելով եվրոպական երկրների միջեւ եղած նույն պատմական հակասությունների հետ համեմատություն անցկացնելու հարցերին՝ Պ. Սեմնեբին ասաց, թե չի ցանկանում նույնացնել դրանք հայ-թուրքական հարաբերությունների հետ: Սակայն նշեց, որ դրանք օրինակներ են, որոնք կարող են իրենց հերթին օրինակ ծառայել մեր երկու երկրներին: «Բայց ես չէի ցանկանա համեմատություն անցկացնել»,- ասել է Կովկասում ԵՄ ներկայացուցիչը: Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ Եվրամիության բանակցություններ սկսելուն, ապա Կովկասում Պ. Սեմնեբին կարծում է, որ Թուրքիան դեռեւս վաղուց է համապատասխանում անդամության թեկնածու համարվելու այն չափանիշներին, որ ԵՄ-ն սահմանել է տարիներ առաջ:

Պիտեր Սեմնեբին նաեւ ասել է, որ իր այս այցի ընթացքում Լեռնային Ղարաբաղ չի այցելելու: