«Մաֆիա» են խաղում միայն թեկնածուները

21/12/2007 Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ

Կարծում եմ, որ մենք պետք է ասենք ճշմարտությունը, կամ գոնե այն, ինչ մտածում ենք:

Յուրի Լուժկով

Անցյալ շաբաթ տպագրված «Բոլորս մաֆիա ենք խաղում» հոդվածից հետո բազմաթիվ արձագանքներ եղան, ինչից հետո որոշեցինք շարունակել այդ թեման, առավել եւս, որ ՀՀ նախագահի թեկնածուների քանակը հենց դա է հուշում: Եվ այսպես, սկսվում է մեծ եւ շատ հետաքրքիր խաղ, որի անունն է՝ «մաֆիա»: Վարողի դերում հանդես է գալիս գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Քանի որ խաղում տեղերը ընտրվում են վիճակահանությամբ, իսկ մենք այդպիսի հնարավորություն չունենք, հետեւաբար՝ խաղացողների համարները կընտրենք այն նույն հերթականությամբ, որով նրանց տպագրեցին հայաստանյան բոլոր թերթերը:

Եվ այսպես, համար առաջին` Վազգեն Մանուկյան, համար երկու` Արթուր Բաղդասարյան, համար երեք` Տիգրան Կարապետյան, համար չորս` Վահան Հովհաննիսյան, համար հինգ` Արման Մելիքյան, համար վեց` Լեւոն Տեր-Պետրոսյան, համար յոթ` Արտաշես Գեղամյան, համար ութ` Սերժ Սարգսյան, համար ինը` Արամ Հարությունյան, եւ տասը համարի տակ կխաղա Րաֆֆի Հովհաննիսյանը:

Վարող Ռ. Քոչարյան (ջազ երաժշտության ներքո) – Գիշեր: Բոլորը փակում են աչքերը եւ ընտրում խաղաքարտերը: Բոլորը ընտրեցին: Աչքերը բացում է միայն Դոնը: Նրա հետ միասին աչքերը բացում են մաֆիայի մնացած անդամները եւ որոշում, թե ում են հեռացնելու գիշերը: Պայմանավորվեցին: Փակում են աչքերը: Աչքերը բացում է Շերիֆը: Փակում է: Բարի լույս: Խոսքը տրվում է համար մեկին` Վազգեն Մանուկյանին:

N1 Վ.Մ. – Ես բոլորին կլսեմ, հետո կարտահայտվեմ: Այնպես որ, հիմա` փաս:

Ռ.Ք. – Խոսքը տրվում է համար երկուսին` Արթուր Բաղդասարյանին:

N2 Ա.Բ. – Ես կարծում եմ, որ համար երեք Տիգրան Կարապետիչը սեւ է, որովհետեւ «գիշերը» իր կողմից ձայն եմ լսել: Շերիֆին կոչ եմ անում՝ ստուգի Կարապետիչին:

N3 Տ.Կ. – Սեւը դու ես: Հա, ձայն ես լսել, որովհետեւ գիշերը ես երգում էի:

Ռ.Ք. – Տիգրան Կարապետիչ, Ձեզ առաջին նախազգուշացումն եմ անում, որովհետեւ ես Ձեզ դեռ ձայն չէի տվել: Իսկ հիմա կարող եք խոսել:

N3 Տ.Կ. – Ես կարմիր եմ, որովհետեւ ժողովրդի միջից եմ: Ու ոչ մեկին էլ չեմ հավատում: Ինձ համար բոլորն էլ սեւ են: Մենակ ես եմ կարմիր: Համ էլ Շերիֆը թող Րաֆֆիին ստուգի: Էդ ո՞նց եղավ, որ ինքը ոչ մեկին տելեվիզոր չէր տվել, բայց մտավ պառլամենտ, իսկ ես` ոչ: Ինքը հաստատ սեւ ա: Ես դնում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի թեկանածությունը, եկեք նրան խաղից հանենք:

Ռ.Ք. – Թեկնածությունն ընդունված է: Համար չորս` Վահան Հովհաննիսյան:

N4 Վ.Հ. – Ես չեմ կարող սեւ լինել: Հասկանում եք, չէ՞, որ ես կարմիր եմ էն գլխից, քանի որ դաշնակցական եմ: Հըլը մեր դրոշին նայեք: Ես ո՞նց կարող եմ սեւ լինել: Հետո՞ ինչ, որ հրացանս չէի հայտարարագրել: Հետո՞ ինչ, որ ատրճանակի վրա եմ երդվել: Մեկ ա` կարմիր եմ:

Ռ.Ք. – Վահան Հովհաննիսյան, Ձեզ մնացել է երկու ամիս: Կներեք, տասը վայրկյան:

N4 Վ.Հ. – Շերիֆին կոչ եմ անում՝ «նա վսյակի» ստուգի Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Ռ.Ք. – Խոսքը տրվում է համար հինգին` Արման Մելիքյանին:

N5 Ա.Մ. – Ճիշտն ասած, ես նոր խաղացող եմ: Առայժմ կուզենայի բոլորին լսել: Որովհետեւ նախկինում ես ուրիշների հետ եմ խաղացել: Այնտեղ ամեն ինչ ավելի պարզ էր: Այստեղ փորձառու խաղացողները շատ են, եւ չի բացառվում, որ սեւերը «մուտիլովկա» անեն: Առայժմ՝ այսքանը:

