Մեր հեռուստաալիքներին շատ են քննադատում։ Քննադատում են թե՛ անճաշակ ու անորակ հաղորդումների, թե՛ անիմաստ շատ ու անիմաստ երկար գովազդների եւ թե՛ քաղաքական կողմնակալության պատճառով։ Եվ այս քննադատությունները մի երկու շաբաթ հետո ավելի սուր բնույթ են ստանալու, եւ մարդիկ հերթական անգամ կհամոզվեն, որ ամանորյա թողարկում ասվածը սեփական աշխատողների կերուխումը նկարագրող հերթական ռեպորտաժն է։
Բայց ես երեկ բացահայտեցի, որ մեր ալիքները մի շատ օգտակար հատկություն ունեն. նրանք թարմացնում են հիշողությունը։
Ամեն ինչ սկսվեց «Հ1»-ով եթեր հեռարձակվող Գրանդ փղիկի ու Մաշա փղիկի հարսանիքի մասին պատմող տեսանյութից։ Այդ իրադարձությունը՝ երկու փղերի հարսանիքը, երեւի այնքա՜ն կարեւոր ու հետաքրքիր էր, որ «Հ1»-ը 1 ժամից ավելի ցուցադրում էր գազանանոցում կազմակերպված համերգը։ Այստեղ ես ակամայից հիշեցի նախագահական ընտրությունների եթերաժամի 1 րոպեի գինը՝ 80.000 դրամ։ Եթե հաշվենք, կստացվի, որ «Հ1»-ը փղիկներին նվիրել է մոտ 5 միլիոն դրամ։ Ու քանի որ «Հ1»-ը համարվում է հանրային հեռուստաընկերություն, այսինքն՝ ֆինանսավորվում է հանրության՝ շարքային հարկատուներիս կողմից եւ բավարարում (ըստ օրենքի) այդ նույն հանրության պահանջները, ապա կարելի է եզրակացնել, որ մենք շա՜տ փղասեր ժողովուրդ ենք։ Նախագահացուներից 1 րոպեի համար 80 հազար ենք ուզում, իսկ փղերի համար պատրաստ ենք 5 միլիոնից հրաժարվել։ Սակայն այս առատաձեռնության մասին մտածելիս էլ ակամայից հիշում եմ մեր թերթի նախորդ համարում տպագրված՝ Լուսինե Ստեփանյանի հոդվածը՝ 18-ամյա Վիլիկի մասին։ Նա ապրում է երկաթուղու սլաքավարի տնակում եւ մահամերձ հիվանդ է՝ չեն բուժում, որովհետեւ Վիլիկն ու նրա տատիկը փող չունեն…
Փող չունեն ոչ միայն Վիլիկն ու նրա տատիկը, այլ շատերը… Ու չնայած տնտեսական փառահեղ աճին, շատերը ահագնացող սարսափով են սպասում Նոր տարվան։ Նրանց ամենեւին չի մխիթարում, որ իշխանություններն ասում են՝ Նոր տարուն գները չեն բարձրանա, իսկ բարձրացնողներին կպատժենք։ Գլխավոր «պատժողը»՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանն էլ երեկ «Շանթի» հյուրն էր։ Եվ փորձում էր Նվեր Մնացականյանին համոզել, որ ցանկացած մարդ կարող է շաքարավազ ներմուծել Հայաստան։ Իսկ այն հարցին, թե՝ արդյոք կիսո՞ւմ է այն կարծիքը, որ հանձնաժողովն իրականում պետք է պայքարի ոչ թե անբարեխիղճ մոնոպոլիստների, այլ նրանց «տանիք» հանդիսացող անձանց հետ, պրն Շահնազարյանը պատասխանեց, որ հասկանում է հարցի ենթատեքստը, եւ սկսեց բացատրել, թե ինչպես կարելի է գնային քաղաքականության միջոցով շուկայից դուրս մղել մրցակիցներին։ Այստեղ էլ միանգամից հիշեցի ոջիլի անեկդոտը։
Հետո «Արմենիայի» եթերում սկսվեց «Օմենի» երկրորդ սերիան։ Ովքեր չգիտեն, ասեմ, որ դա երեք մասանոց ֆիլմ է՝ հակաքրիստոսի, նեռի մասին։ Լավ ֆիլմ է։ Մանավանդ այն տողերը, երբ մեջբերում է արվում Աստվածաշնչից, որ սատանան իր իշխանությունը կտարածի բոլորի վրա, եւ բոլորը նրան կենթարկվեն եւ կկրեն նրա նշանը։ Եվ այս տողերը՝ «եւ նա՛ կկարողանա գնել եւ վաճառել, ով կունենա այդ նշանը»։ Այս բառերից հետո, չգիտես ինչու, նորից միտս եկավ «Շանթի» հաղորդումը։
«Օմեն»-ից հետո «Արմենիայով» սկսվեց «Ուշ գիշեր» կոչվող հաղորդումը։ Արդեն մի քանի թողարկում է, վերեւի աղջիկները չկան, ոչ ոք չկա: Միայն հաղորդավար Գագիկ Մկրտչյանն ու «Ազգային Միաբանություն» կուսակցության փոխնախագահ Գագիկ Թադեւոսյանն էին` «խորաթա կէնեին»։ Գագիկ Թադեւոսյանն ասում էր՝ չի կարելի, չէ՞, ցեխ շպրտել նախագահի մյուս թեկնածուների վրա, բա դրսում չե՞ն ասի՝ սրանք չե՞ն ձեր թեկնածուները։ «Իհարկե, իհարկե»` գլխով էր անում մյուս Գագիկը։ Բա կարելի՞ է ցեխ շպրտել Արտաշես Գեղամյանի, Վազգեն Մանուկյանի եւ Արթուր Բաղդասարյանի վրա՝ շարունակում էր պրն Թադեւոսյանը…
Հայրենի մյուս հեռուստաալիքները պակաս ցնցող չէին այդ ուշ ժամին։ Օրինակ, «ԱԼՄ»-ով ասմունքում էր 7-8 տարեկան մի փոքրիկ աղջնակ, իսկ մյուսներով հիմնականում հայկական «փառահեղ» տեսահոլովակներն էին՝ ամենա-ամենա-ամենա աստղերի կատարմամբ։ Նույն աստղերի, որոնք երգում էին փղերի հարսանիքին։ Իսկ երբ տեսա սեփական կողմնորոշումը չպարզած մի երգչի, որը երգում էր սիրո մասին, հասկացա, որ քնելն ավելի օգտակար է։