Ռ.Ք. – Խոսքը տրվում է համար վեցին` Լեւոն Տեր-Պետրոսյանին:

N6 Լ.Տ-Պ. – Դիմում եմ իմ կարմիր ընկերներին: Ճիշտ է, ես անցյալ խաղում սեւ էի: Բայց հիմա կարմիր եմ: Կոչ եմ անում՝ կարմիրներով միանանք, որպեսզի չպարտվենք: Պարոն Հովհաննիսյան, պետք չէ այդքան նյարդայնանալ: Ոչ ոք չի ասում, որ Դուք սեւ եք: Ես կասկածներ ունեմ, բայց առայժմ ձեռնպահ կմնամ եւ ոչ մեկի թեկնածությունը չեմ դնի: Չնայած թող Շերիֆն ամեն դեպքում ստուգի Սերժ Սարգսյանին:

Ռ.Ք. – Խոսքը տրվում է համար յոթին` Արտաշես Գեղամյանին:

N7 Ա.Գ. – Ընդունեք Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Ինքը սեւ ա: Ես հաստատ գիտեմ, ինքը միշտ էլ սեւ ա եղել: Հենց աչքերս փակեցի` միանգամից մութ եղավ: Դրա համար ինքը սեւ ա: Հենց աչքերս բացեցի` սրճարանի օֆիցիանտն ինձ ասաց, որ ինքը սեւ ա: Ինքը պետք ա հեռանա խաղից, թե չէ` կարմիրները կպարտվեն: Եկեք օր առաջ ազատվենք նրանից: Ես բոլոր կարմիրներին կոչ եմ անում խաղից հեռացնել Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Ռ.Ք. – Արտաշ, այնքան արագ ես խոսում, որ չհասցրեցի տասը վայրկյանի մասին զգուշացնեմ: Խոսքը տրվում է համար ութին` Սերժ Սարգսյանին:

N8 Ս.Ս. – Անկեղծ ասած` գլուխս ցավաց: Ամբողջ գիշեր համար յոթի կողմից անընդհատ դհոլի ձայն էր գալիս: Բայց ամեն դեպքում կոչ եմ անում, որ կարմիրները իրար «չուտեն», այլ փորձեն խաղալ համախմբված: Համարյա բոլորի հետ էլ վաղուց եմ խաղում: Այնպես որ, բոլորին էլ շատ լավ գիտեմ: Եվ գիտեմ, թե ո՞վ կարող է կարմիր լինել, ո՞վ` սեւ: Ես դեռ կսպասեմ: Հատկապես, որ արդեն երկու թեկնածություն դրված է:

Ռ.Ք. – Խոսքը տրվում է համար ինին` Արամ Հարությունյանին:

N9 Ա.Հ. – Ճիշտ ասած, ես այս խաղը դեռ լավ չեմ հասկացել, բայց հաստատ գիտեմ, որ կարտը քաշեցի՝ կարմիր գույնի էր: Ի՞նչ ասեմ. եթե ուզում եք, որ ես դուրս գամ, ես դուրս կգամ: Բայց իմացեք, որ կարմիրի եք հանելու:

Ռ.Ք. – Խոսքը տրվում է համար տասին` Րաֆֆի Հովհաննիսյանին:

N10 Ր.Հ. – Պարոն վարող, քանի որ ես նստած եմ տասը համարի տակ, խնդրում եմ Ձեզ՝ տալ ինձ տասը տարվա քաղաքացիություն: Եթե չտաք, ուրեմն սեւ եք:

N3 Տ.Կ. – Բա որ ասում եմ՝ սեւ ա, չեք հավատում: Ինքը ամերիկացի սեւ ա: Նեգր ա: Որովհետեւ ասում ա, որ պարոն Քոչարյանը սեւ ա: Ո՞նց կարող ա պարոն Քոչարյանը սեւ լինի: Ինքը վարողն ա: Խաբում ա, ուրեմն սեւ ա: Հի, հի, հի…

Ռ.Ք. – Տիգրան Կարապետիչ, արդեն Ձեր երկրորդ նախազգուշացումն է: Երրորդի դեպքում` եթերդ կանջատեմ:

N10 Ր.Հ. – Կարապետիչ, տեր ե՞ս խոսքերիդ: Պարոն վարող, ես իմ թեկնածությունը ինտերնետով` մեյլով կդնեմ:

Ռ.Ք. – Եվ այսպես, առաջին օրվա արդյունքներով ունենք երկու թեկնածություն` Րաֆֆի Հովհաննիսյան եւ Լեւոն Տեր-Պետրոսյան: Ո՞վ է կողմ, որ խաղը լքի Րաֆֆի Հովհաննիսյանը: 6 ձայն: Լեւոն Տեր-Պետրոսյանին հեռացնելու օգտին քվեարկել է չորս հոգի: Ձայների մեծամասնությամբ խաղը լքում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Պարոն Հովհաննիսյան, Ձեր վերջին խոսքը:

N10 Ր.Հ. – Ես բան չունեմ ասելու: Ավելի լավ է՝ ես 22 հարց ուղղեմ մնացած բոլոր թեկնածուներին, որից հետո ինձ պարզ կլինի, թե ո՞վ է կարմիր:

Ռ.Ք. – Պարոն Հովհաննիսյան, ազատեք դահլիճը, դուք խաղից դուրս եկաք: Իսկ մեզ մոտ գիշեր է, եւ մաֆիան դուրս է գալիս որսի: Գիշեր:

շարունակելի